Ստորագրահավաք մարզպետի «զեմլյակի» դեմ. Նոր Գեղիում կրքերը թեժանում են

Ստորագրահավաք մարզպետի «զեմլյակի» դեմ. Նոր Գեղիում կրքերը թեժանում են
Օգոստոսի 31-ին Նոր Գեղի համայնքի ղեկավար Ֆրոնտիկ Թևոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել համայնքի ավագանուն: Հիշեցնենք, որ Ֆրոնտիկ Թևոսյանը այս համայնքը ղեկավարում էր 1986 թվականից, եւ աշխատած 32 տարիների ընթացքում նա հասցրել է աչքի ընկնել սկանդալային պատմություններով: Գյուղապետն իր անունով է անվանակոչել գյուղի երաժշտական դպրոցն ու կենտրոնական փողոցներից մեկը։ Վերջերս էլ՝ որոշել է գյուղի անունը փոխել՝ Նոր Գեղին դարձնել Նոր Քղի:



Սեպտեմբերի 5-ին Նոր Գեղի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվում Վարդան Պապյանը, ով ըստ տեղացիների՝ մարզպետի համագյուղացին է: Նոր պաշտոնակատարի նշանակումից հետո գյուղում իրավիճակը լարվում է: Օրեր առաջ գյուղացիները փակել էին գյուղապետարանի շենքը եւ չէին թողնում աշխատակիցներին եւ ժամանակավոր պաշտոնակատարին ներս մտնել: Նրանք պահանջում էին Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին, որպեսզի բացատրի, թե ինչու է ընտրությունների օրը հետաձգվել. «Համայնքի ղեկավարի պաշտոնակատարին ներկայացնելիս, բոլորի ներկայությամբ մարզպետը հայտարարեց, որ պետք է ամսի 21-ին լինի ընտրություն: Պահանջում ենք, որ մարզպետը բացատրի, թե ինչո՞ւ մյուս համայնքներում ընտրությունները հոկտեմբերի 21-ին են, մեզ մոտ՝ փետրվարին: Թող մարդիկ թեկնածություն դնեն, ով կանցնի, թող անցի, ոչ թե վերեւից դնեն մեր գլխին, ասեն՝ էսա ձեր գյուղապետը: Նախկինի արատավոր երեւույթները շարունակվում են՝ քավոր, սանիկ, գյուղացի, բարեկամ, մենք դա չենք ուզում: ՀՀԿ-ից դուրս եկանք, ընկանք ՀՀԿ-ի ջեբը: Չի բացառվում, որ մի օր էլ դպրոցի տնօրեն կազատեն, որ իրենց բարեկամին տեղավորեն: Հիմա գյուղում ստորագրահավաք ենք անում, որ մեր ուզած մարդը լինի ժամանակավոր պաշտոնակատարը՝ Աշոտ Գրիգորյանը, մինչեւ ընտրություն լինի»,-ասում էին գյուղացիները:



Գյուղացիների բողոքից հետ մարզպետը հանդիպել է նրանց, եւ ասել, եթե գյուղացիների մեծամասնությունը ստորագրահավաք անի, ինքը կփոխի իր որոշումը, եւ համայնքի ժամանակավոր պաշտանակատար կնշանակվի այն մարդը, ում գյուղացիներ են ցանկանում: Ֆրոնտիկ Թևոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ առողջական խնդիրների պատճառով է հրաժարականի դիմում գրել. «Տարիքս է, առողջական խնդիրներ ունեմ դրանից էլ հրաժարական տվեցի: Նոր Գեղիի ժամանակավոր պաշտոնակատարը մարզպետի համագյուղացին է, գյուղում է ապրում: Ես, ամեն բան հաշվի առնելով, հրաժարականի դիմումը շուտ գրեցի, որ ընտրությունները լիներ հոկտեմբերի 21-ին: Մտածեցի՝ 2 ամիս թող պաշտոնավարի, հետո արդար ընտրություններ լիեն: Իմ կարծքով հրաժարականիս դիմումը ուշ են ուղարկել, եւ ընտրությունների ժամկետը փոխվել է փետրվարին: Դրա համար էլ գյուղացիները բունտ են անում, չէին թողնում, որ ժամանակավոր պաշտոնակատարը գյուղապետարան մտնի: Այս պահին հանգիստ է գյուղում իրավիճակը, սկսել են ստորագրահավաք նոր ժամանկավոր պաշտոնակատարի դեմ»,-ասաց նախկին գյուղապետը: Փորձեցինք նաեւ զրուցել Վարդան Պապյանի հետ, սակայն ժամանակավոր պաշտոնակատարը ժամանակ չուներ մեզ հետ խոսելու: Խնդեցինք, որ պատասխանի, թե ինչո՞ւ համայնքում իրեն չընդունեցին. «Ով ասաց, որ չեն ընդունել: Ներեցեք, ես խորհրդակցության եմ»,-եղավ պատասխանը:



Նոր Գեղիի բնակիչ Աշոտ Գրիգորյանը, ում գյուղացիները ուզում են տեսնել, որպես համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, մեզ հետ զրույցում ասաց հետեւյալը. «Այս պահին մեզ մոտ կա համայնքի բնակչության մեծամասնության ստորագրությունները: Մենք չենք ցանկանում, որ քաղաքական ուժ փորձի որեւէ ներգրավածություն ունենա այս խնդրին: Սա համարում ենք մեր համայնքի խնդիրը: Մարզպետը եկել է մեզ հետ խոսել է, մեզ տարբերակ է առաջարկել, մենք էդ տարբերակով փորձել ենք ստորագրություններ հավաքել: Դեռեւս չենք ներկայացրել մարզպետարան: Կներկայացնենք, պատասխանը կստանանք ըստ դրա արդեն հրապարակումներ կանենք»: