Աշոտ Մելիքյանը չի շտապում գնահատական հնչեցնել

Աշոտ Մելիքյանը չի շտապում գնահատական հնչեցնել
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը չի շտապում գնահատական հնչեցնել այսօրվա խուզարկությանը, որ իրականացրեցին Քննչական կոմիտեի և ոստիկանության աշխատակիցները Yerevan.today լրատվական կայքի խմբագրությունում։









«Սա այն իրավիճակն է, ըստ իս, երբ լրատվամիջոցներն իրենց գործը պետք է անեն, իսկ իրավապահ մարմինները՝ իրենց գործը։ Իսկապես, եթե մենք անդրադառնանք լրատվամիջոցների լուսաբանումներին, ապա պետք է ասենք, որ ցանկացած ԶԼՄ, որի ձեռքն ընկներ այդպիսի նյութ, խոսքը գաղտնալսման մասին է, իսկ դա սենսացիոն նյութ էր, բնականաբար, կհրապարակեր։ Իսկ դա լրատվամիջոցի սուրբ պարտականությունն է այդպիսի կարևորագույն իրադարձության մասին տեղեկացնել հասարակությանը»,-**Hraparak.am**-ի հետ զրույցում ասաց Մելիքյանը։









Նրա համար, սակայն, ընկալելի են նաև իրավապահ մարմինների գործողություններն այն առումով, որ սա շատ արտառոց երևույթ է, երբ գատղնալսվում է ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի խոսակցությունը։ Սա այնպիսի բան է, որ, ըստ Մելիքյանի, պետությունն ուղղակի պարտավոր է մինչև վերջ հետաքննել․ «Եվ եթե որևէ փաստարկ ունի, թե ինչու պիտի խուզարկություն իրականացնի լրատվամիջոցի խմբագրությունում, իհարկե, պետք է անցկացնի, որովհետև սա իսկապես պետության անվտանգության հարց է»,-ասաց ԽԱՊԿ նախագահը։









Իսկ սա, անկախ իրավապահների հիմնավորումներից, արդյոք ճնշում չէ՞ կոնկրետ լրատվամիջոցի և լրատվամիջոցների վրա, առհասրակ, պարոն Մելիքյանը վաղ համարեց նման գնահատականներ տալ, քանի որ առայժմ այդ գործընթացն իր տրամաբանական ավարտին չի հասել, և միայն դրանից հետո կերևա՝ արդյոք դրանով ճնշո՞ւմ է գործադրվել լրատվամիջոցի վրա, թե՞ ոչ։









«Որովհետև մեծ հաշվով այդ մարմինները չեն ասել, թե ինչու եք հրապարակել կամ այլևս չհրապարակեք, կարծես թե այդպիսի արգելքներ դեռ չկան։ Մյուս կողմից, մենք չունենք այն հիմնավորումները, որոնք որ հիմք են հանդիսացել այդ գործողությունները կատարելու համար։ Տեսնենք, թե ում հիմնավորումներն ավելի շատ կլինեն, բայց կարծում եմ՝ էստեղ նաև դեր է խաղացել այն, որ Yerevan.today-ն արդեն կապվում է Ռոբերտ Քոչարյանի անվան հետ, կարծում եմ՝ էստեղ նաև քաղաքական ենթատեքստ կա»,-ասաց Մելիքյանը։









Իսկ այդ քաղաքական ենթատետքստի առկայությունը արդեն իսկ լրատվամիջոցի նկատմամբ հետապնդման կամ ճնշման փո՞րձ չէ, երբ այս կամ այն գործչի անվան հետ կապվելու ենթատեքստով մտնում խուզարկություն են իրականացնում՝ անկախ իրավական հիմնավորումներից։









«Կարծում եմ, որ այստեղ ոչ թե քաղաքական գործչի անվան հետ է կապված, այլ նրա քաղաքական քայլերի հետ կարող է կապված լինել։ Կարծում եմ, որ էդպիսի վարկած կարող է լինել, որ քաղաքական նկատառումներով իրականացվել է գործողություն, խոսքը գաղտնալսման մասին է, որը որ քրեորեն հետապնդելի է»,-ասաց մեր զրուցակիցը։











Նկատեցինք, որ նախկինում էլ են նման երևույթներ եղել, և հենց Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին, երբ «Հայկական ժամանակի» խմբագրություն էին մտել ու առգրավել համակարգիչները։ Եվ մամուլը միասնաբար, նաև լրագրողական կազմակերպությունները կոշտ հայտարարություններ էին տարածում և դատապարտում այդ երևույթը՝ գնահատելով որպես ճնշում մամուլի նկատմամբ։ Հիմա ինչո՞ւ չեն կարողանում հստակ գնահատական տալ։









Մելիքյանը հիշեցրեց, որ միայն ՀԺ-ի մասով չի եղել նման երևույթ, և թվարկեց՝ Քոչարյանի օրոք էր, որ քաղաքական նկատառումներով ենթերազրկվեց «Ա1+»-ը, նրա օրոք էր, որ 2008-ի Մարտի 1-14-ը փաստացի գրաքննություն մտավ ամբողջ ընդդիմադիր մամուլի նկատմամբ։ «Իհարկե, Դուք շատ ճիշտ եք հիշում, մենք շատ ակտիվ էինք և նախաձեռնողի դերում էինք հայտարարություններ ընդունելու առումով։ Նույնը եղել է Սերժ Սարգսյանի օորք, նույնը եղել է և Լևոն տեր-Պետրոսյանի օրոք»,-ասաց նա։









Իսկ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանի օրոք էլ նույնը չի լինում, Մելիքյանն ասաց, որ նրա օրոք էլ իրենց կարծքին են արտահատել, երբ Փաշինյանը լրատվամիջոցների մասին հայտարարում է, թե հակապետական քարոզչություն են իրականացնում, ինքն անձամբ իր հայտարարությունն է տարածել։ «Բայց էստեղ շատ կարևոր է, որ լրատվամիջոցները, և մանավանդ լրագրողական կազմակերպությունները չօգտագործվեն պարտված ռեժիմի կողմից քաղաքական նկատառումներով»,-ասաց Մելիքյանը՝ այս իրավիճակում չշտապելով որևէ գնահատական հնչեցնել այսօրվա խուզարկության մասով։ Նա կարծում է, որ չարժե իրադարձությւոններից առաջ ընկնել․ սպասեն, թող իրավապահներն իրենց հիմանվորումները ներկայացնեն։















**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**