Մարալիկցիները կասկածո՞ւմ են մարզպետին. բնակիչները 15 օր է՝ դրսում են գիշերում

Մարալիկցիները կասկածո՞ւմ են մարզպետին. բնակիչները 15 օր է՝ դրսում են գիշերում
Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի Մարալիկ քաղաքի բնակիչները հանգիստը կորցրել են: Բանն այն է, որ նրանց խոսքերով հեղափոխություն ասվածը շրջանցեց իրենց՝ համայնքում ոչինչ չի փոխվել, իսկ ՀՀԿ-ական համայնքապետ Արտակ Գևորգյանն այնպես է կառչել աթոռից ու խլացել, որ անգամ չի լսում իրենց բղավոցները՝ Արտակ, հեռացի՛ր:



Անի խոշորացված համայնքի համայնքապետի հրաժարականը պահանջող բնակիչները 15 օրից ավել է՝ նստացույց են անում, վրաններ են տեղադրել եւ գիշերում են դրսում: «15 օրից ավել է էստեղ կքնենք, մե անգամ Արտակ Գևորգյանը չբարեհաճեց գալ, մտնել մեր մեջ ու հլը փորձեր համաձայնության գալ, հասկընար գոնե, թե ինչ կուզենք»,-ասաց բնակիչներից մեկը: Թեև Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը հանդիպել է բողոքավորներին, զրուցել նրանց հետ, նստացույցի մասնակիցներին հորդորել է զերծ մնալ անօրինական քայլերից, ճանապարհներ չփակել, չոտնահարել այլոց իրավունքները, այնուամենայնիվ, բնակիչներին դեռևս ոչ մի առաջարկ չի բավարարում: «Ինձ համար տարօրինակ է հենց մարզպետի պահվածքը: Ցանկացած պահի նա կարող էր ստուգումներ անցկացնել համայնքում, համոզվել, թե ինչ անօրինականություններ է արել Գևորգյան Արտակը, ուրիշ ժամանակ դատախազին գրություն է ուղարկում ամեն եղած-չեղած բանի համար, ասենք՝ էս հիվանդանոցում, դպրոցում էս տեսակ չարաշահում է եղել, բա էս մեծ համայնքը չի տեսնո՞ւմ: Ինձ մոտ այն տպավորությունն է, թե նախկին ռեժիմը վերարտադրվել է»,-վրդովված ասաց մեկ այլ բնակիչ:



Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանն էլ hraparak.am-ին պարզաբանեց.«ՏԻՄ մարմիններն ընտրովի են, անկախ, ես բնակիչներին ասել եմ, եթե անգամ դուք դժգոհում եք, ես լսում եմ, ընդունում, ի պաշտոնե ոչինչ չեմ կարողանալու անել»: Անդրադառնալով համայնքում իրականացվող ստուգումներին եւ հնարավոր խախտումները բացահայտելուն՝ նշեց. «Վարչական, իրավական մասով ստուգումներ անցկացրել ենք, որոշակի խախտումներ բացահայտվել են, ուղարկել ենք տարածքային զարգացման կառավարման նախարարություն, որպեսզի զբաղվեն: Մեր լծակներն այնքան մեծ չէ, որ ֆինանսական, գնումների մասով ստուգումներ անենք, իսկ մնացած մասով կառավարություն ը կզբաղվի: Միայն մի բան կասեմ՝ նոր Հայաստանում չպետք է լինի մի պաշտոնյա, որ իր ժողովրդից վախենա, չմտնի նրանց մեջ ու լսի նրանց, ինչը հենց Անիի համայնքապետն է անում, նա ժողովրդին մոտենալու փոխարեն մի բան էլ հակառակն է անում, այդպիսի պաշտոնյա չպետք է ունենանք»,-եզրափակեց մարզպետը:



Հիշեցնենք, որ արդեն մի քանի ամիս է Մարալիկում կրքերը չեն հանդարտվում: ԲՆակիչները նախ հավաքվեցին քաղաքապետարանի շենքի առջև, հետո անցան նստացույցի: Եղան նաև բախումներ քաղաքապետի կողմակիցների եւ նրա հրաժարականը պահանջողների միջև:



**Արևիկ Հակոբյան**