Ինչպես 100 տարի առաջ հայ բոլշևիկներն աշխատում են կայսերական անցեղ ու անհայրենիք ստրուկների տեսակ ստեղծելու ուղղությամբ

Ինչպես 100 տարի առաջ հայ բոլշևիկներն աշխատում են կայսերական անցեղ ու անհայրենիք ստրուկների տեսակ ստեղծելու ուղղությամբ
Ես բազմիցս նշել եմ, որ կոսմոպոլիտիզմը կեղծ կատեգորիա է. այդ գաղափարախոսությունը ստեղծվել է կայսրությունների կողմից սեփական համահարթեցնող մամլիչի տակ կայսերահպատակ անցեղ ու անհայրենիք մարդու (дворняшка) տեսակ ստեղծելու նպատակով (բայց այնուամենայնիվ տարբեր կայսրություններ տարբեր տեսակներ են ստեղծել, որոնք նույնպես մեկը մյուսի նկատմամբ անտագոնիզմ են): Մենք ամենակարևորը պիտի հասկանանք, որ մարդիկ ՊԱՐՏԱԴԻՐ կերպով տեսակների են բաժանվում` ելնելով լեզվական ու մշակութային այլևայլ տարբերություններից ու անգամ տնտեսական կորպորատիվ շահերից:



Ինչևէ, ինչու՞ եմ այս ամենի մասին գրում, բանն այն է, որ մեզանում բազմացել է կիսագրագետ քաղքենիների մի տեսակ, հատկապես ջահելների մեջ, որոնք իրենց աղքատիկ հոգեկերտվածքին համահունչ, կապկելով որոշ օտար պոստմոդեռնիստական կայսերապաշտական պրոպագանդիստների` սիրում են ապազգայնություն քարոզել, այն համարելով նոր ժամանակներին համահունչ իդեոլոգիա (հիշենք, որ նույն կեցվածքն ունեին հայ բոլշևիկները առաջին հանրապետության ու դրան հաջորդող տարիներին, որի արդյունքում մենք կորցրեցինք մեր հայրենիքի մեծ մասը ու մեր ազգը այնպիսի տառապանքների մեջով անցավ, որի հետևանքներն առ այսօր չենք հաղթահարել, ու չենք էլ հաղթահարի, քանի որ, ի դեմս նորօրյա այս բոլշևիկների, մենք այսօր նորից նույն ջարդած տաշտակի արջև ենք կանգնել):



Մեր այդ երիտքաղքենիների սերունդն այնքան է հետ ընկել ամեն ինչից, որ նույնիսկ տեղյակ էլ չի, որ օրինակ Եվրոպայում (որին հաճախ հղում են անում) այդ իրենց պաշտելի կոսմոպոլիտիզմի վրա հիմնված ձախ կամ ուլտրա լիբերալիզմը (փսևդոլիբերալիզմ) արդեն անցյալում է մնացել, ու այնտեղ աջ ուժերը կամաց կամաց նորից սեփական տեսակը պահպանելու իդեոլոգիան տրենդ են դարձնում, քանի որ Աֆրիկայից ու ասիական շատ երկրներից Եվրոպայում մասսայաբար բնակություն հաստատող մահմեդականներն օգնեցին նրանց հասկանալ, որ եթե ոչ իրենք, ապա իրենց երեխաները կարող են դառնալ ազգային փոքրամասնություն ապագա մահմեդական Եվրոպայում, ինչպես օրինակ ժամանակին ղպտիները դարձան փոքրամասնություն սեփական երկրում` Եգիպտոսում: Կարճ ասած կոսմոպոլիտիզմդ ավարտվում է այնտեղ, որտեղ որ սեփական արժեհամակարգ ու կենսակերպ պարտադրողից վերածվում ես այլ արժեհամակարգ ու կենսակերպ պարտադրաբար ընդունողի, այդ ժամանակ մոռանում ես ապազգայնությունը դրոշակ դարձնող բոլոր զառանցանքները և սկսում ես պայքարել սեփական տեսակը փրկելու համար:



Հենց սա է տեղի ունենում նախկին կայսերական ու կոսմոպոլիտ Եվրոպայում. արևմտաեվրոպական երկրներն արդեն նախկին կայսրությունները չեն ու կոսմոպոլիտիզմը գնալով կնահանջի այդ երկրներում` իր տեղը զիջելով սեփական ազգային ինդենտիֆիկացիան պաշտպանելու գաղափարախոսություններով: Ելնելով այս ամենից, մեր երիտկոսմոպոլիտ քաղքենիներին խորհուրդ կտամ վերջ տալ հիմարություններ քարոզելուն. մենք եվրոպական տրենդի մեջ ենք ու Եվրոպայում օբյեկտիվորեն ապազգայնությունը գնալով ավելի ու ավելի է նահանջելու: Այլ բան է, եթե մեր այս նորօրյա կոսմոպոլիտ-բոլշևիկները պատվերով աշխատում են պուտինյան ԵԱՏՄ կոչվող կայսերական պրոյեկտի համար, որը ստեղծում է ռուսախոս կայսերահպատակ դեբիլների մի տեսակ, որոնք կատարյալ ստրուկ լինելոց բացի ուրիշ ոչինչ իրենցից չպիտի ներկայացնեն:



Եթե այդպես է, ուրեմն պատմությունը կրկնվում է, ինչպես որ 100 տարի առաջ հայ բոլշևիկները պատվերով աշխատում էին Մոսկվայի կողմից այն ժամանակ նախաձեռնված կայսերական անցեղ ու անհայրենիք ստրուկների տեսակ (սովետական ժողովուրդ) ստեղծելու ուղղությամբ, հիմա էլ նույն բանը անում են մեր երիտկոսմոպոլիտները, որոնք մարդկանց ուղեղների մեջ մտցնում են այնպիսի կեղծ գաղափարներ, համաձայն որի մեր տեսակը պահպանելու ուղղությամբ նախանձախնդիր լինելը հետամնացություն է, և որ մենք սպառողի հոգեբանություն կերտող արժեհամակարգից զատ, ուրիշ ոչ մի արժեհամակարգ չպիտի ընդունենք (այսինքն մենք չպիտի ունենանք էլիտա և դադարենք ինքնաբավ ազգ լինելուց, որի հետևանքով կուծացվենք ու արդյունքում կդադարենք գոյություն ունենալուց): Մերօրյա այս հողատուները նույն բանն են անում, ինչ որ անում էին 100 տարի առաջ հայ բոլշևիկ-դավաճանները, որոնք քարոզում էին, որ համաշխարհային հեղափոխությունը կհաղթի ու չեն լինի սահմաններ և տարբեր ազգություններ, որ բոլորը կապրեն անհոգ կյանքով գալիք կոմունիզմի դարաշրջանում, այնպես որ պետք չի Կարսի, Իգդիրի և Արդահանի համար պայքարել, պետք չի Նախիջևանի ու Ղարաբաղի համար պայքարել, որ նացիոնալիզմը պիտի արմատախիլ արվի մեր ուղեղներից և ինտերնացիոնալիզմը (կոսմոպոլիտիզմի տարատեսակ) պիտի հաղթանակի, ու էլի լիքը այսպիսի հիմարություններ:



**Թորոս Ալեքսանյան**