Հայաստանում աշխատելու են գալիս Հնդկաստանի, Իրանի, Ուկրաինայի, Ֆիլիպինների քաղաքացիները

Հայաստանում աշխատելու են գալիս Հնդկաստանի, Իրանի, Ուկրաինայի, Ֆիլիպինների քաղաքացիները

Երեկ Նյու Յորքում Հայաստանի վարչապետը բողոքեց սեփական երկրի քաղաքացիներից՝ ասելով, որ «Ձյունիկ» սառնարանում բռնկված հրդեհի ու դրա հետեւանքով հարյուրավոր տոննա փչացած մսամթերքը սառնարանից դուրս հանելու խնդրին բախվելով՝ պատրաստ են եղել ՀՀ քաղաքացիներին վճարել օրական 5 կամ 10 հազար դրամ, բայց ՀՀ-ում մարդ չի գտնվել, որ գա այդ աշխատանքն անի, ի վերջո՝ դա արել են Հնդկաստանի քաղաքացիները։

Այլ հարց է, թե ինչու է «ազատ եւ երջանիկ Հայաստանում ապրող» քաղաքացիների, նաեւ ժողովրդավարության բաստիոն (հեղինակային իրավունքը, ճիշտ է՝ Փաշինյանինը չէ, բայց նրա քաղաքական թիմի 2-րդ դեմքինն է՝ Արարատ Միրզոյանինը) երկրի վարչապետը համեմատում իր քաղաքացիների ու աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկի՝ Հնդկաստանի քաղաքացիների կենսամակարդակները (պետական սեկտորում նրանք ստանում են մոտ 76 դոլար աշխատավարձ, մասնավորում՝ 100-120)։ Բայց չէր խանգարի հասկանալ, թե, ի վերջո, քանի պետության եւ որ պետություններից են օտարերկրացիներ ժամանում Հայաստան ու ապրում կացության կարգավիճակով։

ՀՀ անձագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը միայն 2 երկրի՝ Հնդկաստանի ու Չինաստանի  քաղաքացիների մասով ներկայացրեց տվյալներ (առավել շատ երկրների մասով տվյալների հավաքագրումը ժամանակատար է), Հայաստանում կացության իրավունքով աշխատող քաղաքացիների վերաբերյալ տվյալներն էլ երեք տարվա կտրվածքով են՝ 2017-2018-2019 թթ․։ Ըստ այդմ, 2017-ին Հայաստանում կացության ժամանակավոր իրավունք ստանալու համար դիմել է Հնդկաստանի 1363 քաղաքացի, որոնցից նման իրավունք է ստացել 909-ը, 2018-ին՝ Հնդկաստանի 3 հազար 382 քաղաքացի, թույլտվություն ստացել է 1838-ը, 2019-ի 9 ամիսներին (մինչեւ սեպտեմբերի 20-ը)՝ Հնդկաստանի 1151 քաղաքացի, թույլտվություն է ստացել 608-ը։
Չինաստանից 2017-ին Հայաստան պետությանը դիմել է 321 քաղաքացի, ժամանակավոր բնակության իրավունք է ստացել 306-ը։ 2018-ին դիմել է 315-ը, ստացել է 283-ը, իսկ 2019-ի 9 ամիսների ընթացքում դիմել է 140 հոգի, ստացել՝ 158-ը։

Հիշեցնենք, որ ժամանակավոր կացության կարգավիճակը տրվում է յուրաքանչյուր օտարերկրացու, եթե նա հիմնավորում է, որ գոյություն ունեն Հայաստանի Հանրապետության տարածքում 1 տարի եւ ավելի ժամկետով իր բնակվելը հիմնավորող հանգամանքներ: Այդպիսի հանգամանքներ կարող են լինել ուսումը, աշխատանքի թույլտվության առկայությունը, ՀՀ-ում ժամանակավոր կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացու ամուսինը, ծնողը կամ զավակը լինելը, ՀՀ-ում քաղաքացու կամ ՀՀ-ում մշտական կամ հատուկ կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացու ամուսինը կամ մերձավոր ազգականը (ծնող, զավակ, եղբայր, քույր, տատ, պապ, թոռ) լինելը, ՀՀ-ում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը, ազգությամբ հայ լինելը, օրենքով սահմանված այլ դեպքեր:

Ժամանակավոր կացության կարգավիճակը տրվում է մինչեւ 1 տարի ժամկետով՝ յուրաքանչյուր անգամ 1 տարով երկարաձգելու հնարավորությամբ: Մնացական Բիչախչյանին հարցրինք․ շատ դեպքերում դիմածների մոտ մեկ երրորդին մերժում են, ի՞նչ պատճառով։ Նա ասաց․ «ԱԱԾ-ից ստանում ենք բացասական եզրակացություն՝ մերժում ենք»։

Արդյոք աշխատո՞ւմ են օտարերկրացիները Հայաստանում, եւ արդյոք Հայաստանում աշխատանքային միգրացիայի պատկեր կա՞։ Երեկ արդեն իսկ անդրադարձել էինք, որ Հայաստանում սովորող հնդիկ ուսանողներին հայ գյուղացիներն ամիսը 100 դոլարով կանչում են առավոտից իրիկուն բերքահավաք անելու, գիշերակացն ու սնունդն էլ աշխատանք առաջարկողների վրա է։ Եվ նրանք հաճույքով համաձայնում են։ Նախկինում էլ Երեւանի փողոցները Պակիստանի քաղաքացիներն էին մաքրում։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալությունից մեզ հաղորդեցին, որ Հայաստանում աշխատելու համար դիմող օտարերկրյա քաղաքացիների շրջանում հիմնականում գերակշռում են Հնդկաստանի, Իրանի, Ուկրաինայի, Ֆիլիպինների եւ, ուշադրություն՝ ԵՄ երկրների քաղաքացիները: 2019 թվականի առաջին կիսամյակում ՀՀ գործատուների կողմից ներկայացվել է շուրջ 1300 թափուր աշխատատեղի հայտ, եւ շուրջ 400 օտարերկրացու տրամադրվել է աշխատանքի թույլտվություն, մյուսների  փաստաթղթերը լրացման ընթացքում են: