Կփրկի՞ «կանգ առ»-ը Նիկոլին
Մինչ այս հարցին պատասխանելը եկեք հասկանանք՝ իսկ Նիկոլը կարո՞ղ է, առհասարակ, կանգ առնել: Ըստ իս՝ ոչ: Նրա արգելակման համակարգը շարքից դուրս է եկել, ավելի ճիշտ՝ շարքից դուրս են բերել եւ այնպես, որ նա չունենա կանգ առնելու նույնիսկ ամենափոքր շանս: Այս ամենը Նիկոլ-Հայաստան փոխկապակցվածության համատեքստում ինձ երեւում է մուլտիպլիկացիոն նկարաշարի տեսքով: Հայաստանը՝ մեքենան, սրընթաց առաջ է շարժվում: Ղեկին ոչ ոք չկա: Վարորդը՝ Նիկոլը, հարսանիքի հարսի պես նստած է ամենաառջեւում՝ կապոտի վրա: Այդ դիրքից հնարավոր չէ արգելակել: Միակ հույսն այն է, որ մեքենան բախվի որեւէ պատնեշի եւ կանգ առնի: Նման դեպքերում ամենահարմարը միշտ ծառն է: Իսկ հիմա, եթե դպրոցում մի քիչ ֆիզիկա եք անցել, պատկերացրեք, թե ինչ կկատարվի կապոտին նստած մարդու հետ, երբ մեքենան կտրուկ կանգ առնի: Այո, մարդը «non-stop» ռեժիմով կշարունակի ընթացքը մոտավորապես այն արագությամբ, որ մեքենան ուներ մինչեւ ծառին բախվելը:
Բայց, ենթադրեք՝ Փաշինյանին հաջողվի մի հրաշքով կանգնեցնել մեքենան: Ի՞նչ է անելու նա իր համար այդ անսովոր իրավիճակում: Շուրջը լիքը հպարտ քաղաքացիներ, որոնք չեն ուզում աշխատել օրը 15 հազար դրամով, պառակտված հասարակություն, հոգեվարք ապրող ծայրամասեր, քայքայված տնտեսություն, կոլապսի առաջ կանգնած դատական համակարգ, ըմբոստացած ուժային կառույցներ, ամենախոր անդունդում հայտնված կրթություն, գիտություն, մշակույթ, համատարած այլասերվածություն, երկու էշի գարի իրարից ջոկել չկարողացող խորհրդարան, ամեն տեղ ու ամեն ինչից ուշացող կառավարություն, ճաք տվող բանկային համակարգ, վատնումներ բոլոր ուղղություններով… Հարց չի՞ առաջանում՝ այս իրավիճակում Փաշինյանը կանգ առնի, որ ի՞նչ անի: Եվ, առհասարակ, ո՞ր ապուշը կանգ կառնի, երբ գիտի, թե ինչ վատ բաների հետ է առերեսվելու դրանից հետո:
Եթե մարդը մենակ չէ, այսինքն՝ ունի թիմ, համախոհներ, գործընկերներ, դեռ կարող է հույս ունենալ, որ իրեն կհաջողվի որեւէ բան փոխել, շտկել, տեղը գցել: Փաշինյանն այսօր հատուկենտ զոմբիներից բացի ոչինչ չունի: Նրա ունեցած-չունեցած «քաղաքական ներուժը» մեքենայի հետեւից քարշ եկող լաֆետի մեջ է եւ մեքենայի հետ, Փաշինյանն էլ՝ կապոտին նստած, սլանում է առաջ: Մի թերթ, ուրեմն, խորը վշտով գրել էր, որ Փաշինյանն Ամուլսարի հարցում մենակ է մնացել: Այդ ցավալի լուրն առնելուն պես սկսեցի ինքզինքս հանգստացնելու նպատակով պտռել համացանցը՝ հայտնաբերելու համար որեւէ ոլորտ, որեւէ հարց, որեւէ դրվագ, որտեղ Փաշինյանը մենակ չի մնացել: Ավաղ՝ չգտա:
Հասել եմ մինչեւ 2018թ. հոկտեմբերի 2-ը, ուսումնասիրել անպատճառ նույն թվականի դեկտեմբերի 9-ին արտահերթ ընտրություն կազմակերպելու Փաշինյանի մղումները, կառավարության կառուցվածքի խեղաթյուրումները, օրենսդրական օյինբազությունները, լսել ու վերալսել նրա արած բազմաթիվ, մեկը մյուսին հակասող, մեկը մյուսից տարօրինակ հայտարարությունները, ականատես եղել դատարանների վրա կազմակերպված գրոհին, իջեւանցիների նկատմամբ իրականացված ահաբեկչությանը, Մարտի 1-ի գործով խայտառակ դատավարությանը: Դեռ չեմ խոսում Փաշինյանի հնչեցրած սպառնալիքների մասին՝ ասֆալտին փռելու, պատերին ծեփելու, որոնք, ինչպես հետո պարզվեց, ծառայելու էին Հայաստանում պետական ռեկետ սանձազերծելու գործին: Ամերիկացիները, այդ թվում եւ այդ երկրի հայ քաղաքացիները հիմար չեն: Այսօր նրանք հետաքրքրվում է, թե ուր են գնում այն գումարները, որ հայրենի իշխանությունը խլում է նախկին ռեժիմի ներկայացուցիչներից՝ օլիգարխներից ու կոռումպացված չինովնիկներից: Նրանք չեն հասկանում, թե ինչ ասել է՝ գումարները վերադարձվում են բյուջե:
Հարցնում են՝ թուղթ, բարաթ կամ մի ուրիշ բան կա՞, որ կհաստատի այդ թեմայով Փաշինյանի արած որեւէ հայտարարություն: Դե որ բարաթ լիներ, ցույց կտային, էլի, չունեն, չկա նման բան, հանգիստ նստեք տեղներդ եւ հավատացեք այն ամենին, ինչ կասի Փաշինյանը: Բայց սա նորմալ չէ: Սահմանադրական դատարանի դեմ սկսված արշավանքը, Ամուլսարը եւ ստամբուլյան կոնվենցիան ընդամենը վերջին շտրիխներն են, որ ամբողջացնում են այս իշխանության թշվառությունը: Եվ, ուրեմն, ո՞ր հարցում է, որ Փաշինյանը մենակ չէ:
Հեշտ է ասելը՝ Նիկոլ, կանգ առ: Ասենք՝ կանգնեց… Իսկ դա կփրկի՞ նրան: Օ՛, ոչ, կհոշոտեն նրան: Եվ քարն առաջինը կվերցնեն նրան շարժման մեջ դնողները, թավշյա կոչված այս կլոունադայի միջոցով նրան իշխանության հասցրածները, վերջապես՝ լաֆետի մեջ լցված բիոմասսան, որ այս կարճ ժամանակամիջոցում հասցրել է առնել փողի ու պաշտոնի համը: Ես այստեղ համամիտ չեմ ԱԱԾ տնօրեն (ԱԱԾ տնօրենի նախկինը չի լինում) Արթուր Վանեցյանի կոչին՝ կանգ առ, Նիկոլ: Որ կանգնեց, պարոն Վանեցյան, Դուք պատասխան կտա՞ք այն ամենի համար, որ տեղի կունենա դրանից հետո: Ես այդպիսի պատասխանատվություն չէի ստանձնի:
Ո՞րն է ելքը: Թե վթարից հետո կապոտին նստած մարդն ում բանջարանոցում կհայտնվի, դա դեռ հարցի մի կողմն է միայն: Ափսոս է Հայաստանը՝ մեքենան, որ կարող է ջարդուփշուր լինել ծառին բախվելուց: Ընտրության առաջ ենք՝ կա՛մ մեքենան, կա՛մ արգելակներին ձեռնահասություն չունեցող վարորդը: Եթե այս իրավիճակից ելք չգտնենք, կկորցնենք երկուսն էլ: Առաջարկ է հնչել՝ վիրահատել եւ կապոտի վրա նստած մարդուն հեռացնել: Ես կյանքումս չեմ վստահել վիրաբույժներին, բայց, ինչպես տեսնում եք, բավականին «հեղափոխական» առաջարկ է սա: Մնում է միայն, որ վիրաբույժը կարողանա ընթացքից ցատկել մեքենայի կապոտին:
Այդուհանդերձ, ասենք՝ ցատկեց, ուռուցքն էլ բարեհաջող վիրահատեց, հետո՞: Մի՞թե կապոտի վրա մնացած վիրաբույժը կկարողանա արգելակել մեքենան: Հազիվ թե… Այսինքն, հենց բախվենք ծառին, նույն բանն է տեղի ունենալու՝ հա՛մ մեքենան է ջարդուփշուր լինելու, հա՛մ էլ վիրաբույժ ենք կորցնելու: Այս իրավիճակում ինձ համար շատ ավելի ընդունելի է Նիկոլի հարեւան անգրագետ Պողոսի առաջարկը, այն է՝ բոլորով կախվենք մեքենայի հետեւից եւ, ընթացքը դանդաղեցնելով, կանգնեցնենք: Բոլոր խելացի մտքերը ժողովրդի մեջ են ծնվում, ասեմ ձեզ: Պողոսի առաջարկը նաեւ քայլերի հերթականություն է ենթադրում: Ուրեմն, առաջին քայլով՝ համատեղ կանգնեցնում ենք ոչ թե վարորդին, այլ՝ մեքենան: Հետո պահանջում ենք, որ վարորդն իջնի կապոտից եւ զբաղեցնի իր տեղը: Եվ միայն երրորդ քայլով, երբ վարորդն ընտելացած կլինի իրականությանը, նրանից պահանջում ենք արտահերթ ընտրություններ: Չմոռանամ ասել նաեւ՝ այն պահից սկսած, երբ մեքենան արդեն կանգնած կլինի, մենք իրավունք չունենք կապոտի վրայից իջած վարորդին մեկ վայրկյան անգամ աչքաթող անելու:
Բանն այն է, որ նրա վարորդության շրջանում, ի թիվս այլ այլանդակությունների, հինգհազարամյա պատմություն ունեցող ազգիս մեջ գլուխ է բարձրացրել նաեւ մարդակերությունը: Աշխարհ տեսած Պողոսն ասում է՝ ականջները լավ պահեք, ականջները:
Կարծիքներ