Վրաստանի խորհրդարանի խոսնակը «զայրացած» է ԵԽ պատգամավորի վրա
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին բացատրություն է պահանջում Լիտվայի դեսպանատնից՝ Եվրախորհրդարանի պատգամավոր Պետրաս Աուշտրյավիչյուսի հայտարարությունների պատճառով։
«Մենք ականատես եղանք Վրաստանի ոստիկանության վրա՝ Եվրախորհրդարանի պատգամավորներից մեկի անմիջական հարձակմանը։ Նկատի ունեմ պարոն Աուշտրյավիչյուսին։ Այս անձը, բացի Եվրախորհրդարանի պատգամավոր լինելուց, նաև Լիտվայի իշխող կուսակցության անդամ է։ Բոլորին հիշեցնում եմ, որ ոստիկանության վրա հարձակումը հարձակում է պետության վրա. ...Լավ կլիներ, եթե Լիտվայի դեսպանատնից լսեինք համապատասխան բացատրություններ, թե ինչ է նշանակում վրացական ոստիկանության վրա այս հարձակումը»,- խորհրդարանի խոսնակին մեջբերում է «Նովոստի-Գրուզիա» պորտալը։
Պապուաշվիլին Եվրախորհրդարանի պատգամավորների նման հայտարարությունները համարել է «բռնության գաղափարական հրահրում»։
Հիշեցնենք, որ նախօրեին Եվրախորհրդարանը քննարկել է Վրաստանում ստեղծված իրավիճակը՝ կապված «օտարերկրյա գործակալների մասին» օրենք ընդունելու բազմակի փորձի հետ։ Բանավեճի ընթացքում Աուշտրյավիչյուսը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Վրաստանի հատուկ նշանակության ուժերի ղեկավար Զվիադ Խարազիշվիլիի և պարեկային ոստիկանության պետ Վաժա Սիրաձեի նկատմամբ։
Վրացական ընդդիմությունը նրանց պատասխանատու է համարում ապրիլի 16-17-ը Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ հանդես եկող ցուցարարներին ցրելու և ձերբակալելու մեջ։
Կարծիքներ