Ցմահ դատապարտյալի բաց նամակը ՀՀ նախագահին ու վարչապետին

Ցմահ դատապարտյալի բաց նամակը ՀՀ նախագահին ու վարչապետին
**Հայաստանի Հանրապետության Նախագահ պարոն Արմեն Սարգսյանին



Հայաստանի Հանրապետության Վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին**



**Բաց նամակ**



Մեծարգո պետական այրեր,



դիմում եմ Ձեզ՝ որպես մեր պետության անվտանգության, տարածքային ամբողջականության երաշխավորի, գերագույն գլխավոր հրամանատարի:



Դիմելուս հիմքն ամրագրված է ՀՀ Սահմանադրության երրորդ հոդվածով, որում ամրագրված է, որ մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքներն ու ազատությունները բարձրագույն արժեքներ են:



Պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան:



Պետությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք: 



Իսկ Սահմանադրության 55-րդ հոդվածն էլ իր հերթին սահմանում է ՀՀ Նախագահի լիազորությունները, որում, ի թիվս այլոց, նշված է ՀՀ Նախագահի՝ դատապարտյալներին ներում շնորհելու իրավունքը:



Պարոնայք,



1997 թվականի նոյեմբերի 7-ին ՀՀ նախկին Գերագույն դատարանի նախագահության վճռաբեկ ատյանը, քննելով թիվ 6501197 քրեական գործով իմ վճռաբեկ բողոքը, որոշել է ՀՀ նախկին Գերագույն դատարանի քրեական գործերով դատական կոլեգիայի 1997 թվականի հոկտեմբերի 1-ի դատավճիռը թողնել անփոփոխ, որով ես դատապարտվել եմ բացառիկ պատժամիջոցի՝ մահապատժի:



Ես չեմ ուզում Ձեզ ծանրաբեռնել իմ գործում առկա բազմաթիվ նյութական եւ դատավարական իրավունքի խախտումներով՝ սկսած ձերբակալման պահից, մինչեւ դատապարտումը, ինչպիսիք են` խախտվեցին այդ ժամանակ գործող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի տարրական նորմերը, գործի հիմքում դրվեցին ապացույցներ, որոնք ոչ մի փաստական հանգամանքի չէին հանգեցնում, փոխարենը՝ բազմաթիվ ապացույցներ, որոնք վկայում էին, որ ինձ մեղսագրվող արարքը ճիշտ որակում չի ստացել, այդպես էլ չքննվեցին եւ գործի հիմքում չդրվեցին:՝ խախտելով 1995 թվականի ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի պահանջները, որը հստակ ամրագրում էր, որ արգելվում է օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցների օգտագործումը: Հետեւաբար, խախտվեց նաեւ անկախ ու անկողմնակալ դատարանի կողմից արդար դատական ակտ կայացնելու հնարավորությունը: Խախտվեց ՀՀ նախկին Գերագույն դատարանի պլենումի «Դիտավորյալ սպանությունների վերաբերյալ գործերի դատական պրակտիկայի մասին» որոշման պահանջները:



Խախտվեց քրեադատավարական ամենակարեւոր սկզբունքներից մեկը՝ պատժի անհատականացման սկզբունքը:



Եվ ամենակարեւորը՝ Դատարանն ինձ մեղավոր ճանաչեց այն ժամանակ գործող ՀՀ քրեական օրենսգրքի 99-րդ հոդվածի 1-ին, 4 եւ 7-րդ մասերի դրույթներով, այնինչ իմ նկատմամբ պետք է կիրառվեին ՀՀ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները:



Հարգարժան պարոնայք,



2003-իօգոստոսի 1-ին, ՀՀ-ում մահապատժի վերացումից հետո, ՀՀ նախկին ՆախագահՌոբերտՔոչարյանը, «ներում շնորհելով», իմ պատժամիջոցը փոխեց ցմահ ազատազրկման:



Բազմաթիվ բողոքներին, դիմումներին այսքան տարիների ընթացքում չստացա իրավական բովանդակությամբ մի պատասխան, թե քրեադատավարական ինչ նորմերի կիրառման արդյունքում է տեսության մեջ եւ պրակտիկայում հնարավոր մեկ պատժամիջոցը փոխարինել մեկ այլ տեսակով՝ առանց իրավական հիմքի: Ինչու մահապատիժը փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ՝ առավել վատ դրության մեջ դնելով կոնկրետ ինձ:



Տարիների ընթացքում կրելով իմ պատիժը մի բանի համար, որն իրականում ես չեմ արել՝ ստիպված համակերպվել եմ ստեղծված վիճակին, պատժիս կրման ողջ ընթացքում որեւէ խնդիր չեմ առաջացրել քրեակատարողական հիմնարկի վարչակազմի եւ աշխատողների համար, երբեք թմրամոլությամբ, հարբեցողությամբ, խաղամոլությամբ չեմ տարվել, միշտ հույս եմ ունեցել, որ կգա մի այնպիսի օր, որ, ի վերջո, արդարությունը կհաղթանակի, եւ կլիեմ ազատության մեջ:



Պատժի կրումից պայմանական վաղաժամկետ արձակման համար դիմել եմ Ներման հանձնաժողովին, սակայն Քրեակատարողական հիմնարկի վարչակազմը կարգապահական տույժ կիրառեց իմ նկատմամբ եւ հայցս մերժվեց: ՀՀ Վճռաբեկ դատարանն էլ, բնականաբար, ոչ մի դիմում քննության առարկա չի դարձրել եւ չի դարձնում՝ մերժելով վճռաբեկ բողոքը քննության ընդունել: վարչապետ



Հարգարժան պարոնայք,



ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածը սահմանում է, որ  Ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ կրող անձը սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պատժի նվազագույն ժամկետը կրելուց հետո դատարանի կողմից կարող է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվել, եթե դատարանը սույն հոդվածի 1.1-ին և 1.2-րդ մասերով նախատեսված հանգամանքների վերաբերյալ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի (այսուհետ՝ անկախ հանձնաժողով) եզրակացության կամ կարգապահական գումարտակի հրամանատարի միջնորդագրի քննարկման արդյունքում հանգում է հետևության, որ ուղղվելու համար դատապարտյալը նշանակված պատժի մնացած մասը կրելու կարիք չունի, քանի որ՝



1) պատժի կրման ընթացքում դրսևորել է պատշաճ վարքագիծ, և



2) դատապարտյալի կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը ցածր է:



1.1. Դատապարտյալի պատշաճ վարքագիծը գնահատելիս հաշվի են առնվում հետևյալ հանգամանքները.



1) պատժի կրման ընթացքում խրախուսանքի առկայությունը.



2) պատժի կրման ընթացքում կարգապահական տույժի առկայությունը.



3) պատժի կրման ընթացքում կրթական ծրագրերին, մարզական կամ մշակութային միջոցառումներին կամ դատապարտյալների ինքնագործ միավորումներին մասնակցելը, եթե առկա է եղել նման հնարավորություն.



4) պատժի կրման ընթացքում առնվազն երեք ամիս աշխատելը, եթե առկա է եղել աշխատելու հնարավորություն, կամ եթե չաշխատելը պայմանավորված չի եղել դատապարտյալի առողջական խնդիրներով.



5) դատապարտյալի պատշաճ վարքագիծը գնահատող այլ հանգամանքներ:



1.2. Դատապարտյալի կողմից նոր հանցագործություն կատարելու հավանականությունը գնահատելիս հաշվի են առնվում հետևյալ հանգամանքները.



1) դատապարտյալի տարիքը, դատապարտյալի տարիքը հանցագործություն կատարելու պահին.



2) հանցագործության բնույթը և հանրային վտանգավորությունը.



3) ռեցիդիվի առկայությունը.



4) իր կատարած հանցանքի նկատմամբ ունեցած վերաբերմունքը.



5) հանցագործությամբ պատճառած վնասը հատուցած կամ այլ կերպ հարթած լինելը կամ պատճառած վնասը հատուցելու կամ այլ կերպ հարթելու վերաբերյալ գրավոր պարտավորություն ստանձնելը.



6) նրա վերաբերմունքը քրեական ենթամշակույթի նկատմամբ.



7) որոշակի հակումները, հնարավոր կախվածությունները, նախասիրությունները.



8) մասնակցությունը վերասոցիալականացման, այդ թվում` անձնական զարգացման միջոցառումներին.



9) ընտանիքի կամ արտաքին աշխարհի հետ կապը կամ խնամքի տակ գտնվող անձանց առկայությունը.



10) սոցիալական միջավայրը.



11) առողջական, այդ թվում` հոգեկան առողջության վիճակը, հարկադիր բուժման մեջ գտնվելը և հարկադիր բուժման արդյունքը.



12) դատապարտյալի կողմից նոր հանցագործություն կատարելու հավանականությունը գնահատող այլ հանգամանքներ:



3. Պայմանական վաղաժամկետ ազատում կարող է կիրառվել միայն, եթե դատապարտյալը փաստացի կրել է՝



**5) ցմահ ազատազրկման դեպքում՝ ազատազրկման ոչ պակաս, քան քսան տարին:**



Հարգարժան պարոնայք,



պատժի կրման ընթացքում իմ վարքագծի ամեն մի վայրկյանի մասին հստակ տեղեկատվություն կարելի է ստանալ համապատասխան մարմիններից, ռեցիդիվի առկայություն իմ գործում չկա, հանցագործությամբ պատճառված վնասը քաղաքացիական հայցի մասով իմ գործում առկա չէ, իմ չկատարած եւ կատարած հանցանքի համար արդեն ես կորցրել եմ երիտասարդությունս, արտաքին աշխարհի հետ կապ, բնականաբար, չունեմ: Ես ամուսանացած չեմ եղել, ծնողներս եւ եղբայրս մահացել են այս տարիների ընթացքում՝ տառապելով իմ վիճակից, եւ այն փաստից, որ որեւէ օգնություն չեն կարող ինձ ցուցաբերել: Նրանց բոլոր հիվանդությունների պատճառը, ի վերջո, այս տարիների հոգեկան ապրումներն էին:



Երբ լրացավ իմ ազատազրկման քսան տարին, լույսի շող արթնացավ, որ ի վերջո կգործի ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված կանոնը, եւ հնարավորություն կունենամ ազատություն ստանալու:



Դիմում եմ Ձեզ ինձ այդ բացառիկ հնարավորությունը տալու համար: Փաստացի ստեղծված է մի վիճակ, որ ես իրավունք ունեմ ազատության մեջ հայտնվելու, մյուս կողմից՝ ես զրկված եմ իմ այդ իրավունքն իրացնելու հնարավորությունից:



Հայաստանում պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտը չի գործում եւ արդյունավետ չէ:



Ես շատ լավ գիտակցում եմ, որ կոնկրետ ինձ համար՝ որպես ցմահ դատապարտյալի, կա ռիսկայնության գործոնը: Սակայն, այս գործոնի որեւէ չափ ու կարգ որեւէ ակտով ու նորմով սահմանված չէ, ինչը նպաստավոր պայմաններ է ստեղծում կամայական որոշումների:



Եթե մեր Սահմանադրությամբ, որպես իրավական եւ ժողովրդավարական պետություն, հռչակում ենք, որ մարդը բարձրագույն արժեք է, ապա ցանկացած անձնավորություն, անկախ գործած հանցանքից, պետք է իմանա, որ գոնե քսան տարի հետո կարող է հույս ունենալ ազատության մեջ հայտնվելու: Իսկ տվյալ պարագայում մենք այդ հույսն ամրագրում ենք օրենքով, սակայն այն դիտավորյալ չենք կիրառում՝ ավելի ստորացնելով Մարդուն: Եթե ցմահ ազատազրկվածը հստակ գիտակցի, որ օրենքի այդ դրույթը ուղղակի խաբկանք է եւ երբեք չի կիրառվի, ապա հավատացած եմ Հայաստանում շուտով ոչ մի ցմահ դատապարտյալ ողջ չի մնա՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով…



Ես համաձայն եմ իմ մնացած կյանքի ողջ հատվածում լինել հատուկ հսկողության եւ վերահսկողության տակ, լինել հաշվառված համապատասխան ստորաբաժանումում, պարզապես խնդրում եմ թույլ տվեք գոնե ինձ մնացած կյանքի մյուս հատվածում փորձեմ ինձ լիարժեք մարդ զգալ եւ գոնե մի պիտանի բան հասցնեմ անել իմ երկրի, իմ ընտանիքի եւ ինձ համար:



Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի բազմաթիվ որոշումներ կան այս խնդրի վերաբերյալ եւ բոլոր այդ որոշումներում հստակ սահմանված է, որ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտը պետք է հստակ գործի, բավարար չափով կանխատեսելի լինի անձի համար, որպեսզի նա հստակ գիտակցի, որ ցանակացած արարքի համար համապատասխան պայմաններին բավարարելու դեպքում պատժի կրումից ազատվելու իրավունքի խոչընդոտ չպետք է ունենա:



ինչպես ասացի, իմ պատժի կրման ընթացքում ես կորցրել եմ ծնողներիս, եղբորս, բնականաբար՝ առանց հրաժեշտի հնարավորության: Հիմա ես ընդամենը մեկ քույր ունեմ, ում չեմ տեսել արդեն քսան տարի: Եւ վերջերս պատահմամբ իմացա, որ քույրս էլ տառապում է անբուժելի քաղցկեղով՝ վերջին ստադիայում:



Խնդրում եմ ՆԵՐԵՔ ինձ իմ գործած եւ չգործած հանցանքի համար, թույլ տվեք, որ գոնե քրոջս կարողանամ հասցնել վերջին հրաժեշտը տալ:



Ապրիլի 23-ի ոչ բռնի, թավշյա հեղափոխության արդյունքում ՀՀ-ում իրոք իշխանությունը պատկանում է շողովրդին եւ այդ իշխանության կրողները Դուք եք: Ձեր կադրային քաղաքականության արդյունքում իշխանական էլիտայում են մարդիկ, ովքեր բազմիցս զբաղվել են մեր խնդիրներով, երբ զբաղվել են հասարակական գործունեությամբ: Արդարադատության ներկայիս նախարար ԱՐտակ Զեյնալյանը վերջերս իր ֆեյսբուքյան ասուլիսում հայտարարեց, որ Հայաստանը մեկ շնչին բաժին հասնող հաշվարկում ցմահ դատապարտյալների թվով անփառունակ վիճակում է, եւ այդ հարցը շատ խիստ հսկողության տակ է:



Ես 2007 թվականի օգոստոսին ներման խնդրագիր եմ գրել ՀՀ նախկին Նախագահ Սերժ Սարգսյանին, որը հրապարակվել է մամուլում: Եղան բազմաթիվ խոսակցություններ` ընդհուպ առ այն, որ պատրաստ են թվով հինգ ցմահ դատապարտյալի ներման հրամանագրերը, որոնց թվում նաեւ ես էի: Սակայն, մինչ օրս չի կատարվել ամենակարեւոր գործողությունը` մենք ոչ ազատ ենք, ոչ էլ որեւէ պարզաբանում կա, թե արդյոք գործում է քրեական օրենսգրքով սահմանված իմպերատիվ նորմը, թե այդ նորմն ընդամենը ձեւական բնույթ է կրում եւ պարզապես հիշատակում է:



Իրոք, հարգարժան պարոնայք, ստեղծվել է մի իրադրություն, երբ օրենքի երկրում օրենքով սահմանված իմ իրավունքը դառնում է առոչինչ, որովհետեւ չկա քաղաքական կամք: Բայց չէ որ Ձեր կառավարության ծրագրում հռչակում ենք իրավունքի գերակայությունը: Այդ դեպքում կամ իրոք հնարավորություն տվեք իրավունքի կենսագործմանը, կամ էլ արդարացիորեն-ոչ արդարացիորեն զրկեք մեզ այդ իրավունքից` գոնե դրանով վերջ դնելով այս անորոշությանը:



Դիմում եմ Ձեզ՝ որպես վերջին հույսի, որպես մեր ժողովրդին հույսի շողով լցրած մարդկանց, խնդրում եմ հնարավորություն տվեք դառնալու լիարժեք մարդ, վերադառնալու հասարակություն եւ գոնե այս կյանքից ինչ-որ բան տանելու:



**Հարգանքներով եւ վերջին հույսով`**



**ՀՀ ԱՆ Նուբարաշեն քրեակատարողական**



**հիմնարկի ցմահ դատապարտյալ՝ Արթուր Գեղամի Կիրակոսյան**



**12 Հուլիսի, 2018 թվական**