Ռուսական օրագիր. «Մունդիալ 2018»

Ռուսական օրագիր. «Մունդիալ 2018»
«Մունդիալ 2018»-ն արդեն իսկ բնորոշվում է որպես անակնկալների առաջնություն, ո՞վ կմտածեր, օրինակ, որ գործող աշխարհի չեմպիոն Գերմանիան ամբողջովին կտապալի խմբային տուրը եւ վերջնարդյունքում արտահերթ թռիչքով տուն կուղեւորվի: Կամ՝ ո՞վ կսպասեր Հարավային Կորեայից նման անձնվեր խաղ. Կորեան, որ արդեն ամեն ինչ կորցրել էր, հավաքել-պատրաստել էր ճամպրուկները, հանկարծ հիանալի խաղ է ցուցադրում եւ որոշում Գերմանիայի ընտրանու «գերեզմանափորը» դառնալ:



Ինչպես գիտենք, ամիսներ առաջ Ռուսաստանում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքից զրկվեց Իտալիայի հավաքականը: Համաշխարհային ֆուտբոլի ողջ պատմության մեծագույն դարպասապահներից մեկը՝ Ջանլուիջի Բուֆֆոն, արտասվեց եւ հրաժեշտ տվեց իր երազանքին: Շվեդիայի հավաքականի հետ մրցավեճում, երկու խաղերի արդյունքում Իտալիան ավելի թույլ գտնվեց: Այն ժամանակ քիչ չէին մարդիկ, որոնք պնդում էին, թե ինչ-որ առումով դա նաեւ պատահականության արդյունք էր, որ ներուժով ու կարգով ավելի ցածր Շվեդիայի ընտրանու բախտն ուղղակի բերեց:



Այդուհանդերձ, այս առաջնությունը լրիվ հակառակն է ապացուցում՝ Շվեդիան 1/4 եզրափակչում է, իսկ «սուպերհավաքականներ» հորջորջվող ընտրանիներից շատերն առաջնության մնացյալ խաղերին էկրանների առջեւ նստած՝ հետեւում են: Շվեդիան 1/4 եզրափակչի ուղղակի դիպվածական մասնակիցներից մեկը չէ, եւ, անշուշտ, այս ընտրանին ամեն ինչ անելու է, որպեսզի ծնկի բերի Անգլիայի հավաքականին: Նման բարդ խնդիրը կյանքի կոչելու համար շվեդները բավականին լուրջ ներուժ ունեն՝ կուռ թիմային խաղը, գրեթե բետոնային պաշտպանություն, գոլային հնարավորությունները ձեռքից բաց չթողնելու կարողություն:



Եվ ինչու չէ՝ հենց Անգլիայի հավաքականը, որն աչքի է ընկնում ավելի շատ անկայուն, տատանվող խաղով, հնարավոր է Շվեդիայի հերթական զոհը դառնա: Անգլիան ծանրագույն խաղ անցկացրեց Կոլումբիայի դեմ, մինչեւ իսկ բանը հասավ 11 մետրանոցներին, առաջին անգամ անգլիացիների համար այդ չարաբաստիկ 11 մետրանոցներում բախտը ժպտաց, եւ նրանք անցան հաջորդ փուլ: Սակայն, ինչպես գիտենք, բախտը միշտ չէ, որ շարունակաբար ժպտում է նույն թիմին, համենայնդեպս, Անգլիան պիտի ամեն ինչ անի, որպեսզի Շվեդիայի դեմ խաղում հանկարծ թույլ չտա գործը հասցնել հերթական 11 մետրանոց հարվածներին:



Ֆուտբոլի աշխարհի առաջնությունների երկակի չեմպիոն Ուրուգվայի հավաքականը նույնպես հեշտությամբ չի հանձնվելու, Էդիսոն Կավանին, Լուիս Սուարեսը, Դիեգո Գոդինը եւ մյուսները ջանալու են, որպեսզի հաղթեն Ֆրանսիայի ընտրանուն եւ առաջ շարժվեն: Ուրուգվայը փորձելու է իր խաղը կառուցել հակագրոհների վրա՝ սպասելով գոլային լավ հնարավորության՝ իհարկե, հույս փայփայելով նաեւ, որ ֆրանսիացիները վաղ թե ուշ պաշտպանությունում կսխալվեն:



**Զավեն ՄԽԻԹԱՐՅԱՆ**