ԲՀԿ-ն կառավարության հետ կոմպրոմիսի է եկել

ԲՀԿ-ն կառավարության հետ կոմպրոմիսի է եկել
Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց «Բարեգործության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և հարակից նախագծերի փաթեթը: Նախագծին կողմ քվեարկեց 88 պատգամավոր: Քվեարկությունից առաջ վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։



Հիշեցնենք, որ «Ծառուկյան» խմբակցությունը դեմ էր արտահայտվել այս նախագծին, որը օրակարգ էր բերել կառավարությունը։ Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, որ այս նախագծի հետ կապված իրենց խմբակցությունն ուներ որոշ մտահոգություններ, սակայն քննարկումների արդյունքում մտահոգությունները հանված են, կոմպրոմիսը գտնված է, հետևաբար «Ծառուկյան» դաշինքը կողմ է քվեարկելու»։



Հիշեցնենք նաև, որ օրենքի նախագծով առաջարկվում է ամրագրել, որ բարեգործական ծրագրի որակավորման իրավասու մարմինը կսահմանի կառավարությունը, որը կորոշի, թե պետական կառավարման որ մարմինն է լինելու լիազոր: Օրենքով նաև առաջարկվում է, որ գործող օրենքով առկա բարեգործական ծրագրերի որակավորման հանձնաժողովը շարունակի գործել, սակայն արդեն այն խորհրդակցական բնույթի գործառույթներ կունենա, իսկ հանձնաժողովի խորհրդակցական բնույթի եզրակացության հիման վրա իրավասու մարմինը կկայացնի իր որոշումը:



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**