ԿԳ նախարարի երրորդ տեղակալը հնարավոր է՝ ՀՀԿ-ական լինի

ԿԳ նախարարի երրորդ տեղակալը հնարավոր է՝ ՀՀԿ-ական լինի
ԿԳ նախարար **Արայիկ Հարությունյանը** քննարկում է իր երրորդ տեղակալին նշանակել մեկին, ով «Հանրապետական» կուսակցության անդամ է։ Իսկ թե ով է, անունն այս պահին պահեց գաղտնի։



«Եվ էստեղ ես որևէ խնդիր չունեմ՝ ինչու, որովհետև նախկինում շատ հաճախ մարդիկ ստիպված են եղել համակարգում աշխատելու համար կուսակցականացվեն։ Սա որևէ կապ չունի և կուսակցական պատկանելությունը որևէ կապ չպետք է ունենա էդ գործընթացների հետ եթե մարդը ցանկանում է լինել որևէ կուսակցւթյան անդամ, ապա ինքը կարող է լինել էդ կուսակցության անդամ, իհարկե, իր ախատանքից դուրս»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նախարար Արայիկ Հարությունյանը։



Hraparak.am-ը նկատեց, որ իր ՝ վերջերս նշանակված երկու նոր տեղակալները միևնույն ՀԿ-ից են ու հանրությանն անհայտ դեմքեր, ինչո՞ւ նման որոշում կայացրեց, Հարությունյանն ասաց․ «Իմ տեղակալների հետ կապված՝ երկուսն էլ շատ հայտնի փորձագետներ են կրթական ոլորտում, շատ կոնկրետ ուղղություններով նրանք նշանակվել են մեկը միջազգային ծրագրերի և համագործակցության ուղղությունն է համակարգում, մյուսը բուհեի և միջին մասնագիտական հաստատությունների ուղղությունը, և ես չեմ առաջնորդվում, թե ով ինչ ՀԿ է ներկայացնում»։



**-Ասացիք՝ երրորդ տեղակալը, որ հնարավոր է՝ ՀՀԿ-ական նշանակվի, ստիպված է եղել դառնալ ՀՀԿ-ական, արդյոք սա մարդու կամային հատկանիշների մասին չի՞ խոսում, որ գուցե կամքից թույլ է եղել, որ պարտադրված գնացել է կուսակցականացման, գուցե հիմա էլ պարտադրված ուրի՞շ բան անեն։**



-Իշխանությունը նման որակ չունի, որ նման բաներ պարտադրի։ Բայց պետք է ասեմ, որ մեր հայտարարություններն էլ երևի բազմիցս լսել եք, երբ ասել ենք, որ որևէ կադրային ջարդ չի լինելու, և այո, օրինակ՝ էսօր կրթության ու գիտության նախարարությունում կան մարդիկ, որոնք այս կամ այն կուսակցության ներկայացուցիչ են։ Կան մարդիկ, որոնք պարտադրված ինչ-ինչ պաշտոններ են զբաղեցրել, հիմա մթնոլորտը փոխվել է, հիմա մարդկ ազատ են իրենց գործունեության մեջ։ Մարդիկ էն ժամանակ հնարավորություն չեն ունեցել ինքնադրսևորվելու, հիմա նոր իշխանությունները պետք է առավելագույնս անեն նման ինքնադրսևորման հնարավորություն ստեղծելու բոլորի համար։ Իմ նկարագրածը նման քայլ է։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**