ՀՀԿ-ն ստիպված է ընդունել հեքիաթի ժանրում գրված ծրագիրը

ՀՀԿ-ն ստիպված է ընդունել հեքիաթի ժանրում գրված ծրագիրը
Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագիրը, որը չգիտես՝ քանի տարվա կամ ամսվա կտրվածքով է գրվել, արդեն պատրաստ է եւ տեղադրվել է պաշտոնական կայքում։ Կարեն Կարապետյանի կառավարությունը, օրինակ, 2017-2022 թվականների համար էր ծրագիր գրել, որում զետեղված էր տնտեսական բազմաթիվ ցուցանիշներով եւ թվերով տեսլական, օրինակ՝ 5-5.5 տոկոս միջնաժամկետ տնտեսական աճ։ Նոր կառավարության ծրագրում որեւէ թիվ չկա։ Եթե թիվ չհաշվենք խորագրերի համարակալումները։ Տպավորություն է, թե այս ծրագիրը գրել են հարսանիքների թամադաները։ Փոխարենը գրեթե ամեն պարբերությունում հիշատակվում է ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը, որով իրենք «տապալեցին բիրտ ՀՀԿ-ին»։



Ահա այսպես է սկսվում կառավարության ծրագիրը․ «ՀՀ կառավարության գործունեության առանցքային նպատակը 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արժեքների ամրագրումն է՝ որպես հանրային եւ ազգային հարաբերությունների հիմք, եւ հեղափոխության գաղափարների իրագործումը` որպես մշտական քաղաքական իրողություն»։ Ապա նշված է արտահերթ ընտրությունների մասին, որ դրանք պետք է անցկացնել առավելագույնը մեկ տարվա ընթացքում։ Ի դեպ, փորձագետներն ասում են, որ արտահերթ ընտրությունները կառավարության ծրագրի մաս չեն կարող կազմել՝ դա քաղաքական միջոցառում է։



Բայց ծրագրում կան այնպիսի ձեւակերպումներ, որոնցով թերեւս Նիկոլ Փաշինյանի թիմն ուղղակի զվարճացել է ՀՀԿ-ի վրա՝ նրան դնելով փակուղու առջեւ։ ՀՀԿ-ն կա՛մ պետք է ընդունի իրեն փաստացի ծաղրող այս փաստաթուղթը, կա՛մ չընդունի եւ ավտոմատ գնա արտահերթ ընտրությունների, որի «հավեսն» իրենք այսօր չունեն։ Հայտնի է, որ ՀՀԿ-ականներն այս ծրագրին կողմ են քվեարկելու․ անգամ եթե «դատարկ թուղթ էլ բերեին, պիտի ընդունեին»։



Կառավարության ծրագրի վրա աշխատած, «Հին Հայաստանից» եկած ու «Նոր Հայաստանում» ֆինանսների նախարար դարձած Ատոմ Ջանջուղազյանը դժվարացավ գնահատել ծրագիրը․ «Ծրագիր ա, էլի, կառավարության ծրագրի գնահատականը դժվար ա էդպես ասել… տարբերվող ա մյուս ծրագրերից իրա ամեն ինչով՝ կառուցվածքից սկսած, ծավալով վերջացրած»։ Դիտարկմանը, թե քննադատում են, որ այն ընդամենը բարի ցանկությունների ծրագիր է՝ կենացների մակարդակով, Ջանջուղազյանն ընդունեց ու փորձեց արդարացնել նման ֆորմատը․ «Հա, բայց դա չի նշանակում, որ ծրագիրը չի կարող լինել հռչակագրային։ Ընդհանրապես, կառավարության ծրագիրն էնպիսին ա, ինչպիսին որեւէ կառավարություն նպատակահարմար ա գտնում ներկայացնել։ Իսկ էս դեպքում նպատակահարմար ա գտնվել ունենալ էդ տեսակի ծրագիր»։ Տոնայնությունից պարզ էր, որ ինքն էլ հիացած չէ ծրագրով, բայց այլ բան ասել չի կարող։



Ամբողջ կյանքը թվերի ու կոնկրետության հետ աշխատած նախարարը, որից այս ընթացքում հանրությունը միայն թվային ցուցանիշներ է լսել, այսօր ստիպված է պաշտպանել այս թվազուրկ, հեքիաթի ժանրում գրված ծրագիրը։ Օրինակ՝ նա ամենեւին պարտադիր չի համարում, որ ծրագրի մեջ կոնկրետ միջոցառումներ նշված լինեն՝ կոնկրետ ժամկետներով։ Ջանջուղազյանը չկարողացավ նաեւ ասել՝ քանի տարվա համար է գրված այս ծրագիրը, ինչ ռազմավարություն է դրա հիմքում ընկած, քանի տոկոս տնտեսական աճի ցուցանիշ եւ, առհասարակ, տնտեսության զարգացման ինչ դոկտրիններ են դրված ծրագրի հիմքում, որը նախեւառաջ տնտեսական փաստաթուղթ պետք է լինի։ «Առաջնահերթությունների մասին ա էնտեղ նշված, դրանք էնպիսին են, որ տեսանելի ապագայում ինքը հենց մեր առաջնահերթություններն են, որ մենք պատրաստվում ենք անել, հիմա ժամկետը… Դուք ակնկալում եք ստեղծագործական վերաբերմո՞ւնք։ Դուք էնտեղ տեսել եք, չէ՞, որ չկա տնտեսական աճի ցուցանիշ, հիմա ինչո՞ւ եք ինձ հարցնում՝ տնտեսական աճի ցուցանիշ կա՞ էնտեղ, թե՞ ոչ։ Շատ նորմալ ա, որ չկա տնտեսական աճի ցուցանիշ, որովհետեւ էդ էլ իրա բացատրությունն ունի, թե ինչու չկա»։



Արտակարգ իրավիճակների փոխնախարար Արա Նազարյանն էլ կարծում է, որ բովանդակային եւ կառուցվածքային առումով այս ծրագիրը նախորդից էապես տարբերվում է, իսկ դրակա՞ն իմաստով, թե ոչ՝ ասաց, որ այնտեղ ինքը որեւէ բացասական բան չի տեսել։ Նազարյանի կարծիքով՝ այս ծրագիրը, ի տարբերություն նախորդների, ավելի շատ տեսլական է, ոչ թե կոնկրետ ցուցանիշների ծրագիր։ «Դե, որ տեսլական կա, լավ չէ՞»,- ասաց փոխնախարարը։ Նազարյանի ղեկավար, ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանն էլ պարզ ձեւակերպեց այն, ինչ հասկացել էր այս ծրագրից․ «Սա այն ա, որ յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր հայի համար լավ ա լինելու»։



ՀՀԿ-ականներից Կորյուն Նահապետյանն էլ ասաց, որ կարդացել է, բայց վաղ է դրա մասին խոսելը, հինգշաբթի կմեկնաբանեն, երբ ծրագիրը ներկայացվի խորհրդարանում։ Իսկ նրա ՀՀԿ-ական գործընկեր Գագիկ Մինասյանն առհասարակ չէր կարդացել, դրա համար չմեկնաբանեց։



ԲՀԿ-ական պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը հավանել է այս ծրագիրը, չնայած որ նկատել է՝ քանակական ցուցանիշներ ֆիքսված չեն։ «Բայց սկզբունքներն այնպիսին են՝ օրենքի գերակայություն, գործունեության թափանցիկություն պետական կառավարման մակարդակով եւ այլն, էդ սկզբունքների պաշտպանության պարագայում, իրավունքների պաշտպանություն եւ այլն, եւ այլն»,- այսպես խառը ձեւակերպումներով լղոզեց տնտեսագետ Բոստանջյանը՝ նշելով, որ ակնկալում է վճռականություն տեսնել այդ ծրագրից։ Նա նորմալ չի համարում, որ ծրագրի ամեն մի տողում խոսվում է թավշյա հեղափոխության մասին, բայցեւ դա արդարացնում է այսպես․ «Ընդամենը մեկ ամիս է, որ մենք կտրուկ էսպիսի շրջադարձ կատարեցինք, կարա էդ շրջադարձային պահն իր արտացոլումն ստանա էս ծրագրի մեջ»։



Նրա կուսակից գործընկեր Սերգեյ Բագրատյանի կարծիքով, սակայն, այս ծրագիրն ավելի շատ ուղերձ է, քան ծրագիր։ «Ուղերձ՝ կառավարության ծրագրի հիմքում դրվելու իմաստով, որ այս ուղերձի հիման վրա պետք է ձեւափոխել կառուցվածքը»,-ասաց նա։ Նաեւ նշեց, որ տնտեսության դոկտրինը ենթադրում է լուրջ տնտեսագիտական վերլուծություն եւ առաջարկություններ։ «Ինչպես նաեւ այն ուղղությունները, որոնք մենք գերակա ենք համարում, նշված էր ծրագրում, բայց նշված չէր, թե ինչպիսի տեսլական ենք մենք ձեւակերպում»,- ասաց Բագրատյանը՝ նշելով, որ սա իր սուբյեկտիվ կարծիքն է, ծրագրին կողմ կամ դեմ լինելու հարցն իրենք դեռ պիտի քննարկեն խմբակցությունում։



ՀՅԴ-ական պատգամավոր Ռոմիկ Մանուկյանն էլ հպարտացավ՝ այս ծրագրում նաեւ Դաշնակցությունն իր ներդրումն ունի։ Բայց դժվարացավ ասել, թե ծրագրի որ մասում է ՀՅԴ-ի ներդրումը։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**