Կառավարությանը օգնել կարելի է միայն մամուլի քննադատությունների միջոցով․ Աննա Հակոբյան (տեսանյութ)

Կառավարությանը օգնել կարելի է միայն մամուլի քննադատությունների միջոցով․ Աննա Հակոբյան (տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը, ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության հրավերով այսօր այցելեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ։ Պատասխանելով ուսանողներից մեկի հարցին՝ Աննա Հակոբյանը խոսեց Հայաստանում մամուլի ազատության թեմայով՝ մասնավորապես նշելով, որ Հայաստանում ներկայիս իրավիճակը բարենպաստ է լրագրողների ու լրատվամիջոցների համար՝ մամուլի ազատության տեսանկյունից։



«Հրապարակի» այն հարցին, թե արդյոք իրավիճակը ավելի մտահոգիչ չէ՞՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ նոր իշխանության հասցեին ցանկացած քննադատություն հասարակության կողմից սվիններով է ընդունվում, և եթե նախկինում մամուլի նկատմամբ բռնաճնշումներ կատարվում էին 1-2 պաշտոնյայի կողմից, այժմ գործ ունենք հանրային ճնշման հետ, Աննա Հակոբյանը պատասխանեց․



«Ամբողջությամբ կիսում եմ այդ մտահոգությունը, եթե այդ երևույթը լիներ ինչ-որ կուսակցության կամ կառավարության անդամների, նրանց ընկերների կողմից, դա ավելի հեշտ լուծելի կլիներ, կարելի կլիներ մեկ խոսքով, մեկ հոդվածով մարդկանց ուղղակի զգուշացնել, որ պետք չէ նման ձևով անդրադառնալ ցանկացած քննադատությանը և այլն։ Բայց որքանով ես եմ նկատել, դա ինքնաբուխ է և հանրության կողմից է, այստեղ մեր գործը ավելի է դժվարանում։ Մեզ մնում է միայն հուսալ և համբերատար սպասել, որ որոշ ժամանակ անցնի, և հանրության մոտ հեղափոխությունից մնացած այդ էյֆորիան նահանջի, և ավելի սթափ վերաբերվեն ամեն ինչին, նաև կնահանջի այդ երևույթը։ Ես այս պահին ավելի լավ լուծում չեմ տեսնում, ամբողջությամբ կիսում եմ և գտնում եմ, որ «Հրապարակը» և մյուս լրատվամիջոցները ազատ են իրենց քննադատություններում, և նույնիսկ ավելի շատ պետք է քննադատեն, քան նախկինում էին քննադատում, եթե ուզում են, որ այս նոր կառավարությունը հաջողի։



Եվ եթե իմ խոսքը հանրությանը հասանելի կլինի, ես ցանկանում եմ կոչով դիմել՝ ուղղակի դադարեցնել կամ ավելի ըմբռնումով մոտենալ և ընդամենը այն գիտակցությամբ առաջնորդվել, որ եթե մամուլն ու այլ լրատվամիջոցները չքննադատեն, ցանկացած կառավարություն շատ արագ կձախողի և չի կարողանա այն արդյունքները ապահովել, ինչ սպասում են այդ կառավարությունից։ Իմ կարծիքով՝ եթե նույնիսկ հիմա չի եկել այդ ժամանակը, ապա շատ շուտ ժամանակներում պետք է մոռանալ հեղափոխությունը, ծափահարությունները, գովաբանություններն ու չգիտեմ ինչերը և անցնել աշխատանքային ռեժիմի, ինչը լրատվամիջոցի համար առաջին հերթին ենթադրում է քննադատություն։ Մեր բոլոր հայրենակիցները, ովքեր սիրում են նոր կառավարությանը կամ առանձին անդամներին, պետք է ուղղակի հասկանան, որ առանց մամուլի ազատության․․․ Այդ մարդկանց օգնել կարելի է միայն մամուլի քննադատությունների միջոցով։ Առանց դրա նրանք ուղղակի կկտրվեն հողից, և ի վերջո հանրությունը, որը նրանց այդպես ծափահարում է, սիրում է, միգուցե կարող է նրանց հրաժարականի պահանջով փողոցներ փակել։ Եթե չեն ուզում որ բանը հասնի դրան, պետք է թողնեն, որ մամուլը հանգիստ աշխատի»,- պատասխանելով մեր հարցին՝ ասաց Աննա Հակոբյանը