ԱԱԾ-ն վարչապետի նշանակած կադրին հրավիրել է հարցաքննության

ԱԱԾ-ն վարչապետի նշանակած կադրին հրավիրել է հարցաքննության
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ տնտեսական բնույթի վերջին կոռուպցիոն բացահայտումների մասով ԱԱԾ-ն հարցաքննության է հրավիրել ՊԵԿ նախագահի նորանշանակ տեղակալ Ռաֆիկ Մաշադյանին, ով հայտարարել էր, որ ինքը տեղյակ է եղել այդ ամենից, որ նման պայմանավորվածություններ են եղել։



«ՊԵԿ նախագահի տեղակալ Մաշադյանին հրավիրվել է համապատասխան ծանուցագիր, նա կհրավիրվի»,-ասաց նա։



Hraparak.am-ի դիտարկմանը, թե ինչո՞ւ, այդ դեպքում, նրան նշանակեցին ՊԵԿ նախագահի տեղակալ, երբ ԱԱԾ-ն նրա մեջ ռիսկ է տեսնում, որ գուցե ներգրավված է եղել այդ կոռուպցիոն սխեմայում, Վանեցյանն ասաց․ «Դա չի նշանակում, որ եթե մարդը նշանակվել է պաշտոնի, ուրեմն ինքը դառնում ա անձեռնմխելի»։



**-Վստահության հարց կա այստեղ։**



-Վստահության հարցը գիտե՞ք  ոնց ա, եթե մարդը արել ա ինչ-որ արարք, պետք ա պատասխան տա, կապ չունի՝ ինքը նշանակվել ա, չի նշանակվել։



**-Ուրեմն ճի՞շտ չէր լինի պարզեին՝ արել է այդ արարքը, թե ոչ, նոր վարչապետը նշանակեր նման բարձր ու պատասխանատու պաշտոնի, բա որ նորի՞ց անի։**



-Ո՞նց պարզեին։



**-Կանչեիք հարցաքննության, հասկանային՝ մաքուր է, մաքուր չի, նոր նշանակեին։**



-Մինչև էդ մենք տենց տվյալ չենք ունեցել․ Հիմա Դուք գիտե՞ք ինչ հարցեր եք տալիս․․․ նշանակվել ա, մենք ժամանակագրական տվյալներ չենք բան անում, էլի․․․



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**