ՊԵԿ նախագահներից ո՞ր մեկն է տեղյակ եղել կոռուպցիոն սխեմաներից

ՊԵԿ նախագահներից ո՞ր մեկն է տեղյակ եղել կոռուպցիոն սխեմաներից
Այսօր Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանից Hraparak.am-ը հետաքրքրվեց, թե ի՞նչ նոր բացահայտումներ են սպասվում «Նորֆոլկից» ու «Երևանի Սիթիի» ԱՁ-ներից բացի և իրենց մասով էլ ի՞նչ նորություն կա։



«Ես չեմ կարող Ձեզ հստակ ասել՝ որ ոլորտներում և որ գերատեսչություններում կամ որ իրավաբանական անձանց մոտ է սպասվում բացահայտումներ, սպասեք մի քիչ, ականատես կլինեք»,-ասաց ԱԱԾ տնօրեն։



Դիտարկմանը, թե ինչո՞ւ «Երևան Սիթիի» բացահակտումների շրջանակներում չկան ձերբակալվածներ, ի վերջո օրենք է խախտվել, Վանեցյանը հիշեցրեց, որ ինքն ասել է՝ ԱԱԾ-ն հակված չէ ռեպրեսիվ գործողություններ իրականացնել և մարդկանեց «նստեցնել»։ Իրենք ավելի շատ հակված են, որ պետությունից այս կամ այն ճանաարհով գողացած գումարները վերադարձնեն պետական բյուջե։



«Իրավական առումով բոլորն ասում են՝ էսինչ գործի հետևում կանգնած է էսինչ մարդը, բայց հավատացեք՝ իրավական առումով ապացուցել այդ ամենը բավականին բարդ է և գրեթե անհնար։ Իսկ այն մարդիկ, որոնց անունով գրանցված են այդ ձեռնարկությունները, իրենց կանչել քրեական պատասխանատվության, կարծում եմ, ոչ արդարացի է։ Եվ քրեական հոդվածը, որով հարուցվում են քրեական գործերը, նախատեսում է, որ պետական միջոցների վնասը վերականգնելու դեպքում քրեական գործը կարճվում է»-ասաց ԱԱԾ տնօրենը։



Իսկ պաշտոնյաները, որոնք միջամտել են այդ գործերին և իրենց իմացությամբ են կատարվել այդ գործողությունները, ըստ Արթուր Վանեցյանի, կհրավիրվեն քննչական վարչություն, և եթե չեն կարողանա տալ հստակ պատասխաններ իրենց կատարած գործողությունների մասին, նրանք կներգրավվեն քրեական գործում արդեն որպես մեղադրյալներ։



Լրագրողնեը նրան հիշեցրին, որ ինքը հայտարարել է՝ «Նորֆոլկ» մասով, օրինակ, այդ կոռուպցիոն սպեման տեղի է ունեցել ՊԵԿ նախկին ղեկավարների իմացությամբ, հիմա հնարավո՞ր է՝ նրանք էլ կանչվեն պատասխանատվության։ Վանեցյանն ասաց, որ ՊԵԿ նախկին ղեկավար ասելով չի նշանակում, որ Վարդան Հարությունյանն է։



**Hraparak.am**-ը նկատեց, որ դա նշանակում է նաև, որ այդ նախկին ղեկավարը Հովսեփյան Հովիկն է կամ Խաչատրյան Գագիկը (եթե չգնանք ավելի հետ), հիմա այդ երեքից ո՞ր մեկն է, Վանեցյանը շրջանցեց հարցն ու պատասխան չտվեց։



ԱԱԾ տնօրենը, սակայն, խոստովանեց, որ գիտի՝ ում իմացությամբ է եղել այդ ամենը․ «Իհարկե, գիտեմ, բայց դա ես հիմա չեմ հայտարարելու, ընկերներ, ես չեմ կարող հայտարարել ձեզ քննության ողջ մանրամասները։ Ընթանում է քննություն, մենք բաց ենք և թափանցիկ, քննության արդյունքներով կտեղեկացվեք բոլորդ, և եթե կլինեն հարցեր, և կզգաք, որ մենք ինչ-որ մի տեղ թերացել ենք և գործել ենք օրենքից դուրս կամ ինչ-որ մեկին աչքաթող ենք արել, էդ ժամանակ ձեր մեղադրանքներն ուղղեք»։



**Hraparak.am**-ը հետաքրքրվեց նաև ԱԱԾ տնօրենից՝ տրամաբանորեն Սերժ Սարգսյանը կարո՞ղ էր տեղյակ լինել այս կոռուպցիոն սխեմաներից, որոնք իրենք բացահայտում են հիմա, Վանեցյանը տարպրինակ պատասխան տվեց․ «Ես տրամաբանորեն չեմ խոսում, ես խոսում եմ փաստերով»։



**-Բայց Ձեր գործողություններում պետք է տրամաբանություն լինի։**



-Տրամաբանություն կա, բայց ես տրամաբանորեն չեմ խոսում, ես խոսում եմ փաստերով։ Քննություն է ընթանում, քննությունը բոլոր հարցերին պատասխան կտա։



**-Տրամաբանությունն ի՞նչ տոկոս է կազմում ձեր փաստերի և գործողությունների մեջ։**



-Փաստերի մեջ տրամաբանությունը ոչ մի տոկոս չի կազմում։ Փաստերը հարյուր տոկոս փաստեր են։







**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**