Օսիպյանը՝ Մասիսի քաղաքապետի և ոստիկանների թվի կրճատման մասին

Օսիպյանը՝ Մասիսի քաղաքապետի և ոստիկանների թվի կրճատման մասին
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին ազատ արձակելու մասին դատարանի որոշմանը: Նրա խոսքով՝ ոստիկանությունն ու քննչական կոմիտեն արել են իրենց աշխատանքը, իսկ դատարանն այդպիսի որոշում կայացրեց:



«Ես խնդրում եմ ձեր հարցերն ուղղեք դատարանին»,- ասաց Օսիպյանը: Հարցին՝ ոստիկանությունն ունի՞ տեսանյութեր, որոնք վկայում են զանգվածային անկարգություններին Մասիսի քաղաքապետի և նրա կողմնակիցների մասնակցության մասին, Օսիպյանն այսպես արձագանքեց․ «Երևի բավարար տեսանյութեր եղել են, որ քննչական մարմինների հետ համատեղ նման որոշում է կայացվել: Կխնդրեմ այդ հարցով դատարանին դիմել»:



Նա նաև անդրադարձավ ոստիկանների թվի կրճատմանը՝ նշելով, որ ոստիկանների թվաքանակի կրճատում լինելու է, սակայն դա կապված չէ տարիներ շարունակ հնչող տեսակետի հետ, թե Հայաստանում ոստիկանների թիվը շատ է, ինչի արդյունքում Հայաստանը վերածվել է ոստիկանապետության:



«Հայաստանում ոստիկանների թվի մասին տեղեկատվությունը գաղտնի է, բայց մենք համեմատական կարգով վիճակագրություն ունենք և բազմիցս հայտարարել ենք, որ կան եվրոպական մի շարք զարգացած երկրներ, որտեղ ոստիկանների թվաքանակը գերազանցում է մեր ոստիկանների թվաքականակին»,- ասաց ոստիկանապետը:



Իսկ թե որքանով է կրճատվելու ոստիկանների թիվը, Օսիպյանն ասաց, որ դա իր քմահաճույքով չի լինելու․ «Կձևավորվեն հանձնաժողովներ և հանգամանալից կուսումնասիրվեն բոլոր ստորաբաժանումները»։



Իսկ ինչո՞ւ  է Հայաստանում ոստիկանների թիվը գաղտնի պահվում՝ Օսիպյանն ասաց, որ դա իր որոշումը չէ՝ օրենքով է այդպես, բայց և չբացառեց, որ հետագայում կվերանայեն այդ հարցը։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**