Պայթյունից ոչ միայն մեր խանութի, այլև հինգերորդ հարկի հարևանների դռները դեֆորմացվել են

Պայթյունից ոչ միայն մեր խանութի, այլև հինգերորդ հարկի հարևանների դռները դեֆորմացվել են
Այսօր գիշերը՝ ժամը 3-ին, պայթյուն է տեղի ունեցել Մասիս քաղաքի Հանրապետության հրապարակի շենքերից մեկի տակ գտնվող խանութում։ Այն, մեր տեղեկություններով, պատկանում է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին։ Պայթյունն այնքան ուժեղ է եղել, որ բնակիչներն ահաբեկված դուրս են եկել տներից: Ոմանց թվացել է, թե երկարշարժ է: Միայն պարզելուց հետո, թե ինչ է կատարվել, բնակիչները վերադարձել են իրենց բնակարանները: Ոստիկանության աշխատակիցների դեպքի վայրում են եւ կատարում են համապատասխան աշխատանքներ՝ պարզելու պայթյունի հանգամանքեր



Գառնիկ Իսագուլյանը **Hraparak.am**-ի հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը՝ միայն թե նշելով, որ խանութը ոչ թե իրեն, այլ իր եղբորն է պատկանում։



«Ազգային անվտանգությունը, դատախազությունը, ԱԻՆ-ն ու ոստիկանությունը բոլորը փորձագետներ են բերել, հիմա աշխատում են։ Դժվար է ասել՝ ինչից է եղել պայթյունը, ամեն դեպքում՝ «բիտավոյ» չի եղել՝ գազից կամ որևէ այլ բանից։ Պայթյունը եղել է մուտքի ներսից և ամբողջ պատը փլեցրել է, ամբողջ ներսի եղածը տրաքել է․․․ ճիշտ է, մուտքում ամբողջական էլեկտրամարտկոցն է, բայց դժվար թե էդ էլեկտրոմարտկոցում եղած լինի պայթյունը, եթե նույնիսկ կարճ միացում լիներ, նման մեծ պայթյուն առաջացներ»,-ասաց Իսագուլյանը։



Նա նաև նշեց, որ խանութը մեծ չէ, մթերային է, գտնվում է շենքի տակ, բայց այնքան ուժեղ է եղել պայթյունը, որ անգամ շենքի հինգերորդ հարկի դռներն է վնասել․ «Բեկորների հետք չկա, բայց մարտկոցի էդ վերևի թիթեղն ամբողջությամբ ծռվել մտել էր մարտկոցի մեջ, այսինքն՝ պարզ երևում է, որ պայթյունը եղել է անմիջապես էդ մարկտոցի վրա, դրա վրա դրված ինչ-որ մի բան է պայթել։ Պայթյունից եղբորս խանութի պատում մեծ անցք է բացվել, այսինքն՝ ուղղորդված պայթյունի տեսք ունի։ Ոչ միայն մեր խանութի, նույնիսկ հինգերորդ հարկի հարևանների դռները դեֆորմացրել է էդ պայթյունը, այդքան ուժեղ է եղել, որ նույնիսկ կողքի խանութների ապակիներն են տրաքել»։



Հարցին՝ որևէ միտում տեսնո՞ւմ է այս պայթյունի մեջ, Գառնիկ Իսագուկյանն ասաց․ «Ես բացառում եմ որևէ միտում, որովհետև, ասենք, ախպորս բոլորը ճանաչում են՝ շատ համեստ, շատ բարի, երբեք որևէ մեկին թթու խոսք չի ասել, իմ հետ էլ բացառվում է, որ կապված լինի, որովհետև ես էնտեղ համարյա չեմ լինում․․․ հիմա չի բացառվում անզգուշություն եղած լինի»։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**