Վրաստան այցը՝ «արարողակարգից» դուրս

Վրաստան այցը՝ «արարողակարգից» դուրս
Հայ-վրացական «դարավոր բարեկամական» հարաբերություններում անկեղծության պակաս կար, ձեւականությունների՝ ավելցուկ։ Անկեղծության այդ բացն առաջացել ու խորացել էր հատկապես Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին։ Եվ այդ բացը Վրաստան կատարած իր երկօրյա աշխատանքային այցի ընթացքում ձգտեց լրացնել Նիկոլ Փաշինյանը։



Այս այցն արդեն հասցրել է որակվել պատմական՝ հատկապես այն պատճառով, որ Լեւոն Տեր-Պետրոսյանից հետո փաստացի Նիկոլ Փաշինյանը ՀՀ առաջին ղեկավարն է, որ այցելում է Վրաստանի հայաբնակ ու հայաշատ այս տարածքը, որը չափազանց կարեւոր նշանակություն ունի Հայաստանի համար։ Բայց այդ կարեւորությունը կարծես չէին գիտակցում նախորդ իշխանությունները։ Սերժ Սարգսյանի ու նրա նշանակած վարչապետների կողմից մշտապես անտեսված ու արհամարհված են եղել Ջավախքն ու ջավախքցին։ Ջավախքը Սերժ Սարգսյանի համար այս տասը տարիներին սկսվել ու ամփոփվել է ընդամենը խորհրդարանում ՀՀԿ-ի ցուցակով մանդատ ստացած մեկ-երկու ջավախքցի պատգամավորների գոյությամբ։



ՀՀԿ-ն ընտրությունից ընտրություն օգտագործել է նրանց ռեսուրսները՝ Հայաստանում բնակվող ջավախահայերի ձայները «փախցնելով» ու, որպես փոխհատուցում՝ պատգամավոր դարձնելով։ Սակայն վերջնահաշվում պարզվեց, որ անգամ այդ մի քանի պատգամավորներն իրենցը չեն․ ներքաղաքական վերջին ցնցումներից հետո Սերժ Սարգսյանի հովանավորյալ ջավախքցիներից մեկը շատ արագ «թռավ»՝ «անցնելով ժողովրդի կողմը»։



Փաշինյանն այս այցով կարծես նոր նշաձող սահմանեց հայ-վրացական հարաբերություններում։ Եվ սա կարող է հիմք հանդիսանալ՝ այդ հարաբերությունները զարգացնելու, թաքնված քաղաքական ամբիցիաներից դեպի իրական բարեկամություն անցում կատարելու համար։ Այս այցի արդյունքում Նիկոլն ազատ կարող է զանգել իր ընկեր Գիորգիին եւ ասել՝ «Գիորգի, մեր հայրենակիցներից մի քանիսն անհասկանալի պատճառներով հայտնվել է ձեր սեւ ցուցակներում, ինչպե՞ս լուծենք այս խնդիրը»։ Սա մի պարզագույն օրինակ է հայ-վրացական հարաբերություններում առկա կնճիռների, որը տարիներ շարունակ չէին կարողանում հարթել ՀՀ իշխանությունները։



Ախալքալաքում Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Երբ ճաշի էի մասնակցում Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ, մենք մի պահ նայեցինք իրար աչքերի ու հասկացանք՝ մենք արդեն ընկերներ ենք։ Ես իրեն Գիորգի էի ասում, ինքն ինձ՝ Նիկոլ»։ Վրաստանի ղեկավարությունն էլ անկեղծ էր թվում՝ ավելի, քան «նախատեսված էր» պրոտոկոլով։ Իսկ որո՞նք էին այցի առարկայական արդյունքները։ Ինչպես ասում են՝ ոգեւորությունն ու էմոցիաները լավ բան են, բայց «չմոռանանք, թե ինչի համար ենք հավաքվել»։ Իրականում պրակտիկ արդյունքների տեսակետից գնահատական տալը դժվար է, հատկապես պաշտոնական մակարդակում՝ ջերմ ընդունելությունն ու կենացները թույլ չէին տալիս։ Թեեւ սա ինչ-որ տեղ հասկանալի է այն պատճառով, որ այցն ավելի շատ ճանաչողական էր, որը կարող է հիմք հանդիսանալ հետագա գործնական արդյունքների ապահովման համար։



Ամենառեալ ու գործնական հանդիպումը կարելի է, թերեւս, համարել Թբիլիսիում հայազգի գործարարների հետ Նիկոլ Փաշինյանի ունեցած ճաշ-հանդիպումը, որը չի հրապարակվել։ Մենք տեղեկացանք, որ ճաշին մասնակցել են մեծ թվով հայ գործարարներ, որոնք բիզնես ունեն ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում ու Ռուսաստանում։ Եթե Վրաստանի իշխանությունների հետ հանդիպումներն անցել են հիմնականում սիրո եւ համերաշխության ֆոնին արտահայտված կենաց-ելույթների ուղեկցությամբ, ապա գործարարների հետ հանդիպումն անցել է ավելի պրագմատիկ դաշտում։ Նիկոլ Փաշինյանին հերթով ներկայացրել են, թե ով ով է, ինչ բիզնեսով է զբաղվում, ինչ հաջողությունների է հասել։ Նիկոլ Փաշինյանն էլ նրանց վստահեցրել է՝ որեւէ մեկը չի կարող խոչընդոտել իրենց մեր երկրում, եթե փորձեն բիզնես հիմնել։ Ապա ավելացրել է, որ ինքը Հայաստան եկած ցանկացած գործարարի պատրաստ է «կցել» ԱԱԾ-ի մի աշխատող, որը «կառաջարկի իր ծառայությունները» նրանց, ովքեր Հայաստանում բիզնես հիմնելիս կհանդիպեն բյուրոկրատական քաշքշուկների, չինովնիկական խոչընդոտների եւ այլն։



Այցի վերջին օրը Ախալքալաքում մենք զրուցեցինք պատվիրակության կազմում գտնվող ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հետ։ Նա, խոսելով Ջավախքում առկա կրթական խնդիրներից, հատկապես հայկական դպրոցներում հայկական գիր-գրականության մասին, ասաց, որ ինքը զրուցել է Վրաստանի կրթության փոխնախարարի հետ, եւ պայմանավորվել են մոտ ապագայում այս հարցերին լուծում տալ։ «Վրաստանում դասավանդման նոր մեթոդներ կան, եւ փոխնախարարի հետ ես պայմանավորվել եմ, որ Հայաստանը կաջակցի այդ նոր մեթոդներին համապատասխան հայերեն գրքերի մշակմանը, որպեսզի կարճ ժամանակ հետո էդ նոր մեթոդներով արդեն լավ գրքերով Վրաստանի հայկական դպրոցների ու հայկական դասարանների աշակերտները կարողանան լավ գիտելիք ստանալ»,- ասաց **Արայիկ Հարությունյանը**։ Ըստ նրա՝ մեծ պոտենցիալ կա կրթության ոլորտում, որը չի ռեալիզացվում։ Մեծ պոտենցիալ ունենք նաեւ տնտեսական ոլորտում համագործակցության, որը դարձյալ չի օգտագործվում։ «Օրինակ՝ ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջեւ պետք է մեկ միլիարդ դոլարից ավելի լինի, մինչդեռ այսօր 400 միլիոնից քիչ ավելի է»,-ասաց մեր ԿԳ նախարարը։



Նկատեցինք, որ հայ-վրացական հարաբերություններում Ջավախքին առնչվող հարցերը, հայ գրականության, լեզվի խնդիրները մշտապես մտահոգություն են առաջացրել վրացական կողմի մոտ՝ դրա տակ ամեն անգամ ինչ-որ քաղաքական ենթատեքստ ու նկրտումներ են տեսել, ինչը խանգարել է առողջ հարաբերությունների կայացմանը։ Նախարարն ասաց․ «Այսօր աննախադեպ իրավիճակ է ստեղծվել երկու երկրների հարաբերություններում, այնպիսի մթնոլորտ, որ թե՛ Հայաստանի իշխանությունների գործողությունները Վրաստանի իշխանությունների մոտ չպիտի առաջացնեն էնպիսի կասկածներ, որ էստեղ ինչ-որ խաղեր կան, ինչ-որ ստորգետնյա հոսանքներ կան, որոնք իրենց տեսանելի չեն, ե՛ւ թե հակառակը։ Եվ այդ փոխըմբռնումը մենք տեսանք թե՛ Վրաստանի վարչապետի, թե՛ նախագահի, թե՛ կրթության փոխնախարարի հետ հանդիպման ժամանակ»։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**