Սուպերմարկետները գրոհ են սկսել

Սուպերմարկետները գրոհ են սկսել
Երեկ համացանցը պայթեց՝ միսը թանկացել է, այն էլ՝ միանգամից 600 դրամով կամ 15-20 տոկոսով։ Երեկ մենք գրել էինք, որ անկյուն մղված օլիգարխը՝ Սամվել Ալեքսանյանը, սպառնացել է, որ այս ստուգումներն ու քրգործերն էժան չեն նստելու նոր իշխանությունների վրա՝ ապրանքների թանկացում կլինի, ու իրենց սրած բիզն իրենց դեմ կուղղվի։ Փաստորեն, խոստումն անմիջապես էլ իրականություն դարձավ։ Մսի թանկացումը նկատելի էր գրեթե բոլոր սուպերմարկետներում։ Իսկ օրվա ընթացքում ցանցերի տնօրենների կողմից հայտարարություն տարածվեց՝ «սիթի»-ների խախտումները պարզաբանող եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված հանդիպման կոչով։



ՏՄՊՊՀ-ից երեկ հրաժարվեցին այս թանկացումը մեկնաբանել՝ նշելով, որ իրենք մսի շուկայում ուսումնասիրություններ չեն անում։ Փոխարենը մեկնաբանեց տնտեսագետ **Ատոմ Մարգարյանը**՝ նշելով, որ սա միտումնավոր է արվում սուպերմարկետների տերերի կողմից։



«Սուպերմարկետները գրոհ են սկսել։ Ես էսպես եմ հասկանում՝ պարանը ձգելու, իրենց կողմը տանելու պրոցես է, եւ իրենք չեն ընդունում, փաստորեն, էս նոր խաղի կանոնները, եւ պարզապես ես մտածում եմ՝ արդեն շանտաժ է… էստեղ ոչ էնքան արդեն իշխանությունն է, որքան հասարակությունն է։ Նախ պետք է նայել՝ էդ միջնորդները, որ հանձնում են ապրանքը, ինչքա՞ն են թանկացնում ապրանքը։ Գնագոյացման էդ ամբողջ շղթան պետք է ուսումնասիրվի։ Բայց քանի որ իրենք մոնոպոլ գնորդներ են, դուրս են մղել իրենց շրջապատի էդ տարածքների խանութներին, փոքր ու միջին բիզնեսի մարդկանց եւ, ըստ էության, էդ մոնոպոլիան պահելով, մտածում են գնային պարիտետը նույնպես պահեն»,- ասաց նա։



**- Կոնկրետ ո՞ր խաղի կանոնների մասին է խոսքը, որոնց չեն ուզում ենթարկվել։**



Խաղի կանոնները բացված օրենսդրությունն է, որ նրանք պարտավոր են գործել ավելացված արժեքի հարկի դաշտում։ Էդ ԱՁ-ները կեղծ ձեռնարկատիրություն են, այո, 189-րդ հոդվածն է Քրեական օրենսգրքի… ընդ որում՝ իրենք ճիշտ կանեին էդ 189-րդ հոդվածից էն կողմ չտանեն էս խնդիրը, այսինքն՝ չտանեն 205-րդ հոդվածի՝ առանձնապես խոշոր չափերի, չարամտորեն հարկերից խուսափելու հոդված, բոլորն ընկնում են էդ հոդվածի տակ։ Կարծես թե տպավորություն է, որ եթե իշխանությունն ընդառաջ չի գնում, իրենց թվում է՝ կարող են դնել՝ էդպես սակարկել։



**- Սաբոտաժի էլեմենտնե՞ր եք տեսնում այստեղ։**



Էստեղ ես էսպես եմ հասկանում, սաբոտաժը՝ այո, սա մասսայական, կարծում եմ, կազմակերպված պրոցես է, եւ հիմնականում շեշտը դրված է սպառողների, գնորդների դժգոհության վրա, ու դրա հիման վրա ստիպել իշխանությանը՝ հետ գնալ, եւ, բնական է, նպատակն իրենց գերշահույթների ստատուս քվոն պահպանելն է։ Բայց դա ճիշտ չէ։



**- Լուծումն ինչպե՞ս եք տեսնում։**



Ուրեմն, մի որոշ ժամանակ գները բարձր կմնան, բայց, մյուս կողմից, ես ուղղակի չեմ պատկերացնում՝ եթե իշխանությունը, ԱԱԾ-ն էս տեմպերով գնացին բացահայտումների, եւ սկսվեց արդեն բռնագանձումների պրոցես… էդ արդեն 205-րդ հոդվածն է, որը նշանակում է՝ այն, ինչը չի վճարել, պլյուս՝ 5-10 տարի ազատազրկում, անձնական գույքի եւ ունեցվածքի բռնագրավում։ Հիմա, եթե Ալեքսանյանը դա է ուզում ու հետն էլ սպառնում է…



**- Այսինքն՝ հիմա այս մեթոդը որպես ճնշո՞ւմ են գործադրում գործարարները իշխանության վրա, որպեսզի վերջինս էլ իր ճնշումները թուլացնի իրենց վրա։**



Միանշանակ՝ այո։ Եվ բանակցելը, իհարկե, ճիշտ է, ցնցել պետք չէ։ Բայց խնդիրը շատ ավելի խորքային է։ Խնդիրը հարկային օրենսդրության մեջ է, որը, այ, էս մարդիկ են ժամանակին իրենք իրենց համար գրել։ Էդ օրենսդրությունը պետք է որոշակիորեն վերանայվի, բայց դա հնարավոր կլինի, եթե մարդիկ ստվերից գան հարկային դաշտ, հարկային բազան ընդլայնվի, բյուջետային մուտքերի էդքան մեծ կորուստներ չլինեն, այ, էդ ժամանակ հնարավոր կլինի իջեցնել հարկային բեռը։ Սա արդեն քաղաքականության կոնցեպտուալ փոփոխություն կլինի։ Բայց առաջին քայլը, կարծում եմ, բիզնեսը պետք է անի։



**- Ստացվում է, որ կառավարության ազնիվ ջանքերը՝ ստվերից հարկերը դուրս բերելու եւ բյուջեն լցնելու, ժողովրդի դե՞մ է դուրս գալիս։**



Էս պատմության մեջ ես չեմ կարծում, թե էսօրվա կառավարությունը բյուջեն լցնելու խնդիր է դնում։ Էդ անում էին նախորդ կառավարությունները։ Մեծ հաշվով՝ ոչ մեկն էլ չի կանխատեսել, որ բոլորը համատեղ, միասին պետք է գները բարձրացնեն։ Դա կոչվում է անբարեխիղճ մրցակցություն, երբ որ վաճառողները կազմակերպված գները բարձրացնում են։ Դա նշանակում է՝ շուկան չի գործում։ Էստեղ կառավարությունն ինչ-որ տեղ արդեն երրորդ կողմ է, էստեղ վաճառողներն են ու գնորդները։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**