ԵՊՀ դասախոսներն էլ են ուզո՞ւմ փողոց փակել

ԵՊՀ դասախոսներն էլ են ուզո՞ւմ փողոց փակել
Օրերս ԵՊՀ պրոռեկտորներ Գեղամ Գեւորգյանն ու Ալեքսանդր Գրիգորյանը ԵՊՀ-ի ֆեյսբուքյան էջում հայտարարություն էին տեղադրել՝ հավելելով, որ հայտարարության բնօրինակը պահվում է ԵՊՀ ընդհանուր բաժնում և բաց է ստորագրման համար։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․ «Անթույլատրելի ենք համարում գործող իշխանության ներկայացուցիչների, մասնավորապես՝ ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գրասենյակի ղեկավար Վահան Կոստանյանի և մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանի անթաքույց աջակցությունը նշված գործողություններին, ովքեր տեղում ղեկավարել են նախաձեռնության քայլերը և տվել են համապատասխան ցուցումներ:



Անընդունելի է ՀՀ կրթության և գիտության նախարարության անտարբերությունը Մայր բուհում տիրող իրավիճակին: Տարակուսելի է նաև Հայաստանի բուհական համայնքի լռությունը… Նման իրավիճակում գործող իշխանությանը կոչ ենք անում անհապաղ միջոցներ ձեռնարկել Երևանի պետական համալսարանի բնականոն գործունեությունը վերականգնելու, ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճը և դրա հարակից տարածքները նախաձեռնության անդամների ներկայությունից ազատելու ուղղությամբ և այսօրինակ գործողությունները բացառելու նպատակով՝ ձեռնարկել համապատասխան միջոցներ: Միաժամանակ դիմում ենք իրավապահ մարմիններին, սույն հայտարարությունում նշված փաստերին իրավական գնահատական տալու նպատակով ձեռնարկել օրենքով սահմանված միջոցառումներ»։



Ըստ ԵՊՀ մեր աղբյուրների՝ հայտարարության տեքստն ամենևին էլ ԵՊՀ ընդհանուր բաժնում չէ, այլ շրջում է ֆակուլտետներով, պրոֆեսորադասախոսական կազմին առաջարկում են ստորագրել այդ հայտարարության տակ։ ԵՊՀ լրատվական ծառայության պետ Գևորգ Էմին- Տերյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, ըստ որի ԵՊՀ-ում ստորագրահավաք է անցկացվում։ Բացի այդ ԵՊՀ-ում խոսակցություններ են պտտվում, որ Գեղամ Գևորգյանը օրերս նույնիսկ առաջարկել է փակել Չարենցի փողոցը՝ ի նշան բողոքի, սակայն ԵՊՀ ղեկավարությունը համաձայնություն չի տվել այդ գաղափարին։ Պրոռեկտոր Գևորգյանի նմանատիպ ակտիվությունը, ըստ մեր աղբյուրների, պայմանավորված է նրանով, որ նա կանխատեսում է ռեկտոր Արամ Սիմոնյանի մոտալուտ հրաժարականը և քայլեր է ձեռնարկում նրանից հետո ռեկտորի պաշտոնը զբաղեցնելու ուղղությամբ։



Հիշեցնենք, որ մենք օրեր առաջ ԵՊՀ 3 դասախոսներից տեղեկություն էինք ստացել, որ Գ.Գևորգյանը ինտենսիվ հանդիպումներ է ունենում դեկանների հետ և հավաստիացումներ պահանջում, որ հետագայում իր հետ որպես ռեկտոր կաշխատեն:



**Կորյուն Սիմոնյան**