Բուհական համակարգը՝ կոլապսի մեջ․ դիմորդների թիվը 5 հազարից պակաս է

Բուհական համակարգը՝ կոլապսի մեջ․ դիմորդների թիվը 5 հազարից պակաս է
Բուհական համակարգն այս տարի կոլապսային իրավիճակում է հայտնվել։ Դիմորդների թիվը կրկնակի նվազել է՝ հասնելով 4626-ի (հայտերի ընդունման ավարտին դեռ մեկ օր կա), մինչդեռ անցած տարի 9737 էր, 2016-ին՝ 11375։



Դիմորդների թվի նմանօրինակ ռեգրեսը պայմանավորված է 2006 թվականի կրթական գործընթացների հետ։



Հիշեցնենք՝ 2006-2007 ուստարվանից դպրոցներում սկսեց գործել 12-ամյա ուսուցումը: Դրա հետեւանքով առաջացան «թռիչքային դասարաններ», դպրոցի կառուցվածքը փոփոխվեց, այսինքն` 12-ամյա կրթական ծրագրի ձևավորումը հանգեցրեց այն բանին, որ դպրոցներում 2 տիպի առաջին դասարաններ հիմնվեցին։ Առաջին դասարան հաճախեցին 6.5-7 տարեկաններն ու այն երեխաները, որոնց 6 տարին պետք է լրանար այդ տարվա հուլիս-դեկտեմբերին:



Այնուհետև առաջին դասարաններում ավագները տեղափոխվեցին ոչ թե երկրորդ, այլ՝ երրորդ դասարան (թռիչքային դասարաններ), իսկ երկրորդում մնացին տարիքով փոքրերը: Նրանք էլ, փաստորեն, այս տարվա շրջանավարտներն ու դիմորդներն են։



ԳԹԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար **Արմեն Փաշայանը** մեզ հետ զրույցում նշեց, որ այս պահին, ընդհանուր առմամբ, 5087 դիմորդ կա, որից 461-ը՝ Արցախի Հանրապետությունում․ «Կոնկրետ բուհերի մասով դեռ ամբողջական տեղեկությունը չունենք։ Մինչև ամսի 1-ը բուհերը դեռ հայտագրում են, ամսի 2-3-ին նոր տեղեկացնում են մեզ այդ մասին»։



ԵՊՀ լրատվական ծառայության ղեկավար **Գևորգ Էմին-Տերյանից** հետաքրքրվեցինք՝ այս պահին մայր բուհը քանի՞ դիմորդ ունի։ Խոսնակը նշեց, որ երեկվա դրությամբ 1445 դիմորդ ունեն, մինչդեռ անցած տարի 2791 էր։



Մեր հարցին ի պատասխան, թե ի՞նչ հնարավոր հետևանքներ կարող է ունենալ դիմորդների քանակի նմանօրինակ անկումը, Էմին-Տերյանը նշեց, որ բուհի ռեկտորը պետք է հարցին պատասխանի, իսկ նա այս պահին ԵՊՀ-ում չէ։



Ճշտող հարցին, թե կա՞ն ֆակուլտետներ, որտեղ այս պահին դիմորդներ չկան, խոսնակը նշեց․ «Կենսաֆիզիկա, երկրաբանություն, եկեղեցաբանություն ուղղություններով դիմորդները քիչ են, սակայն առանց դիմորդի ֆակուլտետներ չկան»։



**Հ․Գ․ **Բուհական համակարգում սպասվող ճգնաժամի մասին մենք ահազանգել ենք դեռ նախորդ տարի, գրել ենք, որ այս իրավիճակը անցանկալի հետևանքների կարող է հանգեցնել՝ բուհերի վարձավճարների բարձրացումից մինչև դասախոսական կազմի կրճատումներ։ Իսկ մասնավոր բուհերի վիճակը շարունակելու է կատաստրոֆիկ մնալ այնքան ժամանակ, քանի դեռ պետական քաղաքականությունը այս բուհերի նկատմամբ հավասար արժեք չունի՝ պետական բուհերի համեմատ։



**Վով Մուշեղյան**