Եկեք ընտրությունները հանենք՝ ով հրապարակում ավելի շատ մարդ կհավաքի, կլինի իշխանություն

Եկեք ընտրությունները հանենք՝ ով հրապարակում ավելի շատ մարդ կհավաքի, կլինի իշխանություն
Հանրապետականը պատրաստվում է 2022 թվականի հերթական ընտրություններին, իսկ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը՝ արտահերթ։ Ընդ որում՝ ուզում են այնպես կազմակերպել, որ այդ ընտրությունները տեղի ունենան այս տարի, չթողնեն մյուս տարվան։ Թե ինչպես են անելու, դժվար է պատկերացնել, քանզի դրա համար նախ պետք է ցրել խորհրդարանը, որի համար այս պահին կա մեկ ճանապարհ՝ չընդունել կառավարության ծրագիրը, որն ԱԺ է բերվելու մոտ օրերս։ Իսկ եթե ընդունվի էլ, դրանից հետո կա եւս մեկ ճանապարհ՝ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալիս, նոր վարչապետի թեկնածու կա՛մ չեն առաջադրում, կա՛մ առաջադրվածին երկու անգամ չեն ընտրում ու նորից խորհրդարանը ցրում են՝ գնալով արտահերթ ընտրությունների։



Մինչ այդ Փաշինյանը հասցնում է փոխել Ընտրական օրենսգիրքը՝ հրաժարվելով ռեյտինգային ընտրակարգից ու փոխելով որոշ դրույթներ։ Բայց այդ ամենին հասնելու համար անհրաժեշտ է ՀՀԿ-ի համաձայնությունը, ինչը դեռեւս չկա։ Թե՛ Վահրամ Բաղդասարյանը, թե՛ մյուս հանրապետականները այս օրերին հայտարարում են, որ իրենք արտահերթ ընտրությունների գնալու մտադրություն չունեն, պատրաստվում են հերթականին, իսկ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ օրերս հասկացրեց, թե ձեր կարծիքը ոչ ոք չի հարցնում՝ գնալու ենք եւ վե՛րջ։ Թե ինչպես, դժվար է պատկերացնել, նորից ճնշումնե՞ր են գործադրելու՝ փողոց դուրս գալու եւ ճանապարհ փակելու միջոցով, ինչի մասին մի քանի անգամ ակնարկել են հեղափոխականները, երբ նոր էին վերցնում իշխանությունը։



Եթե դարձյալ դա է միջոցը, որ ՀՀԿ-ականներին ճնշելով ստիպեն իրենց օգտին քայլեր անել ու քվեարկել, ապա սա արդեն կհակասի Փաշինյանի հետհեղափոխական հայտարարություններին, որ «նոր Հայաստանում այլեւս ճանապարհներ չեն փակելու», եւ նման քայլերը դիտվելու են որպես սաբոտաժ։ Բացի այդ, որքան էլ ճնշեն, ՀՀԿ-ականները կարող են, օրինակ, մի քանի օրով մեկնել երկրից ու չգնալ խորհրդարան կամ ուղղակի չենթարկվել ճնշումներին եւ տապալել նոր իշխանությունների ծրագրերը, ի՞նչ է լինելու այդժամ։ Այս հարցերի պատասխանները դեռ անորոշ են։



Հին հանրապետականներից Գագիկ Մինասյանն ասաց՝ արտահերթ ընտրությունների հավանական տարբերակ է կառավարության ծրագրի չհաստատումը։ Իսկ կողմ կլինի՞ ՀՀԿ-ն ծրագրին, Մինասյանն ասաց՝ կախված է նրանից, թե ինչ ծրագիր կբերեն․ «Ցանկացած ծրագիր ընդունվում է այն դեպքում, եթե դա նպատակ ունի բարելավելու մեր ժողովրդի սոցիալական վիճակը, պատասխանելու այն մարտահրավերներին, որոնք ծառացած են մեր երկրի առաջ»։ Չնայած լուրեր կան, որ կողմ են քվեարկելու, անգամ եթե սպիտակ թուղթ բերվի՝ որպես ծրագիր։ Մինասյանի խոսքով՝ ցանկացած պրոցես ունի իր տրամաբանական նկարագրությունը մեր օրենսդրության մեջ, եւ այնտեղ չկան ֆորսմաժորային իրավիճակներ։ «Օրինակ՝ մի տարբերակը ես ասացի, երբ կառավարությունը ծրագիր չի ներկայացնում»։



ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն էլ բացատրեց, թե ինչ է ասել Վահրամ Բաղդասարյանը՝ նշելով, թե պատրաստվում են 2022 թ․ ընտրություններին․ «Նա շատ պարզ բան է ասել՝ քանի որ որեւէ այլ լուրջ նախաձեռնություն չկա, հետեւաբար, խոսքը գնում է, որ մենք բոլորով՝ ոչ միայն Հանրապետականը, պատրաստվում ենք 2022 թ․ ընտրություններին»։ Իսկ ինքը քաղաքագիտական առումով այս պահին ճի՞շտ է համարում արտահերթ ընտրությունների գնալն այս փուլում, Հարությունյանն ասաց․ «Կլասիկ քաղաքագիտությունն ասում է՝ արտահերթ ընտրություն անցկացնելու անհրաժեշտություն առաջանում է, երբ կա ուժերի նոր հարաբերակցություն, բայց ինքնին այդ հարաբերակցությունը պետք է լինի կայուն։ Բայց դրա համար պետք է ժամանակ։ Հիմա այն, ինչ տեղի է ունեցել ապրիլյան իրադարձություններից հետո, անկասկած, ուժերի նոր հարաբերակցություն է, բայց այդ հարաբերակցությունը ենթակա է լուրջ փոփոխությունների։ Մինչեւ չկայունանա, անդրադառնալ այդ հարցին մենք չենք կարող»։



Այսինքն՝ հնարավոր է տապալե՞ք Նիկոլ Փաշինյանի կողմից արտահերթ ընտրությունների գնալու ցանկացած փորձ։ «Ի՞նչ է նշանակում՝ տապալվել։ Կլինի օրենսդրական նախաձեռնություն, կլինի քննարկում, դա չի նշանակում տապալվել»,- ասաց նա։



Ի տարբերություն Խոսրով Հարությունյանի՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը չխորշեց «տապալել» ձեւակերպումից․ «Այս պահին արտահերթ ընտրությունների գնալու կա մի տարբերակ՝ Փաշինյանի կառավարության ծրագրի տապալումը։ Այլ տաբերակ չկա։ Ինչ կլինի 2 ամիս հետո, 6 ամիս հետո, պատրաստ չեմ պատասխանել»։



**-Իսկ դուք պատրա՞ստ եք տապալել Փաշինյանի բերած ծրագիրը։**



-Կտեսնենք ծրագիրը, կերեւա։



**-Ձեզ համար նպատակահարմա՞ր է այս շրջանում գնալ արտահերթ ընտրությունների։**



-Ընտրությունները նպատակահարմարության համար չեն արվում, ընտրություններն արվում են Սահմանադրության եւ օրենսդրության համապատասխան։ Մենք ապրում ենք ժողովրդավար երկրում, որտեղ պետք է լինի օրենքի գերակայություն բոլորի առջեւ։



**-Բայց ՀՀԿ-ն դեռ կարող է իր քայլերով «ուղղորդել»՝ երբ եւ ինչպես գործեն Սահմանադրությունն ու օրենքները, օրինակ՝ տապալել ծրագիրն ու օրենքի պահանջով գնալ ընտրությունների կամ ոչ։**



-Ես կոնկրետ պատասխան կտամ՝ ՀՀ Ազգային ժողովն ընտրվել է օրինական, լեգալ եւ լեգիտիմ ընտրությունների արդյունքում, որի արդյունքների ճշմարտացիությունը որեւէ մեկը չի վիճարկել միջազգային դիտորդական առաքելություններից։ Ինչ վերաբերում է իրողության փոփոխությանը, 6 ամիսը մեկ կարող է իրողություն փոխվել։ Եթե տենց ա, ուրեմն առաջարկենք, որ ընդհանրապես ընտրությունները հանենք՝ ով որ հրապարակում ավելի շատ մարդ կհավաքի, էդ օրը ինքը կլինի իշխանություն։



**-Իրենց կողմից ակնարկներ հնչել են, որ կարող են նորից փողոցային մեթոդներով ճնշել, որ ՀՀԿ-ն իրենց ուզածով քվեարկի։**



-Կոնկրետ ինձ ճնշելն անհնար է։ Իմ կամքն արտահայտելու համար ինձ ճնշելն անհնար է, ուզում ա «Շարմազանով-42» գրեն, ուզում ա հիմա գրեն 43 եւ այլն, եւ այլն։ Ես իմ գաղափարների մեջ հստակ եմ։



**Վահե Մակարյան**