Ճիշտ չէ 5 տարի առաջ եղած դեպքերի հետ կապված հաշվեհարդար իրականացնելը

Ճիշտ չէ 5 տարի առաջ եղած դեպքերի հետ կապված հաշվեհարդար իրականացնելը
Ուսումնական հաստատությունների ղեկավարներին ներկայացվող հրաժարական-պահանջների հիթ-շքերթը շարունակվում է։ Թիրախներից մեկն էլ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի ղեկավար Կարինե Ավդալյանն է։ Սոցիալական ցանցերում նրա հասցեին բաց տեքստով տարբեր մեղադրանքներ են հնչում՝ սկսած ուսանողների հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունքից, մինչեւ կոռուպցիոն գործընթացների մեջ ներքաշվածություն։



 Ավդալյանի դեմ ուղղված ամենամեծ մեղադրանքն էլ նրա եւ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի նախկին ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի կողմից Գյումրու ավագանուն ներկայացված առաջարկն է՝ Սերժ Սարգսյանի եղբայր Լեւոն Սարգսյանին «Գյումրու պատվավոր քաղաքացու» կոչում տալու մասին, որն ընդունվել էր ավագանու կողմից, բայց խիստ քննադատությունների տեղիք տվել։ Դեմ էր քվեարկել միայն Գյումրու «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը։



Կարինե Ավդալյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իր դեմ շարժումը դրսից է ձեւավորվել, եւ մարդիկ, ովքեր Կոնսերվատորիայի հետ որեւէ կապ չունեն, չեն կարող իր հրաժարականը պահանջել․ «Իմ կոլեկտիվում նման բան չկա, իմ կոլեկտիվը հանգիստ է, շարժումը դրսից է ձեւավորվել։ Այդ մարդիկ ինչ-որ նկատառումներ ունեն։ Թե ովքեր են, ես չեմ կարող ասել, բոլոր դեպքերում՝ ո՛չ իմ աշխատողներն են, ո՛չ էլ ուսանողները»։



Իր եւ Վարդեւան Գրիգորյանի կողմից ներկայացված համատեղ առաջարկության հետ կապված էլ Ավդալյանն իր պատճառաբանությունները բերեց՝ Լեւոն Սարգսյանը Կոնսերվատորիային օգնել է, ռոյալ է նվիրել, միայն ինքը չէ, որ նման առաջարկով է հանդես եկել։ «Միայն ես չեմ նախաձեռնությամբ հանդես եկել, այլ մի շարք բուհերի ղեկավարներ՝ նույնպես, որովհետեւ Լեւոն Սարգսյանը բոլոր բուհերին աջակցում էր, օրինակ՝ Մանկավարժական ինստիտուտին լաբորատորիաներ էր նվիրել, համակարգիչներ։ Մեզ օգնել էր, որ մենք անցկացնեինք էդ մեծ պրոցեսը՝ «Վերածնունդ» փառատոնը։ Այսինքն՝ սրանից դուրս գալով՝ մարդիկ առաջարկություն են տվել, մենք չենք պատվավոր քաղաքացի տվողը։



Ավագանու 22 անդամներ կան, առաջարկությունը ներկայացվել էր, դիմումը քննարկվել էր, երբ որ Բալասանյանը պետք է ընտրվեր Գյումրու քաղաքապետ, եւ ավագանու անդամները բոլորը կողմ են քվեարկել։ Ինչպես բոլոր մնացածները, այնպես էլ ես առաջարկեցի։ Լեւոն Սարգսյանն անցկացրել է «Վերածնունդ» փառատոնը, ռոյալ է մեզ նվեր տվել, երաժշտական գործիքներ է նվիրել։ Ավելի ճիշտ՝ ոչ թե Լեւոն Սարգսյանն է նվեր տվել, այլ իր «Փյունիկ» հիմնադրամը, որպես «Փյունիկ» հիմնադրամի նախագահի՝ ամեն մեկս մեր մասով ներկայացրել ենք։ Հիմա, որ ժամանակին այդ գործընթացը եղել է, ես հիմա պետք է թողնե՞մ բոլոր գործերը, երբ որ կոլեկտիվը հանգիստ աշխատում է, մենք պատրաստվում ենք համերգների, քննություններ ենք անցկացնում։



Գիտեք՝ ես Ձեզ մի բան կարող եմ ասել, Դուք լրագրող եք, բայց առաջին հերթին մարդ եք, մի հոգուն ոչ բոլորն են սիրում, Դուք գիտեք դա ինձնից լավ, եւ 5 տարի առաջ եղած այդ դեպքերի հետ կապված այսօր հաշվեհարդար իրականացնել մարդու հետ, այդքան էլ ճիշտ բան չէ։ Ինչպե՞ս կարող է ուրիշ բուհի ուսանողը կամ դրսի մարդը որոշի, որ ես պետք է հրաժարական տամ, այն դեպքում, երբ մենք հանգիստ աշխատում ենք։ Եթե Դուք գտնեք, որ դա ճիշտ է, ես Ձեզ հետ այնքան էլ համաձայն չեմ լինի»,- մեզ հետ զրույցում ասաց Կարինե Ավդալյանը։



Հավելենք, որ թեմային անդրադարձել էր նաեւ ԿԳ նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը։ «Ես դեռ տիկին Ավդալյանի հետ չեմ հանդիպել: Մտադիր էի այսօր հանդիպել, բայց շտապելուս պատճառով չեմ հասցնի: Այսօր հեռախոսազրույց կունենամ, եւ կարծում եմ, որ իրավիճակն էստեղ էլ կհանդարտվի»,- Շիրակի պետական համալսարանից հեռանալիս ասել էր ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:



 



**Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ**