ԵՄ դիվանագետները կբոյկոտեն Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան բացման արարողությունը

ԵՄ դիվանագետները կբոյկոտեն Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան բացման արարողությունը
Հայտնի է դարձել, որ եվրոպական պետությունների, ԵՄ-ի դիվանագետները կանխամտածված կերպով ներկա չեն գտնվի Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան բացման արարողությանը՝ այդպիսով բոյկոտելով ԱՄՆ կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու փաստը, որին Եվրոպայում դեմ էին բոլորը: Այս մասին հայտնում են Hadashot լրատվական գործակալությունն ու The Times of Israel օրաթերթը:



Հրապարակման մեջ նշվում է, որ չնայած այն բանին, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրավիրել է ողջ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին, սակայն հատկապես Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ նրանց հետեւողությամբ ԵՄ անդամ մյուս պետությունների դեսպանները, ամենայն հավանականությամբ, ներկա չեն գտնվի այս կիրակի տեղի ունենալիք այդ իրադարձությանը:



Իսրայելական մամուլի հրապարակումներում նաեւ մեջբերվում է մի հատված եվրոպացի դիվանագետների ոչ պաշտոնական հայտարարություններից, որտեղ մասնավորապես ասվում է, թե տարօրինակ է, որ իրենց հրավիրել են մի այնպիսի միջոցառման, որին իրենց պետությունները դեմ են արտահայտվել եւ ամերիկացիները ավելի խելամիտ են եղել, երբ պարզապես հրավերներ չեն ուղարկել իրենց՝ հասկանալով, որ այսպես թե այնպես չեն մասնակցելու: Իսրայելի ԱԳ նախարարության հայտարարության համաձայն՝ Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան բացման արարողությանը իրենց մասնակցությունը հաստատել են Իսրայելում հավատարմագրված 86 դեսպաններից 30-ը: