Կպաշտոնավարի՞ Արման Թաթոյանը մինչեւ ժամկետի ավարտ

Կպաշտոնավարի՞ Արման Թաթոյանը մինչեւ ժամկետի ավարտ
Հիշո՞ւմ եք, թե ինչպես արձագանքեցին իշխանությունները 2008թ․ մարտի 1-ից հետո ՀՀ մարդու իրավունքների երկրորդ պաշտպան Արմեն Հարությունյանի արտահերթ զեկույցին, որում նա անկողմնակալ անդրադարձ էր կատարել այդ օրվա իրադարձություններին, նաեւ հնչեցրել իշխանություններին ոչ ականջահաճո հարցեր։ Մինչ այդ, երկու տարի շարունակ, իր պաշտոնավարման շրջանում երբեւէ համակարգի արատները վեր հանող որեւէ զեկույցով, հրապարակային գնահատականներով հանդես չեկած Արմեն Հարությունյանն իր արտահերթ զեկույցում հարցեր հնչեցրեց՝ ակնկալելով ստանալ դրանց պատասխանները։ Նա մասնավորապես հետաքրքրվել էր, թե ով է մեղավոր, ով է պատասխանատվություն կրում, որ կիրառել են հնացած հատուկ միջոցներ, ինչի պատճառով էլ մարտի 1-ին երեք մարդ է մահացել։ Իսկ դա առիթ դարձավ, որ այն ժամանակ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարի, թե Արմեն Հարությունյանն իր ամենաանհաջող կադրն է։ Իսկ ի՞նչ հետագիծ թողեց այդ զեկույցը Արմեն Հարությունյանի ճակատագրում։



Երեք տարի անց, 2011թ․, դեռ իր պաշտոնավարման ժամկետը չլրացած, Արմեն Հարությունյանը նշանակվեց Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ։ Հիմա նա ՀՀ դատավորն է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, եւ, գործի բերումով, հետեւում է մարտի 1-ի գործով ՄԻԵԴ ուղարկված բազմաթիվ հայցերի քննությանը։ Արմեն Հարությունյանի զեկույցն այն ժամանակ ոգեւորեց ընդդիմադիր հանրությանը, բայց տասը տարի անց էլ մարտի 1-ի թեման շարունակեց մնալ զեկույցների, ԱԺ լսումների մակարդակում, քանի որ ոչ մի մեղավոր չի պատժվել, նույնիսկ բարձրաստիճան պաշտոնյաներին չեն կանչել հարցաքննության։ Իսկ ահա արդեն չորրորդ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, տեսնենք, թե ինչպես է անդրադարձել մարտի 1-ի իրադարձություններին իր 2017թ․ տարեկան հաղորդման մեջ, որն ուղարկվել է նաեւ Ազգային ժողով։ «Հաշվի առնելով 2008 թվականի մարտի 1-ին առնչվող իրադարձությունների հանրային լայն հնչեղությունը՝ Պաշտպանը հարկ է համարում քննարկել հարուցված քրեական գործերի բացահայտմանն ուղղված իրավասու մարմնի կողմից ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ հասարակության իրազեկվածության մակարդակը, ինչպես նաև ներկայացնել և քննարկել ձեռնարկված քայլերի մասին Մարդու իրավունքների պաշտպանին տրամադրված տեղեկությունները՝ չխախտելով նախաքննության գաղտնիության սկզբունքը: Այսպես, 2008 թվականի մարտի 1-ի 10 զոհերի մահվան վերաբերյալ քրեական գործերի քննության ընթացքի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանին նորից տեղեկություն է տրամադրվել Հատուկ քննչական ծառայության կողմից:



Դրա համաձայն՝ 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործից 10 անձի մահվան և 3 անձի մարմնական վնասվածքներ ստանալու փաստերով 10 առանձին վարույթներ են անջատվել, որոնցից յուրաքանչյուրով նախաքննությունը շարունակվում է»,- ի մասնավորի նշված է այդ հաղորդման մեջ: Եվ այսքանից հետո էլ, Մարդու իրավունքների պաշտպանը, հաշվի առնելով զոհերի հարազատների պայքարը, հանրային չմարող արձագանքը, նշում է․ «Անհրաժեշտ է ապահովել 2008 թվականի մարտի 1 - ի 10 զոհերի մահվան վերաբերյալ քրեական գործերի քննության շրջանակներում Հատուկ քննչական ծառայության կողմից իրականացված գործողությունների վերաբերյալ զոհերի հարազատների և հանրության պատշաճ իրազեկում : Ողջամիտ ժամկետներում ապահովել հարուցված քրեական գործերի լրիվ , օբյեկտիվ և բազմակողմանի քննությունը»։ Իսկ ո՞րն է ողջամիտ ժամկետը, երբ տասը տարի է անցել մարտի 1-ից, եւ այս ընթացքում զոհերի հարազատներից, ականատեսներից, վկաներից ոմանք հեռացել են կյանքից, ոմանք արտագաղթել են։



Եվ ամեն մարտի 1-ից առաջ կրկին հիշվում եւ թարմացվում են բազմիցս հրապարակված փաստեր, տեսանյութեր, հրապարակումներ, հնչում են նույն հարցերը։ Ում-ում, բայց գիտենք, թե Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանն ինչպիսի աննախանձելի վիճակում է հայտնվում, երբ փորձում է մարդու իրավունքների մասին բարձրաձայնել առանց ձեւեր թափելու։ Եվ պատահական չէ, որ, սկսած Լարիսա Ալավերդյանից՝ վերջացրած Կարեն Անդրեասյանով, ոչ մեկին չթողեցին մինչեւ ժամկետի ավարտը պաշտոնավարել։ Իսկ Արման Թաթոյանն, ըստ երեւույթին, չի ուզում գնալ իր նախորդների ճանապարհով։