Հայաստանը չի հաղթել Ապրիլյան պատերազմում

Հայաստանը չի հաղթել Ապրիլյան պատերազմում

Հաղթանակի իմիտացիա, այն էլ՝ համընդհանուր: Երկու տարի առաջ այս օրերին Հայաստանն ու Արցախը կռիվ էին տալիս մահվան հետ։ Խաղաղ երկինքը մռայլ էր, իսկ հողը ներկվել էր արյունով։ Տասնամյակների ամենաթողության և հանցավոր անտարբերության արդյունքում խեղվեցին մարդկային ճակատագրեր, հարյուրից ավել երիտասարդներ զրկվեցին ամենակարևորից՝ կյանքից, իսկ անկախ Արցախի գոյությունն էլ ընդհանրապես կասկածի տակ դրվեց։ Օդում կախված էր Ստեփանակերտի Խանկենդի դառնալու սպառնալիքը։

Բայց այս մեծագույն ողբերգությունից հետո հասարակական-քաղաքական շրջանակները, կարծես թե դասեր չեն քաղել։ Ընդհակառակը՝ կեղծ հայրանիսությունն ու դատարկ պոպուլիզմը դարձել են գաղափարական ընկալման առաջնային առարկաներ։

Ավելին՝ իշխանական քարոզչամեքենայի փորձագետները, հանգիստ տոնայնությամբ ու վերամբարձ ժպիտներով պնդում են, թե Հայաստանը հաղթել է Ապրիլյան պատերազմում: Կարծես թե, այդպես էլ պետք է լիներ և դա օրինաչափություն է, քանի որ հայկական բանակը ամենամարտունակն է տարածաշրջանում։ Կարճ ասած՝ «մեր դեմ խաղ չկա» սկզբունքով։

Սա ավելի շատ հիշեցնում է Առաջին Հանրապետության տարիներին արմատացած անպարտելիության այն հիվանդագին միֆը, որը փուչիկի պես պայթեց Հայ-թուրքական պատերազմի հենց առաջին օրերին: Փորձագիտական մակարդակով շարունակեք հանրության աչքերին թոզ փչել, ամենամարտունակի ու ամենահզորի մասին հեքիաթներ պատմեք, մինչև այդ միֆն էլ փուչիկի պես մի օր կտրաքի:

Ապրիլյան պատերազմը Սերժ Սարգսյանի համար պյուրհոսյան հաղթանակ էր, նա էլ Էպիրուսի արքայի պես «հաղթեց» ճակատամարտը, բայց կորցրեց շատ ավելին: Ավելի ճիշտ՝ Հայաստանը կորցրեց։ Իսկ նա «հաղթեց» այն իմաստով, որ Ադրբեջանը չկարողացավ ճեղքել մարտական դիրքերն ու ներխուժել թիկունք։ Այդ դեպքում Սարգսյանն անշուշտ կմնար առանց իշխանության։ Փաստորեն զինվորների ու քաղաքացիների անձնուրացության հաշվին փրկվեց նաև նա։

Իսկապես հակամարտությունը կարգավորելու համար ծախսվեցին հսկայական ռեսուրսներ ու միջոցներ, սա նաև նյարդային պատերազմ էր, որտեղ իրավիճակը ամեն պահ կարող էր դուրս գալ վերահսկողությունից:

Հասարակական-քաղաքական շրջանակների համար կատարվածն իրական սառը ցնցուղ էր, որից հետո, անշուշտ, պետք է մոտեցումներ փոխվեին՝ քաջ գիտակցելով, որ արտաքին մարտահրավերներին հակադարձելու համար պետականության ցուցաբերած ոչ այնքան բարձր դիմադրողականության միակ պատճառը Սահմանադրական կարգի և իրավական պետության չգոյությունն էր: Բայց մոտեցումներն այդպես էլ չփոխվեցին։ Պատերազմից ընդամենը օրեր անց նորից ընտրություններ կեղծվեցին։ Ընտրություն կեղծողը հայրենիքի սահմաններն էլ կկեղծի։

Այն մարդիկ, որոնք պնդում են, թե զինվորի մինչև վերջ կռվելու պատրաստակամության գործոնի հաշվին հնարավոր է պատերազմ հաղթել, առաջին հերթին հանցագործություն են գործում հենց այդ զինվորների նկատմամբ: Այսինքն նրանք ամբողջ պատասխանատվությունը հաջողության, թե անհաջողության դեպքում գցում են շարքայինների վրա, այն դեպքում երբ իրական պատասխանատուները քաղաքական իշխանություններն են ու բարձրագույն հրամանատարությունը, որոնք չգիտես ինչու չեն ուզում պատասխանատվություն կրել:

Իսկ փորձագետներն էլ անուղղակիորեն հաստատում են անպատասխանատվության այդ կարգավիճակը, պնդելով թե մենք կհաղթենք, որովհետև զինվորները սուբյեկտ են տարածաշրջանում:

Զինվորը չի կարող սուբյեկտ լինել, չի կարելի նրա դերը գերագնահատել, որքան էլ այն մեծ լինի:Ապրիլյան պատերազմում մենք չենք հաղթել և չենք էլ հաղթի ապագա պատերազմում, քանի դեռ չունենք որակյալ քաղաքական իշխանություն և ըստ պատշաճի իրավիճակին տիրապետող բարձրագույն հրամանատարություն: Մենք ընդամենը մեծագույն զոհողությունների գնով կանգնեցրել ենք հակառոկորդի հուժկու գրոհը, որը չափազանց ծանր նստեց մեր վրա։

Հայրենասիրական շինծու շիզոֆրենիան մոռանալ է պետք։ Հայաստանն ու Արցախը միգուցե կկարողանան կասեցնել ևս մի քանի նմանատիպ հարձակումներ՝ մեկ, երկու, երեք, թող լինի չորս անգամ, բայց թալանված տնտեսությունով ու կարկատված պետական համակարգով մինչև ու՞ր: Հինգերորդ անգամ հնարավոր է և արդեն ուշ լինի։ Հավատացնում եմ, այդ դեպքում կարող է այլևս դիմադրելու ռեսուրսներ չլինեն: Եթե ուզում ենք չմորթվել, ապա պետք է արդարության և իրավահավասարության վրա խարսխված պետություն ստեղծել։ Բայց ինչի՞ մասին է խոսքը, երբ պետությունը շարժվում է մեկ անձի իշխանության հավերժացման ճանապարհով…