Նրանք զոհվեցին Ղարաբաղի անվտանգության համար

Նրանք զոհվեցին Ղարաբաղի անվտանգության համար
Երեկ առավոտյան տեղեկացանք, որ Արցախում հերթական ողբերգական պատահարն է գրանցվել՝ ականազերծողների մեքենան պայթել է ականի վրա, եւ արդյունքում կան երեք զոհ, երկու վիրավոր։ Ավելի ուշ տեղեկացանք, որ զոհերն ու վիրավորները «Հելո թրասթ» միջազգային կազմակերպության աշխատակիցներն են։ Կազմակերպությունն ավելի ուշ հայտարարություն տարածեց․ «Խորը վշտով տեղեկացնում ենք, որ մեր երեք աշխատակիցները սպանվել եւ երկուսը վիրավորվել են ԼՂ Ղազանչիի շրջանում, այսօր՝ մարտի 29-ի առավոտյան, հակատանկային ականի պատահական պայթյունի հետեւանքով: Զոհվածներն են` Պավել Ակոպովը, Սամսոն Ավանեսյանը եւ Մարատ Պետրոսյանը: Պայթյունի պահին նրանք եղել են մեքենայում եւ իրականացրել են ականապատ դաշտի հետախուզական-որոնողական աշխատանքներ»:



Ականազերծման միջազգային բարեգործական կազմակերպության վիրավորները ներկայումս գտնվում են Ստեփանակերտի հիվանդանոցում, եւ HALO-ն արդեն կապ է հաստատել զոհերի եւ վիրավորների ընտանիքների հետ, որոնք գտնվում են Լեռնային Ղարաբաղում: Կազմակերպությունը նշել է նաեւ, որ սերտորեն գործակցում է տեղական ոստիկանության եւ քննիչների հետ եւ կոչ է անում տեղեկացնել միջադեպի բոլոր մանրամասների մասին: HALO-ի գլխավոր տնօրեն Ջեյմս Կոուենը հայտարարել է նաեւ, որ ամեն օր HALO-ի 8 հազար աշխատակիցներ աշխատում են այնպիսի տեղամասերում, որտեղ այլոք ոտք չեն դնի: «Մեր գործընկերները զոհվել են, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հողը դարձնեն անվտանգ»,- ասված է Կոուենի խոսքում: