«Մայրենի 3» -վրիպակները մի քիչ շատ են...

«Մայրենի 3» -վրիպակները մի քիչ շատ են...
Շատ ենք լսում դժգոհություններ հանրակրթական դպրոցի այս կամ այն դասարանի դասագրքի որակի մասին։ Հիմա իմ ձեռքին է մի ոչ մեծ գիրք-տետր՝ նախատեսված 3-րդ դասարանցիների համար, որ բազմաթիվ էջերին պարունակում է վրիպակներ, անճշտություններ կամ ուղղակի սխալներ։ Աշակերտների ծնողների, ուսուցիչների ուշադրությանն եմ ցանկանում հանձնել այդ գրքույկի սխալներից մի քանիսը՝ վստահ լինելով, որ օգտակար գործ արած կլինեմ նրանց համար։ Մանավանդ՝ առիթ կլինի, որ «40 թեստ» գիրք-տետրի հարգելի հեղինակները (Միրցա Հալաջյան, Նվեր Մկրտչյան) առավել ուշադիր եւ պատասխանատու լինեն դպրոցական նման գրքույկներ գրելիս ու տպագրելիս։



Մինչ այդ անկեղծորեն ասեմ, որ «40 թեստ»-ում եղած վրիպումներին իմ ուշադրությունը հրավիրել են զավակներս՝ իրենց հաճախակի տարակուսած հարցերով, թե արդյոք ճի՞շտ են տվյալ հանձնարարությունը, բառաձեւը։ Շատ շուտով սովորություն դարձավ՝ սկսեցին հաստ կարմիր գրիչով ուղղել իրենց նկատած սխալները։



Գրքույկի էջերին սփռված են, նախ, պարզ վրիպակները։ Կարելի էր լուռ անցնել դրանց կողքով՝ համարելով, որ գրեթե անհնար է լինում զերծ մնալ վրիպակներից, սակայն 50 էջանոց ուսումնական գրքույկի համար դրանք սպասվածից շատ են։ Փորձեք հասկանալ, թե ինչ բառեր եմ գրքույկից մեջբերել. հետեւյան (էջ 3 եւ 4), մանցին (կարծես «մնացին» պիտի լիներ՝ էջ 7), մգրեր («մրգեր»-ն է, էջ 16), գույղ (պետք է լինի գյուղ, եթե, իհարկե, «գույտ» զավեշտական բառի նմանակը չէ...), եկինք (24), «անձրեւները տիրակալ էի (պետք է լինի՝ «տիրակալ էին»՝ էջ 26), Մադենադարան (49) եւ այլն։



Հանդիպում են բովանդակային սխալներ։ «Թեստ 6»-ի 1-ին հանձնարարության մեջ խոսվում է պարտեզի, մանուշակի, կակաչի մասին, ապա հարց է տրվում՝ «Ինչու՞ էր վարդը ծաղրում մանուշակին», այնինչ ծաղրողը, ըստ տեքստի, կակաչն էր, ոչ թե վարդը։



Հանձնարարվում է պատասխանել, թե «ո՞ր գոյականը տեքստում ուղիղ ձեւով չի դրված», եւ բերված է 4 տարբերակ՝ ձորով, սար, ձնծաղիկ, ժպտալ... ստացվում է ժպտալ-ը գոյակա՞ն է։



Հանձնարարվում է. «Կազմի՛ր բարդ ածականներ ձախ եւ աջ սյունակների արմատներից (պարզ բառերից)», եւ տրված են ձախ սյունակում հորդ, հմուտ, դալար, իսկ աջ սյունակում՝ վարպետ, ճյուղ, անձրեւ։ Ստացվում են «հմուտ վարպետ», «հորդ անձրեւ», «դալար ճյուղ», որ բնավ բարդ բառեր եւ ածականներ չեն, այլ՝ բառակապակցություններ։



Տրվում են հանձնարարություններ, որոնք աշակերտները դեռ չեն անցել։ Օրինակ, ասվում է՝ «կազմի՛ր կանչում է բայի ժխտական ձեւը» (էջ 22), իսկ ժխտականը «Մայրենիի» 3-րդ դասարանի դասագրքում չի մեկնաբանվում։



Մի քանի այլ անփույթ վրիպումներ թվարկում եմ շարքով, հեղինակներն իրե՛նք թող գտնեն՝ ըստ բերված էջերի։ Մեծատառից հետո գրված է փոքրատառ՝ էջ 3, նախադասությունն ավարտվում է առանց վերջակետի՝ էջ 8, շեշտի փոխարեն դրված է ապաթարց՝ էջ 10, հանձնարարության 4 բառի մեջ երկուսը կրկնվում են՝ էջ 21 եւ այլն։ Եվ այլն։



Այս հակիրճ հրապարակումը մի փաստ է դասագրքերի կամ, ավելի լայն ասած՝ մեր հանրակրթության որակի հանդեպ իրավասու կառույցների, հեղինակների ոչ պատշաճ եւ ոչ պատասխանատու վերաբերմունքի մասին։ Որեւէ մեկը գուցե հակառակի՝ ասելով, թե ամենակարեւորներից չէ բարձրաձայնած հարցը, թե ավելի մեծ մարտահրավերներ ունենք (համաձայն կլինենք լիովին)։ Բայց եթե կա նման պնդում անող՝ լինի «40 թեստ»-ի կամ ուսուցողական այլ գրքույկի ու դասագրքի հեղինակ, կրթության պաշտոնյա կամ մեկ այլ անձ, որն 8 տարեկան երեխային մատուցվող գրքույկի սխալները ինչ-ինչ բանադարձումներով կցանկանա արդարացնել, ապա սիրով հրավիրում ենք հրապարակային բանավեճի՝ 3-րդ (առիթ լինի՝ նաեւ կներկայացնեմ այլ դասարաններինը) դասարանցու համար նախատեսված գրքույկի սխալների այդ արդարացումն ունկնդրելու համար։ Ես կներկայանամ որպես ծնող։



Եվ մի բան էլ․ դասագրքաստեղծման ընթացքին այս կամ այն կերպ առնչվում ենք նաեւ մենք, չենք բացառում հեղինակային շտապողականությունը, անուշադրությունը, «մարդկային գործոնը»։ Բայց ասվածն այս գրքույկին չի վերաբերում, քանի որ այն, գոնե իմ ձեռքի տակ եղածը, տպագրվել է 2011 թվականին, եւ նույն սխալներն առնվազն 7 տարի չեն շտկվել։ Բացի դա, «40 թեստ»-ը վաճառվում է աշակերտներին խիստ որոշակի գումարով, այդպես է ինձ ծանոթ մի քանի դպրոցներում, ուրեմն ծնողները վճարում են սխալաշատ մի բան առնելու համար, իսկ հեղինակները հարկ չեն համարում տարիներ շարունակ ուղղումներ մտցնել։ Խի՛ստ պատասխանատու մի ոլորտ է սա, որպեսզի թեթեւ եւ անքննաբան անցնենք դրա կողքով։ Խորհուրդ չենք կարող տալ հեղինակներին, այլ պարզապես մեր դիտարկումները ներկայացրինք։



«Գրախոսվող» գրքույկը, ընդ որում, միակը չէ, մանրակրկիտ քննության արժանի այլ գրքեր ու դասագրքեր նույնպես կան, ավելին՝ հիմա արդեն անփութությունը, մակերեսայնությունը, սխալաշատությունը մտել են բուհական որոշ նորաստեղծ «դասագրքերի» մեջ, բայց դա արդեն այլ ժանրից է։



**Նորայր ՊՈՂՈՍՅԱՆ**