Իշխանության արած «լավ բանից» երկրում ոչինչ չի փոխվում

Իշխանության արած «լավ բանից» երկրում ոչինչ չի փոխվում
Ազգային ժողովը երեկ «շըփ-թըփ» ռեժիմով՝ առանց ընդմիջումների, երկրորդ ընթերցմամբ քննարկեց ու անցկացրեց մի շարք օրենքներ, որոնց մեջ էր նաեւ կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին օրենքը։ Ընդդիմությունն ի սկզբանե դեմ էր, որ կառավարության հրավիրած արտահերթ նիստն անցնի առանց ընդմիջումների, քանի որ չեն հասցնում ծանոթանալ տասնյակ նախագծերում արված փոփոխություններին, որոնք կարեւոր են։ Բայց իշխանությունը չգիտես ուր էր շտապում, եւ իրենց պետք էր արագ քննարկել, անցկացնել։ Այս «էքսպրես» ռեժիմն ակնհայտորեն ձեռնտու է իշխանություններին, քանի որ նրանք վերջին պահին այնպիսի մանիպուլյատիվ դրույթներ կարող են մտցնել նախագծերում, որոնք բնավ պետք չէ, որ պատգամավորները նկատեն, ուսումնասիրեն ու բարձրաձայնեն։ Դրա համար արագացված ռեժիմ են ընտրում, որ արագ-արագ, «շուտասելուկի» նման իրենց նախագծերն իրենց պատկերացրած ձեւով անցկացնեն։



**Դավիթ Հարությունյանը**, զեկուցելով «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքը, որը ներկայացված է փաթեթով, նախ շնորհակալություն հայտնեց դրա վերաբերյալ առաջարկություններ ներկայացնողներին՝ Խոսրով Հարությունյանին, Կարինե Աճեմյանին եւ «Ելք» խմբակցությանը։ Բայց եւ նշեց, որ այդ առաջարկներից ոչ բոլորն են ընդունվել իրենց կողմից։ Ներկայացված փաթեթում է ընդգրկված նաեւ Երեւանի ավագանու մասին օրենքում փոփոխության նախագիծը, որով, փաստացի, կառավարությունն արեց այն, ինչ չհաջողվեց Տարոն Մարգարյանին՝ լրագրողներին դուրս հանել Երեւանի ավագանու նիստերի դահլիճից եւ թույլ տալ նիստերը լուսաբանել միայն էկրանների միջոցով։ Նկատենք՝ ինչը չի հաջողվում անել կարգադրություններով ու հրամաններով, անում են օրենքով, եւ դա նոր ավանդույթ չէ մեզանում։ Դավիթ Հարությունյանն ասաց, որ Երեւանի ավագանու նիստերն էլ կլուսաբանվեն ԱԺ-ի օրինակով՝ դրսից ուղիղ հեռարձակմամբ հետեւելով նիստի ընթացքին։ Նրա կարծիքով՝ ԱԺ-ում լրագրողները, դահլիճից այն կողմ հետեւելով նիստի ընթացքին, չեն խոչընդոտում իրենց աշխատանքը, իրենք էլ չեն խանգարում լրագրողներին։ Հիմա նույն դրույթն ամրագրում են Երեւանի ավագանու պարագայում։ Սա, բնականաբար, արժանացավ ընդդիմության քննադատությանը։



**Էդմոն Մարուքյանը** հարցրեց Դավիթ Հարությունյանին, թե ինչու են մերժել իրենց առաջարկները։ Մասնավորապես, «Ելք» խմբակցությունն առաջարկել էր կառավարության նոր կառուցվածք, որտեղ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների, ինչպես նաեւ սփյուռքի նախարարությունները պետք է ընդգրկվեին ԱԳՆ կազմում։ Հարությունյանն ասաց, որ դա քաղաքական որոշում է, եւ իշխանությունն ինքն է որոշում՝ կառավարության ինչ կառուցվածք ընտրել։ «Ելքն» առաջարկել էր նաեւ հրապարակային դարձնել ոստիկանության զորքերի թիվը, ինչը եւս մերժվել է։ Արդարադատության նախարարն ասաց, որ ոստիկանության զորքերը մեր ընդհանուր զորքերի մեջ են մտնում, եւ չի կարելի է այդ տեղեկատվությունը տրամադրել, որից սիրով կօգտվի մեր հակառակորդը։ «Ելք»-ն առաջարկում էր նաեւ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն բերել կառավարության կազմ եւ դարձնել նախարարություն, ինչը եւս մերժվել է։ Փոխարենը նախարարությունն ընդունել է «Ելք»-ի՝ տեսչական մարմինների հետ կապված առաջարկությունը։ Բայց չեն ընդունել այն, որ հակասահմանադրական է առաջին փոխվարչապետի պաշտոն սահմանելը։



Դավիթ Հարությունյանի ներկայացրած նախագծերը մի հատ էլ իր ձեւով հիմնավորեց նախարարի սանիկը՝ նախագծերի հարակից զեկուցող, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ **Գեւորգ Կոստանյանը**։ Նա նկատեց, որ շատ է խոսվում այն մասին, թե իրենք այս համակարգով ստեղծում են «սուպերվարչապետի» ինստիտուտ։ «Բայց մենք ոչ թե սուպերվարչապետի պաշտոն ենք ստեղծում, այլ ստեղծում ենք իր ժողովրդի, իր պառլամենտի առաջ քաղաքական բարձր պատասխանատվություն ունեցող վարչապետ»,- ասաց Կոստանյանը։ Նա նաեւ անդրադարձավ «Ելք»-ի՝ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը կառավարության կազմում ընդգրկելու, նախարարություն դարձնելու մասին առաջարկին՝ նշելով, որ դա չի կարող լինել, քանի որ այդ կառույցները պետք է լինեն ապաքաղաքական մարմիններ։ Իսկ նախարարի պաշտոնը քաղաքական պաշտոն է։ Այսինքն՝ իրենք ամեն ինչ արել են, որ այդ մարմինները լինեն մաքսիմալ ապաքաղաքականացված, եւ նրանց համար քաղաքական պատասխանատվությունը կրում է վարչապետը։



Էդմոն Մարուքյանը զարմացավ Կոստանյանի պատասխանից․ «Այսինքն՝ Դուք ուզում եք ասել, որ այն երկրները, որոնք խորհրդարանական կառավարման են անցել եւ ունեն ներքին գործերի նախարար, ազգային անվտանգության նախարար, որոնք քաղաքական պաշտոններ են, սակայն ծառայությունը դրանից որեւէ ազդեցություն չի կրում, Հայաստանում դա սկզբունքային հարց է եւ չի՞ կարող լինել»։ Կոստանյանը Մարուքյանի հարցը գնահատեց «շատ լավ», բայց մի ապաքաղաքական հավելումով «ջրեց» այն․ «Այն երկրներում, որտեղ կա ներքին գործերի նախարարություն, ես Ձեզ վստահեցնում եմ, որ այդ պարագայում անգամ ոստիկանությունը ներքին գործերի նախարարությունում ընդգրկված է որպես առանձին, առանձնացված ծառայություն։ Մենք ավելի լավ բան ենք անում, քան դուք առաջարկում եք։ Ասեմ՝ ինչու։ Եթե մենք դարձնենք ներքին գործերի նախարարություն, էդ նշանակում է, որ ոստիկանության գործունեության համար քաղաքական պատասխանատուն լինելու էր նախարարը, իսկ մենք ոստիկանական գործողությունների համար քաղաքական պատասխանատուն դարձրել ենք վարչապետին։ Հիմա վա՞տ բան ենք արել, թե՞ լավ։ Իհարկե՝ լավ»։



Կոստանյանի հռետորական հարցին արձագանքեց Մարուքյանը՝ նշելով, որ նրանք վատ բան են արել, որովհետեւ ցույց են տալիս, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում երկրում որեւէ բան չի փոխվում։



Ի վերջո, քվեարկությամբ հաստատվեց իշխանության առաջարկած «լավ բանը», որն ընդդիմությունը համարում է «վատ»։ Այն անցավ 63 կողմ ձայնով, կողմ քվեարկեց միայն ՀՀԿ-ն, իսկ «Ծառուկյան դաշինք» խմբակցությունն ու «Ելք»-ը դեմ էին։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**