Գյումրու պատկերասրահն ու կանացի ներքնաշորերը

Գյումրու պատկերասրահն ու կանացի ներքնաշորերը
Գյումրու կենտրոնական՝ Ռիժկովի փողոցում է գտնվում արդեն նախկին պետական պատկերասրահը: Այս փողոցն ամենամարդաշատն է: Եւ ժամանակին մշակույթային լուրջ օջախներից էր պատկերասրահը, որտեղ ցուցադրվում էին տաղանդավոր նկարիչների ստեղծագործությունները:



Հիմա դրանից մնացել է միայն կառույցի ճակատին քանդակած «պատկերասրահ» բառը, իսկ շենքի լուսամուտների ցուցափեղկերից անցորդներին են ողջունում կիսամերկ մանեկենները՝ գովազդելով կանացի ներքնաշորեր: Տարեց սերունդն ափսոսանքով է նայում բուտիկի վերածված շենքին: Հիշում են՝ խորհրդային տարիներին, թե ի՜նչ արժեք էր այն:



Պատկերասրահի սեփականատերը գյումրեցի հայտնի քանդակագործ Արտուշ Պապոյանն է: Գյումրեցիները պատմում են, որ շենքը քանդակագործին հանձնեց կամ ավելի ճիշտ նվիրաբերեց նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ում օրոք քաղաքում արձանաշինության բում էր սկսվել, եւ քանդակագործին հաճախ էր հիշում:



Այսօր Գյումրու կենտրոնական փողոցներում կանգնեցված արձաններից շատերի հեղինակը հենց նա է: Նրա վարպետության շնորհքն է «Հայուհի» («Տիրամայր») քանդակը, որը տեղադրված է Գյումրիի Անկախության հրապարակում, «Վարդանանք» արձանախումբը՝ կենտրոնական հրապարակում, «Ավետիք Իսահակյանի դիմաքանդակ»-ը՝ Գյումրիի համանուն դպրոցի բակում, Մխիթար Գոշի կիսանդրին՝ Գյումրիի դատախազության շենքի պատին, Սայաթ-Նովայի հուշարձանը՝համանուն փողոցում, Նժդեհի հուշարձանը՝ Գյումրիի Նժդեհի անվան հրապարակում, «Սասունցիներ»-ը ՝ Գյումրու «Նանե» հյուրանոցային համալիրի բակում , Հովհարով աղջիկը, «Ջիվանին և Շերամը» զուգաքանդակը:Նրա գլուխգործոցներից է նաև Շիրակի մարզի Ղարիբջանյան գյուղի մուտքի մոտ տեղադրված Քրիստոսի արձանը՝ նվիրված 1988 թվականի երկրաշարժից զոհված երեխաներին: Տաղանդավոր քանդակագործին սակայն, այսօր չի հաջողվում համախմբել քաղաքի արվեստագետներին, որպեսզի պատկերասրահը ծառայեցնի բուն նպատակին:



Մի առիթով Արտուշ Պապոյանն ասել է, որ իր ցանկությունը մեծ էր, որ նկարիչները միավորվեին եւ ցուցադրություններ կազմակերպեին այնտեղ, բայց ընդհանուր հայտարարի այդպես էլ չեն եկել, եւ նա ստիպված է, շենքը գոնե ժամանակավոր, հանձնել վաճառականներին: