Իսկ 2022-ին Սերժ Սարգսյանը կհեռանա՞

Իսկ 2022-ին Սերժ Սարգսյանը կհեռանա՞
Չնայած իր պատմական հարցազրույցում Սերժ Սարգսյանը փաստացի հայտարարել է, որ նախագահի պաշտոնը թողնելուց հետո վարչապետի պաշտոնը զբաղեցնելու նպատակը քաղաքական սերնդափոխություն իրականացնելն է, այդուհանդերձ, Հանրապետականում չեն համարձակվում խոսել այն հեռանկարի մասին, որ 2022-ին, երբ ձեւավորվի նոր խորհրդարան, ու ՀՀԿ-ն կրկին մեծամասնություն կազմի, հնարավո՞ր է փոխի իր վարչապետին, այսինքն՝ Սերժ Սարգսյանին, թե՞ մենք վերածվելու ենք Ղազախստանի, Ադրբեջանի, որտեղ իշխանության հավերժացման ուղիով են գնում։



Ինչպես հայտնի է, նոր Սահմանադրությամբ վարչապետի պաշտոնավարման ժամկետի սահմանափակում չի նախատեսվում։ Խորհրդարան անցած մեծամասնությունն է ներկայացնում վարչապետի իր թեկնածուին։ Այսինքն՝ եթե տասնամյակներ շարունակ, Աստված ոչ արասցե, ՀՀԿ-ն մնա իշխանության, ապա Սերժ Սարգսյանին կարող է ցմահ վարչապետ նշանակել։



Նախկին ոստիկանապետ **Ալիկ Սարգսյանը** չի ուզում մտածել, թե ինչ կլինի տարիներ հետո։ Նա կարծում է, որ Սերժ Սարգսյանը պետք է որոշի, քանի որ ինքն է ՀՀԿ ղեկավարը։ Սակայն ամիսներ շարունակ ՀՀԿ-ականներն աղաչում-պաղատում էին Սերժ Սարգսյանին, թե նման մարտահրավերների դեպքում իր պես անփոխարինելի առաջնորդը չի կարող ձեռքերը լվանալ ու մի կողմ քաշվել։ Անգամ «սպառնալիքներ» հնչեցին, թե ՀՀԿ-ի պարտադրանքներից նա չի կարող խուսափել։ «Ստացվում է, որ կուսակցությունում Սերժ Սարգսյանը միանձնյա՞ է որոշում» հարցին Ալիկ Սարգսյանը տեղում խմբագրեց ինքն իրեն՝ ասելով, որ Սերժ Սարգսյանը հատ առ հատ լսում է բոլորին, վերջում որոշում կայացնում։ Նախկին ոստիկանապետի կարծիքով՝ Սերժ Սարգսյանը վաղուց սկսել է երիտասարդ լիդերների պատրաստման գործընթացը, եւ չի բացառվում, որ առաջիկա տարիներին «արժանի» փոխարինող թրծվի․ «Արդեն 10, 20 տարի է՝ նախապատրաստում է այդ կադրերին։ Էսօրվա երիտասարդ կադրերին տեսնում եք՝ գալիս են, զեկույց են ներկայացնում, գրագետ են, տարբեր ճանաչված բուհերում կրթված, օտար լեզուների տիրապետող։ Մեր ժամանակները, իսկապես, ուրիշ էին։ Դժվար թե ես գյուղում անգլերենի, ֆրանսերենի տիրապետեի, բայց էս էրեխեքը սովորել են, հանդես են գալիս տարբեր միջազգային հարաբերությունների մեջ։ Կգա ժամանակը, մարդը կտեսնի՝ կա՞, թե՞ չկա արժանի լիդեր։ Բայց եթե այս պահին նա չի կարողանում տեսնել, ինչ-որ մեկին վստահել այդ կարեւոր պաշտոնը, արդյոք բնական չէ՞, որ ինքն առաջադրվի»։



Ալիկ Սարգսյանը չի կարող կանխատեսել՝ մինչեւ 2022 թվականը կունենա՞ Սերժ Սարգսյանն արժանի փոխարինող, թե՞ ՀՀԿ-ում դարձյալ իր թեկնածությունը կառաջադրեն։ «Էս պահին հաստատ չկա, էդ մարդն ամագ ունի էս երկրի վրա։ Ինքը կարող է, չէ՞, մտածի այն մասին, որ չկան, ու ինքը պետք է լինի։ Ի՞նչ կա զարմանալու։ Թե հիմա ինչ կլինի մի քանի տարի հետո, ինչ հունով կզարգանա երկիրը, ես չեմ կարող ասել, այդ ժամանակ կգաք, կտեսնենք ինչ է լինելու։ Գուցե այնպիսի իրավիճակ լինի, որ վաղը, մյուս օրը Սերժ Սարգսյանը չտեսնի իր առաջադրվելու կարիքը, բերի ինչ-որ մի գիտաշխատողի եւ ասի, որ՝ այ, ինքն ավելի լավ կղեկավարի, որովհետեւ փայլուն տնտեսագետ է։ Հիմա ժամանակն է, որ զբաղվենք երկրի տնտեսության զարգացմամբ»։



Հանրապետական **Ռուզաննա Մուրադյանն** էլ հորդորում է ժամանակից առաջ չանցնել եւ չպահանջել պատասխան՝ ՀՀԿ-ն հաջորդ ժամկետին, «պետության շահով» առաջնորդվելով, էլի՞ առաջադրելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը, հնարավո՞ր է վարչապետի փոփոխություն լինի․ «Երբ ամեն ինչ վերջնական իր լուծումը կունենա, դրան կզուգակցի նաեւ այն ծրագիրը, որը կտա Ձեր հարցի պատասխանը։ Իսկ ամեն ինչի ժամկետները որոշվում են տվյալ պահի հանգամանքներով»։ Մուրադյանը կարծում է, որ քաղաքականության մեջ ոչինչ չի կարելի բացառել․ «Ոչ թե անձնավորված եմ ուզում ասել, այլ՝ ընդհանրապես։ Այս պահին 2022 թվականի մասին կարծիքներ հայտնելը մի քիչ շատ ժամանակավրեպ է»։ Միջին սերնդի ներկայացուցիչ Ռուզաննա Մուրադյանը չի կարող կանխատեսել՝ կհաջողվի՞ երիտասարդ լիդերների թրծման գործընթացը, կունենա՞նք մոտ ապագայում Սերժ Սարգսյանին արժանի փոխարինողներ, սակայն բարձր ու վեհ է գնահատում Սերժ Սարգսյանի կամքը․ «Ես ուզում եմ այդ կամքը, ձգտումը, նպատակադրումը շատ բարձր գնահատել, որովհետեւ, եթե Դուք անդրադառնում եք այդ հայտարարությանը, ապա պիտի նկատեք, որ խոսքը միայն հանրապետականների մասին չէ, այլ՝ առհասարակ։ Իսկ սա շատ կարեւոր քաղաքական մի հարթակ է ձեւավորում, որտեղ ե՛ւ ընդդիմության, ե՛ւ իշխանության, ե՛ւ ընդհանրապես երիտասարդների պոտենցիալը պետք է օգտագործվի երկրի համար։ Ես վստահ եմ, որ Սերժ Սարգսյանի հսկայական փորձը ճիշտ ուսուցանելու դեպքում, այո, կպատրաստվեն այն առաջնորդները, որոնք իրենց օգուտը կբերեն երկրի զարգացման համար»։



Արագածոտնի նախկին մարզպետի եղբայր **Նաիրի Սահակյանն** էլ ոչինչ չունի ավելացնելու իր այն հայտարարությանը, որը մեզ հետ զրույցում ասել է ամիսներ առաջ։ Նա ցանկանում է, որ Սերժ Սարգսյանը լինի երկրի «ցմահ» ղեկավարը․ «Վերջ, ես իմ ասածն ասել եմ ու մնում եմ իմ ասածին, ավելացնելու չունեմ»։



**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**