Թաթուլ Շուշանյանը միայնակ չի գնում զբոսանքի՝ վախենալով, որ իրեն վնաս կհասցնեն

Թաթուլ Շուշանյանը միայնակ չի գնում զբոսանքի՝ վախենալով, որ իրեն վնաս կհասցնեն
Ալավերդիում քրեական հեղինակություն համարվող Վահագն Աբգարյանի գործով կալանավորված Լոռու քննչական կոմիտեի վարչության նախկին պետ Թաթուլ Շուշանյանի դեմ Արթուր Մնացականյանը, որը ցուցմունք է տվել Աբգարյանի դեմ, ցուցմունք է տվել նաեւ Շուշանյանի դեմ, նա պատմել է, թե ինքն է անձամբ Վահագն Աբգարյանի անունից կաշառքը փոխանցել Լոռու ՔԿ վարչության նախկին պետին։ Ի դեպ, տեղեկություններ կան, որ «Վարդաշեն» ՔԿՀ-ում պահվող Թաթուլ Շուշանյանն օրերս կոնֆլիկտ է ունեցել մի քանի դատապարտյալների հետ, որոնք ուժային կառույցների նախկին աշխատակիցներ են եւ հենց Շուշանյանի թեթեւ ձեռքով էլ հայտնվել են ճաղերի ետեւում։



ՔԿ վարչության նախկին պետն անգամ խուսափում է միայնակ դուրս գալ զբոսանքի, մտածում է՝ իրեն վնաս կհասցնեն։ «Եթե իրեն ուզում են զբոսանքի տանեն, ամեն ինչ անում են, որ ոչ մի կալանավոր իրեն չհանդիպի ճանապարհին, մտավախությունն այն է, որ չես կարա ասես՝ էդ կալանավորի ձեռքին ինչ կլինի, որ կարողանա Շուշանյանին վնասել։ Բայց տանելու ընթացքում քֆուրներ են տալիս իրեն, գիտեն, որ այդ մարդկանց ինքը կալանավորել ա, դրա համար էնտեղ հարգանք չունի։ Քննիչը չի հայհոյի, բայց մաքսայինի նախկին աշխատակից կհայհոյի, էդ տրամաբանությամբ իր վիճակը լուրջ ա»,-նշեց մեր աղբյուրը։



Շուշանյանի փաստաբան Վարդուհի Էլբակյանը մեզ հետ զրույցում հերքեց այս տեղեկությունը՝ նշելով, որ այս պահին իրենք չեն կարող որեւէ հայտարարություն անել․ «Նման բան չկա, Թաթուլ Շուշանյանը նման բան երբեւէ չի ասել»։



**Աննա Պապիկյան**