Մեզ հիմարի տե՞ղ եք դնում, չեմ հասկանում, կարում եք՝ ապահովեք ձեր պատգամավորների քանակը, չեք կարում, մի՛ քվեարկեք

Մեզ հիմարի տե՞ղ եք դնում, չեմ հասկանում, կարում եք՝ ապահովեք ձեր պատգամավորների քանակը, չեք կարում, մի՛ քվեարկեք
Ազգային ժողովում հերթական նախագծերի քվեարկությունը նորից սկանդալի և վեճի առիթ տվեց, երբ «Ելք»-ը պարզեց, որ պատգամավորներ կան, որոնք ներկա չեն եղել դահլիճում, բայց կողմ են քվեարկել։ Մինչ այդ էլ նորից խնդիր առաջացավ գործուղման մեջ գտնվող պատգամավորների քվեարկության մասով, սակայն ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ասաց, որ իրենց գործընկերներից Արփինե Հովհաննիսյանը, Արմեն Աշոտյանն ու ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանը, գտնվելով ԱՄՆ-ում գործուղման մեջ, իրենց դրական վերաբերմունքը գրավոր արտահայտել են այս քվեարկությունների վերաբերյալ։ Հետևաբար, քվեարկած 61 կողմ ձայներին ավելանում են նաև այս երեք պատագամավորների ձայները։



Բայց «Ելք»-ը հունից դուրս եկավ, երբ պարզեց, որ քվեարկություններից մեկի ժամանակ ՀՀԿ-ական Աշոտ Արսենյանը դահլիճում չի եղել, բայց նրա անվան դիմաց «կողմ» քվեարկություն է նշված։



«Հանրաքվեի մասին սահմանադրական օրենքի քվեարկության ժամանակ Աշոտ Արսենյանը ներկա չի եղել, բայց իր անվան դիմաց գրանցվել է կողմ։ Հետևաբար, մենք այդ քվեարկությունը պետք է հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել, վերականգնել ա պետք պատկերը կամ ինչ-որ բան ա պետք անել»,-հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։



Բաբլոյանը փորձեց շտկել իրավիճակը՝ արդարացում բերելով այն, թե պատգամավորները քվեարկել դուրս են եկել դահլիճից։ «Ես խնդրում եմ հետ գան պատգամավորները, որովհետև մարդիկ քվեարկել դուրս են եկել, և հիմա մենք չենք կարող նորից անդրադառնալ հարցին»,-ասաց Բաբլոյանը՝ նշելով, որ որոշումն ընդունվել է։



Բայց սրանով Բաբլոյանը չազատվեց «Ելք»-ի ձեռքից։ Վարման կարգով ձայն խնդրեց Արարատ Միրզոյանը, ով զայրացական տոնով դիմելով ԱԺ նախագահին, հարցրեց․ «Հարգելի պարոն Բաբլոյան, մենք անընդհատ վերադառնում ենք էս խնդրին ու սրա լուծումը չենք կարողանում գտնել։ Էս մի փոքրիկ դահլիճում Դուք կարողանո՞ւմ եք բացառել ընտրակեղծարարությունը և քվեարկուրթյունների կեղծումը, թե՞ ոչ, պարոն Բաբլոյան։ Որերերդ անգամ բախվում ենք էդ խնդրին, երբ որ մեկը մյուսի փոխարեն ա քվեարկում։ Սա շատ էական հարց ա, և մի՛ մտածեք, թե լղոզելով անցնելու ա։ Մեզ հիմարի տե՞ղ եք դնում, չեմ հասկանում, կարում եք՝ ապահովեք ձեր պատգամավորների քանակը, չեք կարում, մի՛ քվեարկեք»։



Արա Բաբլոյանը շատ հանդարտ տոնով փորձեց բացատրել իրավիճակը․ «Հարգելի պարոն Միզրոյան, եթե հարցը ինձ է վերաբերում՝ հիմարի տեղ եմ դնում, թե ոչ՝ ոչ, ես բոլորիդ հարգում եմ, և դա անհնարին է, որ ես որևիցե մեկի կարծիքը հաշվի չառնեմ։ Բազմիցս, այո, անդրադարձել ենք այս հարցին, և ձեր պահանջով, նախևառաջ, ցուցատախտակն ավելի երկար ենք պահում, որպեսզի հայտնի լինի քվեարկողների մոտեցումները։ Երկրորդը, ձեր պահանջով մենք կրկնեցինք այն պատկերը, որն ունեինք։ Այդ պահին շատ ուշադիր դուք նայեցիք, և որևիցե արձագանք չեղավ։ Նրանից հետո, երբ որ պատգամավորները դուրս եկան, դուք արդեն արձագանքում եք, որին որ ես չեմ կարող անդրադառնալ, կներեք»։



Բաբլոյանի խոսքից հետո վարման կարգով արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանն էլ ավելացրեց․ «Մեր երկրի ամենամեծ պրոբլեմն էն ա, որ մեր երկրի առաջին դեմքերը ուղղակի կարող են սենց բոլորիս աչքերի մեջ նայել ու սուտը՝ որպես ճշմարտություն, բրթել։ Մենք ի՞նչ ենք ասում, ասում ենք՝ մարդը ստեղ չի եղել, չի քվեարկել։ Դե, եկեք տեսախցիկներով հանենք, տենանք՝ ներկա՞ է եղել գրանցման ժամանակ, թե՞ չէ»։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**