Լուսավորվել են Շենիկ գյուղի հիմնական փողոցները

Լուսավորվել են Շենիկ գյուղի հիմնական փողոցները
Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) եւ գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում են Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում արտաքին լուսավորության էներգախնայող համակարգերի տեղակայումը։ Համատեղ իրականացվող «Այլընտրանքային էներգիա» ծրագրի շրջանակում այս անգամ լուսավորվել են Արմավիրի մարզի Շենիկ գյուղի հիմնական փողոցները` շուրջ 1850 մ երկարությամբ տարածք: Տեղակայվել է 52 LED լուսարձակ:



Էներգախնայող համակարգի ներդրումը համայնքային զարգացման կարեւոր նախապայմաններից է: էներգախնայող տեխնոլոգիաների ներդրման ծրագիրը հնարավորություն է տալիս ոչ միայն թեթեւացնել համայնքի ֆինանսական բեռը, աշխուժացնել համայնքային կյանքը, այլեւ նպաստել կայուն եւ մաքուր շրջակա միջավայրի պահպանմանը։



Ժամանակակից համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Շենիկ համայնքի ղեկավար Կորյուն Մինասյանը եւ գյուղի բնակիչները:



«Մայրաքաղաքի եւ հատկապես սահմանամերձ գյուղերի զարգացման տեմպերի միջեւ մեծ տարբերություն կա: Ենթակառուցվածքների ապահովման անհրաժեշտությունն առկա է շատ բնակավայրերում: Տեւական ժամանակ իրականացնում ենք այս ծրագիրը՝ ձգտելով լուծել եղած խնդիրներն ու կրճատել համայնքների ֆինանսական բեռը: Միայն 2017 թվականին հասցրել ենք LED լուսարձակներով աշխատող համակարգ գործարկել 6 մարզի 14 գյուղում: Շենիկը դրանցից մեկն է: Հաճելի է արձանագրել, որ մեզ հաջողվում է որոշակի քայլերով նպաստել նման բնակավայրերի զարգացմանը: Ի վերջո, լուսավորված փողոց ունենալը քաղաքի մենաշնորհը չէ: Դա քաղաքակիրթ կենսաձեւի տարրական պայման է»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:



Ի տարբերություն այլ լամպերի՝ LED լամպերն առավել արդյունավետ ու դիմացկուն են, կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել՝ սպառելով 80%-ով պակաս էլեկտրաէներգիա:



Գյուղի փողոցները կլուսավորվեն ամռանը 21:00-02:00-ն, իսկ ձմռանը՝ 18:00-01:00-ն: Տոնական օրերին լուսավորությունը կապահովվի ամբողջ գիշեր:



Շենիկ գյուղը գտնվում է Արմավիրի մարզի հյուսիս-արեւմտյան մասում, սահմանակից է Թուրքիային։