Հայաստանյան հունվարյան գնաճը եղել է ռեկորդային

Հայաստանյան հունվարյան գնաճը եղել է ռեկորդային
Այն, որ սպառողական ապրանքների գնաճը Հայաստանում հունվար ամսին եղել է ռեկորդային, խոսում են նույնիսկ ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ մեր դաշնակիցները, սակայն ոչ երբեք հայրենի իշխանությունները: Ու մինչ Հայաստանի կառավարությունը հերթական գունագեղ դիագրամներն է պատրաստվում մատուցել սովորական քաղաքացուն, համեմված տարատեսակ բարդ տերմիններով, որից քաղաքացին պարտավոր էլ չէ գաղափար կազմելու, հերթական գուժկանը գալիս է Բելառուսից:



Այսպես, բելառուսական БелаПАН լրատվական գործակալությունը, որոշել է իրականացնել հունվար ամսվա համար գնաճի վերլուծություն նախկին ԽՍՀՄ տարածքի երկրների համար, հիմնվելով, ուշադրություն` նախկին ԽՍՀՄ տարածքի երկրների պետական վիճակագրական ծառայությունների հրապարակած բաց տվյալների վրա: Արդյունքում պարզվել է, որ գնաճի մակարդակով Հայաստանը նախկին ԽՍՀՄ տարածքում, հունվար ամսին գրավել է առաջին տեղը: Ըստ ուսումնասիրությունների, գնաճը Հայաստանում եւ Ուզբեկստանում կազմել է 2,7%, Ուկրաինայում`1,5%, Բելառուսում`0,8%, ապա արդեն գալիս են Վրաստանը, Ղազախստանը եւ Ղրղզստանը` 0,6%, Մոլդովան, Տաջիկստանը, Էստոնիան0,4% եւ Լիտվան ու Ռուսաստանը 0,3%: Սպառողական ապրանքների գները հունվարին փոփոխության չեն ենթարկվել Ադրբեջանում եւ Լատվիայում: Թուրքմենստանում տվյալներ չեն էլ հրապարակվել:



Այստեղ արդեն որեւէ հիմնավորում պարզապես չի կարող գործել: Փաստացի պատերազմական դրության մեջ գտնվող Ուկրաինայում գնաճն ավելի քիչ է եղել, քան Հայաստանում, Հայաստանի հետ հավասարապես ոչ պատերազմ-ոչ խաղաղություն դրության մեջ գտնվող Ադրբեջանում գնային փոփոխություն հունվարին տեղի չի ունեցել, գոնե պաշտոնապես, անհանգիստ Մոլդովայում, որը կրկին մեզ նման ունի չկարգավորված հակամարտություն` Մերձդնեստրյան շրջանում, մեզանից մի քանի անգամ ցածր գնաճ է ունեցել:



Ու այս դեպքում արդեն հասարակ քաղաքացին իրավունք ունի գրողի ծոցն ուղարկելու գնաճի մեղմացման վերաբերյալ ցանկացած հանձնարարական, տրված ցանկացած մակարդակի պաշտոնյայի կողմից, որովհետեւ եթե նույնիսկ պաշտոնական թվաբանությամբ այս վիճակն է, որն անշուշտ անհամեմատ ավելի մեղմ է, ապա իրական վիճակը կարող է հաստատ ավելի վատթար է, մի բան որ յուրաքանչյուրս ենք զգում ամեն անգամ խանութ մտնելիս եւ գնապիտակներին նայելիս:



**Տիգրան Վահանե**