Ձայն բազմաց, ձայն Աստծո

Ձայն բազմաց, ձայն Աստծո
Փետրվարի 24-ի գույժը Գրիգոր Եղոյանի զոհվելու մասին ամենօրյա ցավին ու կսկիծին նորից նոր ցավ ու կսկիծ ավելացրեց ու մեր ժողովրդի մեծ ու անհատակ համբերությանը տխուր մի էջ էլ ավելացրեց.



Հայոց հողի համար, Արցախի համար



Գրիգոր Եղոյանի սևուկ-խոշոր անմեղ աչքերի այլևս արև չտեսնելու գնով, նրա մատղաշ կյանքի արծաթե թելը կտրելու գնով գրվեց հերոսապատումի էլի մի էջ: Ախուրյան համայնքը սգաց իր ջահել հերոսի մահը ու նորից հուսաց Աստծո ողորմությանը: Գրիգորի մարմինը Ախուրյանի Սուրբ Նշան եկեղեցում դնելու ինքնաբուխ պահանջը երկատեց Շիրակի թեմի առաջնորդ Միաքել եպիսկոպոս Աջապահյանը, Գրիգորի մկրտված լինել-չլինելու պատրվակով արգելեց ժողովրդի մուտքը եկեղեցի:



Ֆորմալիզմը այնքան է գայթակղել առաջնորդին, որ մոռացել է, թե ինքը ժողովրդի և Աստծո միջև ընդամենը միջնորդ է, եթե է…



Որ Աստծո տաճարը` իմա Սուրբ Նշան եկեղեցին ժողովրդի հոր տունն է և այդ տանը ժողովուրդն է տան տերը, ինքը ընդամենը ծառայող է…



Ավելին` այս պարագային վատ ծառայող:



Իմաստուն է մեր ժողովուրդը` ՁԱՅՆ ԲԱԶՄԱՑ, ՁԱՅՆ ԱՍՏԾՈ. Ժողովրդի ցանկությամբ և Աստծո կամքով Գրիգորի մարմինը դրվեց եկեղեցում:



Հայ առաքելական եկեղեցու 7 խորհուրդներից առաջինը` Մկրտությունն է, 7-րդ խորհուրդը` վերջին օծումն է: Մեր հոգևոր հայրերը մեր զինվորներին ռազմի դաշտ ճանապարհելուց առաջ ռազմիկի ճակատին վերջին օծումի դրոշմ էին դնում, որ եթե պատերազմի դաշտում զոհվեր, զոհվեր որպես քրիստոնյա: Արցախում զոհված շիրակցի նահատակներից ո՞ր մեկին է Աջապահյանը ճակատ մեկնելուց առաջ այցելել որպես թեմի առաջնորդ, ճշտել` մկրտվա՞ծ է, թե չէ, եթե չէ` մկրտե՞լ է, եթե մկրտված Է եղել, վերջին օծումի դրոշմը կնքե՞լ է նրա ճակատին.



Իհարկ է ոչ…



Դուք, հարգարժան առաջնորդ խորը մոլորության մեջ եք. Մի քանի «ուսյալ» դեղնակտուց քսմսվում են ձեր փեշերին, ձեր շնորհիվ դառնալով առևտրային պալատի ներկայացուցիչ, հիմնադրամի նախագահ և այլն… Ամեն օր դիֆերամբներ են ձոնում ձեզ` թե դուք իրենց հոգևոր հայրն եք…



Իրենցը երևի…



Գոնե Ախուրյան համայնքի վշտակիր ժողովրդի հոգևոր հայրը արդեն չեք…



**Հասմիկ Մելքոնյան, Գյումրի**