Արտադրությունը պետք է կողմնորոշվի ոչ միայն շուկայով, այլեվ պետական անհրաժեշտություններով

Արտադրությունը պետք է կողմնորոշվի ոչ միայն շուկայով, այլեվ պետական անհրաժեշտություններով
Վերջերս հաղորդաշարերից մեկին տված հարցազրույցում պրն Հրանտ Բագրատյանն այս անգամ եւս փորձում էր հեռուստադիտողներին համոզել, որ երկրի սոցիալ-տնտեսական կյանքի ներկայիս անկառավարելի ընթացքն արդյունք է երկրում գործող տնտեսակարգի «քիչ ազատականացվածության»:



Չգիտես ինչու, պրն էքսվարչապետը կարծում է, որ երկրի տնտեսությունն ավելի արդյունավետ դարձնելու միակ ուղին այս երկրի առանց այն էլ գերազատականացված տնտեսությունն ավելի շատ ազատականացնելու ուղին է:



Սակայն, ըստ երեւույթին, պրն Բագրատյանը մոռացել է, որ այս ժողովուրդն այլեւս 90-ականների ժողովուրդը չէ, եւ, այս առումով, նրան այսօր մոլորեցնելն արդեն այնքան էլ հեշտ չի լինելու:



Հեշտ չի լինելու, որովհետեւ նա դեռ լավ է հիշում, որ անցած դարի 90-ականներին հենց այդ քարոզչական նախաբանով էր, որ սկսվեց «ազատականացում-սեփականաշնորհում» կոչվող այն գործընթացը, որի արդյունքում ընդամենը մի քանի տարում վաճառք-թալանի միջոցով ոչնչացվեցին երկրի արտադրաարդյունաբերական եւ գիտաարտադրական համալիրը, երկրում եղած ողջ գյուղտեխնիկան եւ տրանսպորտային միջոցները, երկրի ողջ անասնագլխաքանակն ու դրանց սպասարկող կառույցները:



Հիշում է նաեւ, որ միլիարդավոր դոլարներով հաշվվող այդ գումարներից անգամ մեկ սենտ չներդրվեց՝ որեւէ գործարան վերագործարկելու, երկրի տնտեսության մեջ ժամանակակից, ինչ-որ նոր ուղղություն զարգացնելու եւ այն տնտեսության շարժիչ ուժը դարձնելու կամ թե երկրի գյուղատնտեսությունն ու անասնապահությունն արդիականացնելու ու գիտականացնելու համար:



Ավելին՝ ժողովուրդն իր աչքով տեսավ, որ երկրից գողացված այդ գումարները հետագայում դարձան երկրի համար չարիքի վերածված եւ այսօր երկրում տեր ու տնօրինություն անող օլիգարխիկ համակարգի ձեւավորման ֆինանսատնտեսական հիմքը:



Այս իմաստով զավեշտալին այն է, որ երկրի այդ ժամանակների վարչապետը երկրի գլխին եկած այդ դաժան փորձություններից հետո անգամ չի կարողանում ընդունել այն պարզ ճշմարտությունը, որ «ամենաազատականացված տնտեսությունը պարտադիր չէ, որ ամենալավ տնտեսությունը լինի»: Այլ ճիշտ հակառակը՝ մեր նման «չավարտված պատերազմ ունեցող, շրջափակման մեջ գտնվող եւ դեպի ծով ելք չունեցող» երկրների համար «լավ տնտեսությունն այն տնտեսությունն է, որտեղ պետությունը տնտեսության մեջ ունի կարգավորիչ եւ կարգադրիչ կարեւոր դերակատարություն, որտեղ տնտեսական գործընթացները դուրս են օլիգարխիկ համակարգի վերահսկողությունից եւ իրենց հիմնական մասով վերահսկվում են պետության կողմից, որտեղ տնտեսվարումն իրականացվում է ոչ միայն «ապրանք շուկայի համար», այլ, առաջին հերթին՝ «ապրանք պետական անհրաժեշտությունների համար» սկզբունքով:



Իսկ ինչ վերաբերում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նախագահ Ռուզվելտի կողմից ԱՄՆ-ում իրականացված տնտեսական վերափոխումների մասին պրն Բագրատյանի բերած օրինակին, ապա, անկախ մեր երկրի էքսվարչապետի ցանկություններից, ԱՄՆ նախագահի այդ նախաձեռնության նպատակը ոչ թե «տնտեսությունն ավելի շատ ազատականացնելը», այլ երկրի օլիգարխներին եւ տնտեսվարող մյուս սուբյեկտներին, «առաջին հերթին, պատերազմի մեջ գտնվող երկրին անհրաժեշտ ապրանքների արտադրություն» պարտադրելն էր: Եվ չնայած այդ գործընթացն ունեցավ «տնտեսությունը մանրերի միջեւ բաժանելու» դրսեւորում, բայց դրանից ամենեւին էլ չփոխվեց «տնտեսության մեջ պետությանն ավելի շատ գործառույթներ վերապահելու» նրա ընդգծված շեշտադրումը:



Վերջում մնում է ավելացնել, որ եթե պրն Բագրատյանը ժամանակին կարողանար ընդունել, որ բարեփոխումն ամենեւին էլ «տնտեսությունն ավելի շատ ազատականացնելը չէ», որ բարեփոխումները ցանկացած հասարակարգի համար ներքին պահանջի նշանակություն են ունեցել, եւ նրանք փորձել են բարեփոխվել, երբ եղել են ստրկատիրական, երբ եղել են ֆեոդալաճորտատիրական, երբ եղել են կապիտալիստական ու սոցիալիստական:



Եթե ժամանակին պրն Բագրատյանն ընդուներ նաեւ, որ բարեփոխումները նախեւառաջ վերաբերում են ավելի լավ աշխատելուն, ավելի լավ կառավարելուն, այլ խոսքով՝ ավելի արդյունավետ լինելուն, եւ, վերջապես՝ եթե պրն էքսվարչապետը կարողանար ժամանակին հասկանալ, որ անցումային ժամանակներում կառավարությունների աշխատանքը գնահատում են ոչ թե «գերազատականացված տնտեսություն կերտել կամ չկերտելու», ոչ թե «կարճ ժամանակով մի քանի տոկոս տնտեսական աճ ունենալ կամ չունենալու», այլ անցումն ավելի սահուն եւ էժան իրականացնելու նրա կարողությամբ, ապա մենք այսօր ավելի արագ եւ ավելի արդյունավետ կիրականացնեինք «ավելի արդար, ավելի բարեկեցիկ եւ ավելի հզոր Հայաստան ունենալու» այս ժողովրդի վաղնջական երազանքը:







**Գալուստ ՍԱՐԳՍՅԱՆ**