Եկել է լրջանալու պահը

Եկել է լրջանալու պահը
Վերջերս Ալիեւը վերստին հանդես եկավ հակահայ ռազմատենչ հայտարարությամբ, ինչին ՀՀԿ-ականները եւ նրանց «փորձագետները» լուրջ չեն վերաբերվում, իբր դա ընտրություններից առաջ ներքին օգտագործման համար է: Ժամանակն է հետադարձ հայացք գցել հայ-ադրբեջանական հակամարտության ընթացքին եւ լուրջ վերլուծություն կատարել, որպեսզի ճակատագրական սխալներ թույլ չտանք:



1992-1994թթ. պատերազմում հայերս հաղթեցինք՝ ունենալով ռեսուրսային շատ ավելի պակաս հնարավորություններ՝ ի հաշիվ ազգային միասնության եւ հոգեւոր բարձր մղումների:



Ադրբեջանը պարտվեց ու սկսեց նախապատրաստվել հաջորդ պատերազմին, իսկ մենք հաղթելով հանգստացանք, թուլացանք, եւ, ցավոք, ՀՀ իշխանությունները, փողը որպես Աստված ընդունելով, որպես միջոց օգտագործելով կոռուպցիան, հովանավորչությունը, մենաշնորհները, երկրում հաստատեցին ապօրինությունն ու անարդարությունը, որի հետեւանքով չի դադարում շարունակական արտագաղթը, ինչը դարձել է լրջագույն վտանգ մեր երկրի անվտանգության համար:



Ադրբեջանը նախաձեռնեց տնտեսական շրջափակում՝ Հայաստանին դուրս թողնելով տարածաշրջանային ծրագրերից: Մեր իշխանությունները պատասխանեցին, որ մենք հարյուր տարի կարող ենք շրջափակման մեջ զարգանալ, իսկ թե ինչպես ենք զարգանում՝ ներկայացնելն ավելորդ է: Ադրբեջանն սկսեց մեծ ներդրում իրականացնել բանակում՝ համալրելով ու վերազինելով ժամանակակից զինատեսակներով, եւ պաշտպանությանն ուղղված ծախսերը 7-8 անգամ գերազանցում են մեր պաշտպանությանը հատկացված ծախսերին:



Իշխանությունները մեր հանրությանը մատուցում էին, որ Ադրբեջանում կոռուպցիան այնքան բարձր է, որ միջոցների մեծ մասն անարդյունավետ է օգտագործվում՝ յուրացվում է, եւ մենք մտահոգվելու խնդիր չունենք, միաժամանակ հայտարարում էին, մասնավորապես՝ Սերժ Սարգսյանը, որ մեր բանակը միայն բյուջեից չէ, որ սնվում է, այսինքն՝ հասկացնում էին, որ այն, ինչ գողանում են բյուջեից ու թալանում ժողովրդից, մի մասն ուղղում են պաշտպանության ոլորտին:



2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմն ի ցույց դրեց վարչախմբի սնանկությունը, եւ նույն Ս. Սարգսյանը խոստովանեց, որ մեր բանակը կռվում է 80-ական թվականների զենքով, եւ իրավիճակի անկանխատեսելի զարգացումը կանխվեց միայն 18-20 տարեկան զինվորների կյանքի գնով ու համայն հայության աջակցությամբ:



Հույս կար, որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո իշխանությունները դասեր կքաղեին եւ հետեւություններ կանեին, մասնավորապես՝ օրակարգային կդառնար բանակը նորագույն զինատեսակներով զինելու խնդիրը, իսկ միջոցների հարցը հանրությունը տեսնում էր տարիներ շարունակ ժողովրդից թալանածի մի մասը վերադարձնելով, այդ պահանջին ի պատասխան՝ Ս. Սարգսյանը հայտարարեց, որ չի պատրաստվում կուլակաթափ անել, իհարկե՝ արդարությունը վերականգնելու համար առաջին հերթին պետք է սկսեր հենց իրենից, իր շրջապատից:



Այդ խնդիրը շարունակում է մնալ օրակարգում, պահանջում է հրատապ լուծում, եւ քանի որ վերեւները չեն կարող, ուրեմն լուծումը պետք է տրվի ներքեւից՝ ժողովրդի կողմից: Տարբեր հաշվարկներով՝ վերջին 20 տարում Հայաստանից դուրս է բերվել 30 միլիարդ դոլար: Պետք է վերադարձնել կոռուպցիոն գործարքներով ապօրինի դուրս բերված միջոցները եւ ներդրումներ իրականացնել ռազմական արդյունաբերության մեջ, զինել բանակը ժամանակակից զինատեսակներով, բարձրացնել երկրի պաշտպանունակությունը:



Վարչախումբը ոչ միայն դասեր չքաղեց՝ ի տարբերություն Ադրբեջանի իշխանությունների, որոնք իրենց հանցագործին հերոսացնում են, իսկ մեր իշխանություններն անձնական վրեժխնդրությամբ Արցախյան պատերազմի հերոսներին եւ մասնակիցներին շինծու գործերով հայտարարում են հանցագործներ, ավելին՝ Ժիրայր Սեֆիլյանին ձերբակալեցին Ալիեւ-Պուտին-Սարգսյան հանդիպման նախօրեին, իսկ դատախազությունը Սեֆիլյանի համար պահանջեց 11 տարի ազատազրկում, Ալիեւի՝ Երեւանը գրավելու մասին հայտարարության հաջորդ օրը:



Արձանագրենք, որ այսօր Հայաստանում հերոսացնում են նրանց, որոնք պատերազմի ժամանակ արել են ամեն ինչ՝ կաշիները փրկելու համար, կամ խաղաղության ժամանակ բանակի ու ժողովրդի հաշվին դարձել են օլիգարխներ: Ավելին՝ Հայաստանում իշխանությունն են ներկայացնում հիմնականում նրանք, որոնք կա՛մ իրենք են բանակում ծառայությունից խուսափել, կա՛մ իրենց երեխաները, որոնք եւս բարձր իշխանավորներ են:



Այսօր մեր հայրենիքի սահմանները պահում են օրվա հացի խնդիր լուծող, սոցիալապես անապահով խավի երեխաները, յուրաքանչյուր շաբաթ մեկ-երկուսը զոհվում են, եւ «Ազգ-բանակ» կարգախոսը տեղին կլիներ անվանել աղքատների բանակ, որովհետեւ իշխանավորների եւ փողատերերի երեխաները ցոփ ու շվայտ կյանքով են ապրում եւ որեւէ առնչություն չունեն ոչ միայն բանակի, այլեւ մեր երկրի հետ:



Այս ամենը տեսնելով՝ քառօրյա պատերազմում դիրքերը հանձնած գերագույն գլխավոր հրամանատար կոչվածի պատրաստակամությունը՝ եւս 5 շրջան հանձնելու մասին հայտարարությունը, ինչպես նաեւ 2017թ. ապրիլին ընտրություն կոչված գործընթացում Հանրապետականի եւ նրան սպասարկող խուժանին բաշխելով հանրապետությունով մեկ, որոնք ժողովրդից թալանած միջոցներով սրիկայաբար ստորացնելով նույն ժողովրդին՝ 10 հազար դրամ շաղ տվեցին որպես ընտրակաշառք եւ «կրակեցին» ԱԺ ընտրությունների արդյունքները:



Այսքանից հետո ինչպե՞ս կարող էին «Սասնա ծռերը» չապստամբել, որոնք ժամանակին իրենց կյանքն էին դրել հանուն Արցախի, իսկ հիմա ոտքի կանգնեցին՝ երկիրը փրկելու վերջին ծայրահեղ քայլով:



Ժամանակն է ազգովի սթափվելու, հասկանալու, որ Ալիեւն այդքան պարզունակ չէ, որ 10 միլիարդի զենք-զինամթերք ձեռք բերի եւ երկու տարին մեկ ներքին սպառման համար հայտարարի, որ Երեւանը եւ Զանգեզուրն իրենցն են, ու ժամանակի խնդիր է դրանք վերադարձնելը:



Չհասկանալ, որ Ալիեւին լուրջ դրդող ու հովանավորող երկրներ կան, մանկամտություն է, կամ էլ, եթե հասկանում են ու անհրաժեշտ քայլեր չեն ձեռնարկում, ուրեմն դավաճանություն է:



Եկել է լրջանալու պահը:





**Պետրոս ՄԱԿԵՅԱՆ**, «Ժողովրդա-վարական հայրենիք» կուսակցության նախագահ