Ես գող չեմ ու որևէ մեկին չեմ թալանել, դրանք իմ փողերն են եղել․ Սամվել Բաբայան

Ես գող չեմ ու որևէ մեկին չեմ թալանել, դրանք իմ փողերն են եղել․ Սամվել Բաբայան
Վերաքննիչ քրեական դատարանում այսօր շարունակվեց Հայաստան «Իգլա» տեղափոխելու եւ փողերի լվացման մեղադրանքով 6 տարվա ազատազրկման դատապարտված Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը:



Դատաքննության սկզբում լրացուցիչ ելույթի իրավունք տրվեց ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանին: Գաբրիելյանը նշեց, որ ստեղծված իրավիճակի հիմքում ինքն է կանգնած և Արմեն Պողոսյանն էլ իր խնդրանքով է փորձել վաճառվող զենք գտնել: «Արմենին շատ գրագետ կնիկ ունի ու ուզում էինք, որ ՕՐՕ դաշինքի միջոցով պատգամավոր դառնա: Սա է պատճառը, որ տրուբի մոտ ՕՐՕ դաշինքի նկար է եղել»,-նշեց Սանասար Գաբրիելյանը:



Դատարանը Գաբրիելյանին զգուշացրեց, որ պետական գաղտնիք պարունակող ինֆորմացիա չտրամադրի և եթե նման ինֆորմացիայի մասին է խոսելու՝ նիստը դարձնեն դռնփակ: Գաբրիելյանն ասաց, որ չի տրամադրելու գաղտնի ինֆորմացիա: «Ես զինվորական եմ , կոչումով փոխգնդապետ և առաջին օրից շարժման մեջ եմ: Ես Բելոռուսիայից քառասունմեկ միավոր զենք եմ տեղափոխել պատերազմի ժամանակ, որով կռվել են իմ տղաները:Ես քսան տարվա ծառայության թոշակս թողել եմ էս պետությանը, դա մոտավորապես, այս պահին, մի քսան միլիոն դրամ կկազմի: Ուզում եմ ասեմ, որ կան հաj տղերք, որոնք սիրում են այս ազգը: Հրթիռը նվիրելու էի բանակին»,-նշեց Գաբրիելյանը: Խոսքի մեջ Գաբրիելյանը նկատեց. «Բաբայան Սամոն միայն զենքի պիտանելիությունն էր գնահատելու»:



«Բաբայան Սամո չի, Գաբրիելյան, այստեղ պետք չի ցույց տալ, թե ինչ աստիճանի վրա են Ձեր ընկերական հարաբերությունները:Ոչ թե Բաբայան Սամո, այլ գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայան։»,-ամբաստանյալին ընդհատեց նախագահող դատավոր Սևակ Համբարձումյանը:



Մեղադրող դատախազ Արամ Արամյանը իր խոսքում նշեց, որ վերաքննիչ բողոքը չհիմնավորված է և ենթակա է մերժման, քանի որ ոչ մի հիմնավորում չկա: Դատախազը նշեց, որ «Իգլան» ձեռք է բերվել Սամվել Բաբայանի ցուցումով և այն բոլորովին էլ բանակին նվիրաբերելու համար չէր:



Անդրադառնալով փողերի լվացման դրվագին՝ դատախազը նշեց, որ դրանք գողացված թղթադրամներ են եղել: «Ես գող չեմ ու որևէ մեկին չեմ թալանել: Դրանք իմ փողերն են եղել, ու ես բազմաթիվ անգամ միջնորդել եմ քննել նաև այն մարդուն, ով ինձ պարտք էր»,-ընդգծեց Սամվել Բաբայանը:



Ըստ մեղադրանքի՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն եւ պահելուն, ինչպես նաեւ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք: Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաեւ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու եւ փոխադրելու գործով 7 մեղադրյալ կար, որոնց վերաբերյալ դատարանը դատավճիռ կայացրեց նոյեմբերի 28-ին: Արմեն Պողոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով. նա դատապարտվեց 2 տարվա ազատազրկման: Անդրանիկ եւ Կարեն Քոչարյանին, Ժորա Զաքարյանին եւ Դավիթ Հարությունյանին դատարանը մեղադրանք էր առաջացրել ՀՀ քրեական օրենսգրքի օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:



Ըստ այդմ, Կարեն Քոչարյանը դատապարտվեց 2,5 տարվա ազատազրկման, սակայն դատարանը որոշեց պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով։ Անդրանիկ Քոչարյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման, սակայն պատիժը չկիրառվեց. Դատարանը սահմանեց փորձաշրջան 2 տարի ժամկետով։ Ժորա Զաքարյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառվեց. սահմանվեց փորձաշրջան 2 տարի ժամկետով։ Դավիթ Հարությունյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառվեց. սահմանվեց փորձաշրջան 2 տարի ժամկետով:



**Աննա Պապիկյան**