«Սյունյաց երկիր» թերթի խմբագրի դեմ 3 քրեական գործ է հարուցվել

«Սյունյաց երկիր» թերթի խմբագրի դեմ 3 քրեական գործ է հարուցվել
Սյունիքի մարզում քրեական գործ է հարուցվել «Սյունյաց երկիր» թերթի խմբագրի՝ Սամվել Ալեքսանյանի դեմ: Բանն այն է, որ Ալեքսանյանը նախկին մարզպետի՝ Սուրիկ Խաչատրյանի «պահածն» էր, եւ նրա պաշտոնաթողությունից հետո թերթը հանձնվել էր բախտի քմահաճույքին, իսկ նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանը մարզը «լիսկայաթափ» անելու գործընթաց էր սկսել։ Բնականաբար՝ այդ գործընթացի առաջին տուժողներից մեկը Լիսկայի թերթն էր ու նրա հավատարիմ խմբագիրը։ Բայց այլ բան է՝ թշնամուդ զինակիցներին զրկել ֆինանսական աղբյուրներից եւ քաղաքական հետապնդում իրականացնել, բոլորովին այլ բան՝ քրեական մեթոդներով պայքարել, շինծու քրգործ հարուցել եւ մեղադրել, ասենք՝ բռնաբարության մեջ։



«Սյունյաց երկիր» թերթի խմբագրակազմից ստացված գրության մեջ նշված է, որ խմբագրի դեմ բողոքել են ոստիկանության Սյունիքի վարչության պետի տեղակալ Անդրանիկ Մինասյանի մորաքույր եւ Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Սիրուշ Ակլունցը, Կապանի 3-րդ հիմնական դպրոցի տնօրեն Արթուր Մնացականյանը, Կապանի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն Լուսինե Զաքարյանը։ Իսկ Մանյա Ծատրյանը, ում թերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանը կասկածում է ռուսաստանյան իր այցի երթուղին իմանալու եւ հանցախմբին ներկայացնելու մեջ, ինչը, ըստ Ալեքսանյանի, իրեն ֆիզիկապես ոչնչացնելու նպատակ է ունեցել, ոստիկանությանը հայտարարություն է տվել, թե խմբագիրը ժամանակին սեռական ոտնձգության փորձ է կատարել իր նկատմամբ:



ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացանք, որ, իսկապես՝ Սամվել Ալեքսանյանի դեմ թվով 3 քրեական գործ է հարուցվել․ 2-ը՝ հունվարի 31-ին եւ 1-ը՝ փետրվարի 1-ին, իսկ փետրվարի 5-ին Քննչական կոմիտեն որոշում է կայացրել 3 քրեական գործերը միացնել եւ մեկ վարույթում քննել։ «Հարուցված քրեական գործերից մեկը վերաբերում է ՀՀ ՔՕ 140-րդ հոդվածի 1-ին մասին՝ սեռական հարաբերությունների հարկադրելուն, իսկ 2-ը շորթման վերաբերյալ է»,- պարզաբանեց Քննչական կոմիտեն՝ ասելով, որ դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ հայտնել չեն կարող։ Նկատենք միայն, որ «սեռական հարաբերություններին հարկադրել» հոդվածի կիրառումն ինքնին հուշում է այն մասին, որ քրեական հետապնդումը հիմնված է քաղաքական պատվերի վրա, քանզի անցյալում տեղի ունեցած ենթադրյալ բռնության մասին ապացույցներ ներկայացնելը գրեթե անհնարին է։ Խոսքը, անշուշտ, հրահանգված ցուցմունքներ տալու մասին չէ, այլ իրեղեն ապացույցների, դատաբժշկական փորձաքննության եզրակացության եւ այլ հիմքերի մասին։



**Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ**