Հայաստանում գինու շուկան ազատ մրցակցային չէ

Հայաստանում գինու շուկան ազատ մրցակցային չէ
Գինեգործությամբ զբաղվող մի շարք ընկերություններ եւ ոլորտում աշխատող հասարակական կազմակերպություններ դիմել են Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանին՝ կոլեկտիվ նամակով։ Բանն այն է, որ Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տիեռաս դե Արմենիա» ընկերությունը տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության մտավոր սեփականության գործակալությունում «կարաս» բառը գրանցել է որպես ապրանքանշան՝ այդկերպ սահմանափակելով այդ մակնշման կիրառությունը մյուս ընկերությունների կողմից։ Սակայն գինեգործները պնդում են, որ կարասներում գինու հնեցումը հայ գինեգործության ավանդույթներից է եւ չի կարող գինիների պիտակների վրա չնշվել։



Դիմումատուները նաեւ նշել են, որ համապատասխան մակնշման բացակայությունը կարող է լուրջ վտանգ լինել հայ գինեգործության համար առհասարակ, մինչդեռ «Տիեռաս դե Արմենիա» ընկերությունը պնդում էր, որ ոչ ոք չի արգելել գինեգործներին կատարել համապաստասխան մակնշումը, սակայն այն չպետք է շփոթ առաջացնի ապրանքանիշի հետ։ Արդյոք «կարաս» ապրանքանիշի գրանցումը վնասո՞ւմ է մեր գինեգործության հետագա զարգացմանը, եւ ինչպիսի՞ վիճակ է գինու շուկայում ներկայումս։ Այս հարցերի շուրջ զրուցեցինք «Հայ գինեգործների միության» նախագահ Ավագ Հարությունյանի հետ։



-**Դիմումատուները մեղադրում են մտավոր սեփականության գործակալությանը ոչ բարեխիղճ աշխատանքի համար եւ կոչ են անում «Տիեռաս դե Արմենիային» հրաժարվել «կարաս» բառի պահպանությունից։ Որտե՞ղ են ոտնահարվել գինեգործների իրավունքները**։



-«Տիեռաս դե Արմենիա» ընկերությունն իրավական հարթության մեջ որեւէ սխալ չի գործել, եւ Մտավոր սեփականության գործակալությունը նույնպես որեւէ սխալ չի գործել։ Մտավոր սեփականության գործակալությունը պաշտպանել է միայն «կարաս» լատինատառը (Karas), հայատառ «կարասը» պաշտպանված չէ։ Իսկ հայատառ տարբերակն այնքանով է գտնվում իրավական դաշտում, որ չպետք է հիշեցնի ապրանքանիշ։ Այսինքն՝ իրավական հարթության մեջ խնդիր գոյություն չունի։ Այստեղ կողմերը պետք է գնան կոմպրոմիսի։ Եթե Դուք պիտակի վրա նշեք, որ «պատրաստված է կարասներում» եւ այլն, այնպես, որ ապրանքանիշի հետ շփոթ չառաջացնի, ապա որեւէ խնդիր չի լինի։ Մյուս կողմից՝ չի նշվում, թե որտեղ պետք է կատարվի մակնշումը, ինչ չափով եւ այլն․ սրանք օրենքի բացերն են։ Ես խնդրի լուծումը տեսնում եմ միայն կոմպրոմիսի ձեւով։ Գործը գտնվում է դատական ատյաններւմ, թե ինչ կորոշեն, դեռեւս չենք կարող ասել։



-**Եթե դիտարկենք հայաստանյան գինեգործական շուկան, ապա ինչպե՞ս կգնահատեք․ կա՞ ազատ մրցակցություն, թե՞ կան արտոնյալ կարգավիճակ ունեցողներ**։



-Շուկայում մրցակցությունն ազատ չէ, որովհետեւ մենք չունենք առեւտրի մասին օրենք, կամ այդ օրենքը չի գործում։ Համենայնդեպս, արտաքին շուկայում խնդիրներ չունենք արտահանման մասով, խնդիրները ներքին շուկայում են։ Սուպերմարկետներում եւ խանութներում ապրանքը հավասարապես ներկայացնելու պայմաններ ու իրավունքներ չկան։ Մեր խոշոր ընկերությունները կարողանում են առանց մրցույթի ամենալավ տեղերն իրենցով անել։ Սա մեր կառավարության բացն է։ Մենք անընդհատ ասում ենք՝ սուպերմարկետները պետք է զատվեն սովորական խանութներից, սովորական խանութները պետք է զատվեն փոքրիկ բուդկաներից, ռեստորանները՝ փաբերից եւ այն։ Խոսքը վերաբերում է ապրանքի ներկայացման, զեղչեր տալու դաշտին, այդ դաշտը նույնպես կարգավորված չէ, եւ փոքր ու միջին ընկերությունները չեն կարողանում ներկայացնել իրենց գինիները, մեծերը ներկայացնում են, ստանում են մեծ շահույթ՝ չվճարելով հարկերը։



-**Պարոն Հարությունյան, մեզ մոտ, կարծես թե, գինի հնեցնելու սովորույթը վերանում է․ այս տարի արտադրում են, հաջորդ տարի՝ վաճառում։ Ինչո՞ւ չի հնեցվում, չէ՞ որ այն ավելի թանկ արժե**։



-Ամբողջ աշխարհում է այդպես, 90 տոկոսը Ձեր նշած ձեւով են վաճառում, ու միայն 10 տոկոսն է հնեցվում։ Դա ընդհանուր տենդենց է, Հայաստանն այդ առումով չի տարբերվում միջազգային շուկայից։



-**Վերադառնալով դիմումին՝ գինեգործական կազմակերպությունները պնդում են, որ «Տիեռաս դե Արմենիայի» կողմից «կարաս» բառի պատենտավորումը կարող է ազդել հայ գինեգործության հետագա ճակատագրի վրա։ Իրականում այդ մակնշման լինել-չլինելն իրենից այդպիսի լուրջ վտանգ ներկայացնո՞ւմ է**։



-Եթե դատարանը որոշի, որ «կարաս» բառով որեւէ մակնշում չպետք է լինի պիտակի վրա՝ անկախ չափից ու դիրքից, սա, իհարկե, լուրջ վտանգ է, բայց եթե դատարանը որոշեց ողջամիտ սահմաններում կիրառություն սահմանել այնպես, որ դա շփոթ չառաջացնի ապրանքանիշի հետ, դա արդեն նորմալ է։ Ցանկացած ընկերություն կարող է ունենալ ապրանքային նշան, որը կարող է սահմանել որեւէ լեզվով կամ բառով։



-**Դիմումատուները նաեւ նշում են, որ չեն ցանկանում հարցը լուծել դատաիրավական հարթությունում, քանի որ կարծում են, որ դա նույնպես կարող է ստվերել հայ գինեգործության համբավը՝ չնայած որ գործն արդեն դատարանում է։ Այստեղ նույնպե՞ս վտանգ կա**։



- Մի կողմը գտնում է, որ իրենց շահերը ոտնահարվել են, մյուս կողմը գտնում է, որ ամեն բան իրավաչափ է, եւ իրենք ճիշտ են։ Հիմա գործը գտնվում է դատարանում, ու որեւէ մեկը չի կարող ասել, թե այդ գործն ինչ ընթացք կարող է ստանալ։ Մենք խնդիրը քննում ենք գիտելիքների եւ էմոցիաների շրջանակում, բայց գործն արդեն դատաիրավական հարթությունում է։ Եթե պարոն Էռնեկյանը գտնում է, որ ինչ-որ բան պետք է զիջի, թող զիջի, բայց պետք է փորձի գտնել ոսկե միջինը, անի այնպես, որ լուծումը չդիպչի «Տիեռաս դե Արմենիայի» շահերին, քանի որ արդեն շուկայում հաստատված ընկերություն է, մյուս կողմից էլ՝ պետք է հնարավորություն տրվի, որ մյուս ընկերություններն էլ կատարեն այդ մակնշումը՝ որպես պատրաստման եղանակի մասին տեղեկատվություն։ Սա իրականում շատ բարդ հարց է, որը պետք է քննարկվի իրավաբանների հետ։





**Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ**