Սա Խանդոյանի նկատմամբ վրեժխնդրություն է․ փաստաբանին թույլ չեն տվել տեսակցել Խանդոյանին

Սա Խանդոյանի նկատմամբ վրեժխնդրություն է․ փաստաբանին թույլ չեն տվել տեսակցել Խանդոյանին
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի (Միայնակ գայլ) փաստաբան Արայիկ Պապիկյանին այսօր թույլ չեն տվել տեսակցել իր պաշտպանյալին։ Այս մասին **Hraparak.am**-ի զրույցում հայտնեց փաստաբանը՝ նշելով, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից հայտնել են, որ չի կարող տեսակցել․ «Խանդոյանի պաշտպանների անվան ցուցակում իմ անունը ջնջել են, ես էլ տեսա, հավանաբար դատավոր Մեսրոպ Մակյանը որոշում է կայացրել ինձ թույլ չտալ Խանդոյանին իրավաբանական ծառայություն մատուցել նաեւ Քրեակատարողական հիմնարկում։ Անցած նիստին նա հրաժարվել էր իմ ծառայություններից, ենթադրում եմ, որ դրա հետեւանքով, բայց Խանդոյանը տվյալ գործով է հրաժարվել պաշտպանից, բայց որպես փաստաբան ես իրեն իրավաբանական խորհրդատվություն եմ մատուցում նաեւ այլ գործերով, իսկ ես այսօր չկարողացա իրեն տեսակցել։ Քանի որ աշխատանքային օր չէր, չկարողացա ճշտել, բայց ենթադրում եմ, որ դա Մակյանի որոշման հետեւանքն է»։



Պապիկյանի խոսքով՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի վարույթում գտնվող «Սասնա ծռերի» 11 անդամների գործով ամբաստանյալ Արմեն Լամբարյանը նախորդ դատական նիստին եւս հրաժարվել է իր ծառայություններից, սակայն քիչ առաջ կարողացել է Լամբարյանին տեսակցել․ «Թեեւ Լամբարյանը կոնկրետ այս գործով իմ ծառայություններից որպես պաշտպանի հրաժարվել է, բայց որպես փաստաբան ես այլ գործերով իրավաբանական խորհրդատվություն եմ մատուցում ու նույնանման պայմաններում, մի դեպքում՝ իմ պաշտպանյալին չկարողացա տեսնել, ենթադրում եմ ՝ դա Մակյանի որոշման հետեւանքն է, մյուս դեպքում՝ Գաբրիելյանը նման որոշում չի կայացրել։ Այսինքն՝ որպես պաշտպան չեմ հանդիսանում, բայց ես շարունակում եմ մնալ իր իրավաբանը, փաստաբանը եւ այլ գործերով իրավաբանական խորհրդատվություն մատուցում եմ։ Սա Խանդոյանի նկատմամբ վրեժխնդրության դրսեւորման ձեւն է»։



Հիշեցնենք, որ «Սասնա ծռերի» գործով նախորդ դատական նիստերին բոլոր ամբաստանյալները հրաժարվել էին իրենց պաշտպաններից եւ լքել դատական նիստերի դահլիճը՝ ի աջակցություն օրեր շարունակ հացադուլի մեջ գտնվող իրենց ընկերներ Արմեն Բիլյանի եւ Սմբատ Բարսեղյանի։



**Աննա Պապիկյան**