Հայաստանում փախստականների եւ ապաստան հայցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ արտահերթ զեկույց է հրապարակվել

Հայաստանում փախստականների եւ ապաստան հայցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ արտահերթ զեկույց է հրապարակվել
Դեկտեմբերի 29-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ներկայացվել է Հայաստանում փախստականների և ապաստան հայցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցը:



ՄԻՊ լրատվության ծառայությունը հայտնում է, որ զեկույցը մշակվել է Պաշտպանի աշխատակազմի և Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հաձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) հայաստանյան գրասենյակի կողմից համատեղ իրականացվող ծրագրի շրջանակում:



Միջոցառմանը մասնակցել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթը, ինչպես նաև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի, ՀՀ հանրային պաշտպանի գրասենյակի, ՀՀ փաստաբանական դպրոցի,  ոլորտի այլ իրավասու պետական մարմինների և  հասարակական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանդիպման ընթացքում ընդգծվել է զեկույցը կազմելիս համատեղ աշխատանքի կարևորությունը Միգրացիոն պետական ծառայության, ԱԱԾ սահմանապահ զորքերի, Քրեակատարողական ծառայության և այլ մարմինների ու ոլորտի ՀԿ-ների հետ: 



Միջոցառման ժամանակ ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթը նշել է, որ զեկույցն ունի ուղենշային նշանակություն ոլորտում առկա խնդիրների վերհանման, ինչպես նաև փախստականների իրավունքների ապահովման կառուցակարգերի հետագա կատարելագործման վերաբերյալ մասնագիտական քննարկումներ իրականացնելու համար: Նա առաջարկել է բոլոր իրավասու պետական մարմինների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին ուսումնասիրելու զեկույցն ու դրանում արտացոլված առաջարկությունները: