ՍԱՊԾ-ն կուսումնասիրի՝ ինչպես է ստացվել, որ ոչ պիտանի հավի միս է ներկրվել

ՍԱՊԾ-ն կուսումնասիրի՝ ինչպես է ստացվել, որ ոչ պիտանի հավի միս է ներկրվել
Էլեկտրոնային «Հետք» պարբերականը հաճախ է տարբեր սննդային ապրանքատեսակներ փորձաքննության ենթարկում՝ պարզելու, թե որքանով է Հայաստան ներկրվող կամ ՀՀ-ում արտադրվող սննդամթերքը պիտանի և անվտանգ օգտագործման համար։ Վերջինը հավի միսն էր, որի 9 տարբեր ընկերությունների արտադրանք պարբերականն ուղարկել էր փորձաքննության։ Դրանցից միայն 4-ն են համապատասխանել սահմանված նորմերին։ Մնացած 5 նմուշում հայտնաբերվել են սալմոնելա խմբի մանրէներ, ՄԱՖԱՄ անթույլատրելի քանակ և հակաբիոտիկներ, որոնց ազատ վաճառքը Հայաստանում արգելվում է, իսկ կիրառումը՝ թույլատրվում միայն բժշկի դեղատոմսով։ Հավի մսերը բրազիլական, ռուսական և ուկրաինական արտադրության են, այսինքն՝ ներկրվում են ինչպես ԵԱՏՄ անդամ երկրից, ինչպիսին ՌԴ-ն է, այնպես էլ երրորդ երկրներից՝ Ուկրաինա, Բրազիլիա։ Հայաստան ներկրվող սննդի անվտանգությունն ի պաշտոնե պարտավոր է ստուգել ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդի անվտանգության պետական ծառայությունը՝ ՍԱՊԾ-ն։ Այստեղից, բնականաբար, պարբերաբար փաստում են, որ իրենք շատ ուշադիր են այս հարցում, պատշաճ հսկողություն են իրականացնում, անգամ ընկերությունների են տուգանում ոչ անվտանգ սնունդ արտադրելու կամ ներկրելու համար և այլն։ Բայց հավի մսի հարցում ՍԱՊԾ-ի աչքից կարծես թե վրիպել են այս խախտումները կամ նրանց կողմից պատշաճ վերահսկողություն չի իրականացվել։ Հիշեցնենք, վարչապետ Կարեն Կարապետյանը մեկ տարի առաջ «շանտղություն» էր համարել այն, որ մենք թույլ ենք տալիս կամ չենք հետևում՝ մեր երեխան, մեր հարսը, մեր աղջիկն ինչ են ուտում»։ Վարչապետի մատնանշած «շանտղությունը», փաստորեն, դեռ շարունակվում է։ Իսկ ի՞նչ է անում ՍԱՊԾ-ն՝ կանխելու անբարեխղիճ տնտեսվարողների կողմից նման «շանտղությունները»։



ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը** Hraparak.am**-ի հետ զրույցում ասաց, որ այս և այլ հրապարակումներն իրենք դիտարկում են որպես հրապարակային հայտարարություն և ուսումնասիրում են խնդիրը՝ հասկանալու, թե որ արտադրողներն են, կոնկրետ ինչ ցուցանիշների մասով են նմուշառում ունեցել և ինչպես է կատարվել նմուշառումը։ Դրանից հետո համապատասխանաբար իրականացվում են անհրաժեշտ գործողություններ։



Ինչ վերաբերում է ապրանքների ներկրմանն ու իրենց կողմից դրանց ստուգմանը, ապա Կարապետյանն ասաց, որ դա իրականացվում է ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան իսկ երրորդ երկրներից ապրանք ներկրելու դեպքում պետք է հետևեն ԵԱՏՄ օրենսդրությանը, քանի որ Հայաստանն առաջնորդվում է նաև ԵԱՏՄ տեխնիկական կարգավորումներով։ Մանրամասնելով այդ ամենը՝ ՍԱՊԾ պետն ասաց․ «Վերահսկողությունն իրականացվում է ռիսկերի վրա հիմնված մեթոդաբանության սկզբունքով, որին համապատասխան, կախված ներկրվող երկրում առկա որակի հսկողության մակարդակից, տվյալ ընկերության առանձնահատկություններից, մեր կայքում տեղադրված է էլեկտրոնային հաշվից, որով տնտեսվարողները ստուգում են՝ այդ բեռը բարձր, միջին, թե ցածր ռիսկային է, և այդ տրամաբանությամբ իրականացվում է սահմանային հսկողություն։ Բացի այդ, սահմանային հսկողության համար հիմք են հանդիսանում նաև ԵԱՏՄ անդամ երկրների լիազոր մարմինների կողմից ներկրման դեպքերի մասով արձանագրված շեղումների վերաբերյալ ծանուցումները, որոնց Ծառայությունն ստանում է, ամփոփում է և սահմանային հսկողության շրջանակներում հաշվի է առնում»։







Իսկ ՍԱՊԾ-ն սահմանային հսկողության ժամանակ լաբորատոր փորձաքննություն իրականացնելու հնարավորություն և պարտավորություն ունի՞**, **Կարապետյանն ասաց**․ «**Եթե ապրանքը բարձր ռիսկային է, ապա այո»։



**Հարցրինք նաև՝ մենք լաբորատորիաներ ունե՞նք սահմանային անցակետերում։**



«Մեխանիզմն էդպես չի աշխատում։ Տնտեսվարողը, երբ հատում է սահմանը, արագությունն ապահովելու համար սահմանային հսկիչ կետից գալիս է համապատասխան մաքսային տերմինալ, որպեսզի իրականացվի մաքային ձևակերպումը։ Օրենքին համապատասխան, եթե տվյալ բեռը ենթակա է անասնաբուժական կամ բուսասանիտարական հսկողության, իրականացվում է հսկողությունը համապատասխան եղանակով։ Եթե բեռը բարձր ռիսկային է հանդիսանում, ապա, բնականաբար, իրականացվում է նմուշառում և ուղրակվում է լաբորատոր փորձաքննության։ Արդյունքները պարզ լինելուց հետո միայն նոր ձևակերպում են փաստաթղթերը, և բեռը մաքսազերծում է»,-ասաց Իշխան Կարապետյանը։



ՍԱՊԾ պետի խոսքով՝ միայն 2017 թվականի ընթացքում իրենք թեժ գծով ստացել են շուրջ 1800 զանգ, որոնք վերաբերել են տարբեր դեպքերի, որոնցից յուրաքանչյուրի մասով Ծառայությունը կա՛մ տրամադրել է խորհրդակցություն, կա՛մ իրականացրել է գործողություններ։ Հավի մսի վերաբերյալ հրապարակման մասով էլ Ծառայությունը ներկայում իրականացնում ուսումնասիրություն՝ հասկանալու իրավիճակը։



Ուսումնասիրությունն էլ, ըստ Իշխան Կարապետյանի, տևում է** **մեկ-երկու շաբաթ՝ գործողությունները ներառյալ։ «Դրան հետո կհաջորդեն քայլեր։ Ես խնդրում եմ՝ նայեք մեր կայքում առկա հրապարակումները, որ յուրաքանրչյուր բարձրացված խնդրի մասով Ծառայությունն իրականացրել է բոլոր հնարավոր գործողությունները»,-ասաց նա՝ նշելով, որ իրենց ուսումնասիրությունների արդյունքում եղել է, որ կասեցվել է տարբեր ընկերությունների գործունեությունը, ոչնչացվել են ոչ պիտանի ապրանքների խմբաքանակները։



**Հ․Գ․ **Մենք ուսումնասիրեցինք ՍԱՊԾ պաշտոնական հրապարակումները այս մասով և պարզեցինք, որ այս տարվա նոյեմբերին, օրինակ, Ծառայությունը խախտումներ է հայտնաբերել հացի, մսամթերքի արտադրամասերում, կասեցրել դրանց գործունեությունը, ինչպես նաև ինչպես նաև կասեցրել է մի շարք ապրանքանտեսակների իրացումը հայերեն մակնշումների անհամապատասխանության պատճառով։ Այս բոլորի մեջ, սակայն, նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների կտրվածքով, հավի մսի շուկային վերաբերող արձանագրումներ չնկատեցինք։ Փոխարենը հոկտեմբերի 24-ից վերացվել է Գերմանիայից ու Լեհաստանից թռչնի մսի ներմուծման արգելքը։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**