Եթե շրջակա միջավայրի պատշաճ պաշտպանություն չլինի, մարդկությունն ապագա չի կարող ունենալ

Եթե շրջակա միջավայրի պատշաճ պաշտպանություն չլինի, մարդկությունն ապագա չի կարող ունենալ
Ազգային ժողովում կազմակերպվել են խորհրդարանական լսումներ «ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների առկա վիճակը, հիմնախնդիրները և լուծման ուղղությունները» թեմայով։ Լսումների ժամանակ ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ բնության հատուկ պահպանվող տարածքները թե միջազգային, թե տեղական մակարդակում դիտվում են որպես կենսամիջավայր, որը ներառում է ոչ միայն սոսկ պահպանման գործառույթ, այլ ունի հստակ սոցիալական և տնտեսական դիսևորում։ «Այդ տնտեսական և սոցիալական շահը կարող է իրացվել, կարող է ստացվել, եթե մենք ապահովենք պատշաճ պահպանություն: Սա հիմնարար մոտեցում է՝ ի տարբերություն այն շահագործական մոտեցման, որ երկար ժամանակ գերիշխել է անցումային տնտեսության պայմաններում. այսինքն՝ շահագործենք որքան հնարավոր է շատ, որովհետև սոցիալական պայմանները թույլ չեն տալիս, որ մենք նաև փայփայենք մեր բնությունը և շրջակա միջավայրը: Փոխվել են մոտեցումները, փոխվել է նպատակադրումը, և ներկայումս մեր հիմնական նպատակը բնության և շրջակա միջավայրի պահպանմամբ սոցիալական և տնտեսական արժեք ստեղծելն է, որին միտված քաղաքականություն պետք է լինի»,- ասաց Արծվիկ Մինասյանը:



Նախարարն ընդգծեց, որ միջազգային կազմակերպությունների և ՄԱԿ-ի կենսաբազմազանության կոնվենցիայի կանոնների համաձայն՝ յուրաքանչյուր երկիր պարտավոր է ունենալ այնպիսի համակարգ, որը կապահովի էկոհամակարգային մոտեցումներով բնության հատուկ պահպանվող տարածքների ձևավորումը և պահպանությունը: «Սա ինքնանպատակ պարտավորություն չէ, որը դրված է պետությունների առջև, այլ նախ տվյալ պետության և միջազգային հանրության գիտակցումն է այն բանի, որ եթե շրջակա միջավայրի պատշաճ պաշտպանություն չլինի, մարդկությունն ապագա չի կարող ունենալ»,- նշեց Մինասյանը: Արծվիկ Մինասյանի խոսքով՝ ներկայումս Հայաստանում բնության հատուկ պահպանվող տարածքների ներքո կառավարվում է շուրջ 13.1 տոկոս կազմող տարածք, ինչը թեև առաջընթաց է՝ մի շարք երկրների հետ համեմատած, սակայն բավարար չէ: Նախարարն այն կարծիքին է, որ հարկավոր է ընդլայնել այդ տարածքները և ավելի կանոնավոր դարձնել պահպանության համակարգը:



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**