Ստացված գանգատները ուսումնասիրվում են եւ լուծում գտնում․ «Վեոլիա ջուր» ընկերության գլխավոր տնօրեն

Ստացված գանգատները ուսումնասիրվում են եւ լուծում գտնում․ «Վեոլիա ջուր» ընկերության գլխավոր տնօրեն
Ինչպես արդեն [տեղեկացրել](https://www.hraparak.am/posts/5a152ee998331b068f50cf9d/%D5%BB%D5%B8%D6%82%D6%80%D5%A8-%D5%AF%D5%A9%D5%A1%D5%B6%D5%AF%D5%A1%D5%B6%D5%A1) ենք, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, այսօրվա նիստում քննարկելով «Վեոլիա ջուր» ընկերության կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագների վերանայման հարցը, որոշում է կայացրել խմելու ջրի սակագինը սահմանել 191,414 դրամ 1խմ-ի դիմաց՝ թանկացնելով 14,1 դրամով։ Ընդունված որոշումը ուժի մեջ կմտնի հունվարի 1-ից։ Հանձնաժողովը հիշեցրեց, որ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ այդ վճարումը չի արվելու բաժանորդների գրպանից, այլ ընկերության տված վարձավճարներից։



Հայաստանի ջրային տնտեսության պետական կոմիտեի Ջրամատակարարման և ջրահեռացման վարչության պետ Արմեն Սերգոյանն ելույթ ունենալիս նշեց, որ ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն և կարգավորիչի հետ համատեղ մշակվել են շարքային սպառողի համար սակագնի բարձրացման չեզոքացման առաջարկներ․ «Օրերս մենք համապատասխան առաջարկը կներկայացնենք կառավարության քննարկմանը, որտեղ նախատեսված կլինի, որ շարքային սպառողի համար սակագինը կմնա անփոփոխ, իսկ տարբերությունը կփոխհատուցվի վարձակալման վճարի տեսքով, որը ընկերությունը վճարում է բյուջե»։



Նիստի ավարտից հետո «Վեոլիա ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Կրիստիան Լըֆեն րագրողների հետ զրույցում նշեց, որ «Վեոլիա ջաւր» ընկերությունը գործունեություն է ծավալում համահունչ այն պայմանագրի, որը կնքել է ՀՀ կառավարության հետ․ «Օգոստոս ամսին մենք դիմեցինք Հանրային ծառայությունները կարգավորող հանձաժողովին, սակագնի ճշգրտման հարցով, լիովին հավատարիմ մնալով մեր պայմանագրի դրույթներին։ Այս հարցը խորությամբ ուսումնասիրվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից եւ վերջինիս կողմից որոշում է կայացվել մոնիթորինգ իրականացնել, որտեղ մենք բոլորս միահամուռ ուժերով մասնակցել ենք եւ այն տեղի է ունեցել թափանցիկ ձեւով։ Այս մոնիթորինգի արդյունքներով մենք չստացանք մեր կողմից հայցած սակագնի ավելացումը, այլ ընդամենը մի մասը։ Պատճառը այն էր, որ մենք պետք է ավելի շատ կարողանայինք վաճառել ջրաքանակ, ինչը չկարողացանք անել այն ժամանակահատվածում, երբ մենք գործունեություն էինք ծավալում։ «Վեոլիա ջուր» ընկերությունը գիտակցում է, որ պետք է աշխատել այնպես, որպեսզի յուրաքանչյուր սպառող վճարի ջրաքանակի համար»։



Դիտարկմանը՝ որ «Վեոլիա ջուր» ընկերության վերաբերյալ քաղաքացիները շատ են դժգոհում, հատկապես կոյուղաջրերի մասով, Կ․ Լըֆեն պատասխանեց, որ համաձայն չէ դիտարկման հետ, որովհետեւ բոլոր այն խնդիրների մասին, որոնք բարձրաձայնում են լրագրողները կազմում է 5 տոկոսը այն ինֆորմացիայի, որոնք իրենք են ստանում․ «Այն գանգատները, որոնք ստանում ենք, մեծամասնությամբ իսկույն ուսումնասիրվում է եւ լուծում գտնվում»։



Նա նաեւ նշեց, որ ջրի ցանցում կորուստը կազմում է 73 տոկոս, որի մի մասը տեխնիկական կորուստ է։