1, թե 21 տարի. ակտիվիստները կպայքարեն Լենինգրադյան փողոցը անվանափոխելու համար

1, թե 21 տարի. ակտիվիստները կպայքարեն Լենինգրադյան փողոցը անվանափոխելու համար
Երեւանի քաղաքապետարանի «Ելք» խմբակցությունը օգոստոսի վերջին ներկայացրեց մի նախագիծ, որով առաջարկում էր Լենինգրադյան փողոցն անվանակոչել արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի անունով: Սակայն «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամները դեմ էին քվեարկել դրան և նախաձեռնությունը ստացել էր հանձնաժողովի բացասական եզրակացությունը:



Ի պատասխան Լենինգրադյան փողոցի անունը Լեոնիդ Ազգալդյանի անունով վերափոխելու նախագծին, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ասել էր, թե Երեւանն ու Սանկտ Պետերբուրգը քույր քաղաքներ են, եւ չեն պատրաստվում Լենինգրադյան փողոցն անվանակոչել:



Մինչ Ելքը կներկայացներ նման նախագիծ, 1 տարի առաջ ակտիվիստների մի խումբ ընկել էր տնետուն եւ Լենինգրադյան փողոցի բնակիչներից ստորագրություններ է հավաքում այս փողոցը Լեոնիդ Ազգալդյանի անունով անվանակոչելու օգտին։ Նրանք նույնիսկ ֆեյսբուքյան խումբ էին բացել, որտեղ իրենց խոհերն էին ներկայացնում փողոցի անվանափոխման հետ կապված։



Եվ, վաղը՝ Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան նախօրյակին, ակտիվ քաղաքացիների մի խումբ որոշել է կիսատ թողած գործին շարունակություն տալ եւ իրականացնել քայլերթ՝ ի մեծարում Լեոնիդ Ազգալդյանի։



Վաղվա միջոցառման նախաձեռնողներից Գեղամ Օհանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նոյեմբերի 21-ի քայլերթը Երեւանի ավագանու նիստից առաջ է տեղի ունենում, քանի որ նոյեմբերի 29-ի նիստում քննարկվելու է Ելք-ի նախագիծը․ «Նրանք ցանկացել են որեւիցե երկրորդական, երրորդական փողոց անվանել հերոսի անվամբ, մենք դրան դեմ ենք, ու այդ երթը նրանց համար մեսսիջ կլինի՝ հետագա անելիքները հասկանալու համար։ Արդյունք նրանց կողմից կլինի, թե ոչ՝ չեմ կարող ասել, բայց որ մենք չենք հանձնվելու, դա հաստատ կարող եմ հավաստել։ Չգիտեմ՝ կտեւի 1 տարի, թե 21 տարի, մենք պնդելու ենք, որ մեր արժանի հերոսները իրենց տեղը գտնեն մեր քաղաքում»։



Նշենք, որ նոյեմբերի 16-ին տեղի է ունեցել Երևանի ավագանու Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որի ժամանակ քննարկվել են մի շարք փողոցներ անվանակոչելու նախագծերը: Նիստը վարել է «Ելք» խմբակցության անդամ, հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը: Նախագծին միացել է նաև «Հանրապետական կուսակցություն» խմբակցությունը և համատեղ նախագիծը դրական եզրակացություն ստացել Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Հանձնաժողովը կողմ է քվեարկել նաև Ձորափի փողոցի մի հատվածը Հնդկաստանի անունով անվանակոչելուն, Սերգեյ Փարաջանովի տուն թանգարանին հարող փողոցը՝ մեծանուն ռեժիսորի անունով կոչելուն:



Նոյեմբերի 29-ի Երևանի ավագանու նիստի օրակարգում ընդգրկվել են «Ամիրյան փողոցը Վռամշապուհ արքայի անունով անվանաչելու մասին», «Լենինգրադյան փողոցը Լեոնիդ Ազգալդյանի անունով անվանակոչելու մասին», «Անաստաս Միկոյանի փողոցը Քըրք Քըրքորյանի անունով անվանակոչելու մասին», «Կասյանի փողոցը Վազգեն Առաջին Վեհափառի անունով անվանակոչելու մասին», «Ֆրունզեի փողոցը Ապրիլյան հերոսների անունով անվանակոչելու մասին» «Ելք» խմբակցության նախագծերը: