Դասադուլը ավարտվեց, իսկ պայքարը՝ ոչ․ առաջիկայում քննարկումներ են (տեսանյութ, ֆոտոշարք)

Դասադուլը ավարտվեց, իսկ պայքարը՝ ոչ․ առաջիկայում քննարկումներ են (տեսանյութ, ֆոտոշարք)
Այսօր՝ նոյեմբերի 15-ին, ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքի աղմկահարույց նախագիծը, սակայն «Հանուն գիտություն զարգացման» նախաձեռնության ակտիվիստները դեռ զենքերը վայր չեն դնում։ 6 օր շարունակ ուսանողները դասադուլ են արել, երթով գնացել համալսարանների մասնաշենքերով, կոչ արել ուսանողներին, դասախոսներին՝ միանալ իրենց։ Այդ ընթացքում նրանք հանդիպում են ունեցել վարչապետի, ԿԳ եւ պաշտպանության նախարարների հետ։ Իսկ երեկվանից ուսանողներից հինգը հացադուլ էր հայտարարել՝ փակվելով ԵՊՀ լսարաններից մեկում, երեկոյան արդեն հացադուլավորներից մեկի՝ Լևոն Չուկակլյանի, ինքնազգացողությունը վատացել էր, նրան տեղափոխել էին հիվանդանոց։ Այսօր ուսանողները շարունակեցին իրենց ակցիան արդեն Ազգային ժողովի դիմաց։



Կարճ ժամանակ անց ցուցարարներին միացան նաեւ հացադուլ հայտարարած ուսանողները։ Ցույցերը ԱԺ-ում խաղաղ չանցան, բախումներ եղան ոստիկանների հետ, որոնք ցուցարարներին 5 րոպե ժամանակ էին տվել տարածքը ազատելու համար։ «Կոչ եմ անում ազատել Բաղրամյան փողոցը, մայթը լայն է, հակառակ դեպքում բոլորիդ կարգի կհրավիրենք: Մենք մտնում ենք ձեր դրության մեջ, բայց դուք չարաշահում եք, ձեր արարքը տանում է բախման ոստիկանության հետ: Հինգ րոպե ժամանակ ենք տալիս ձեզ: Դուք կոպիտ խախտել եք «Հավաքների ազատության» մասին օրենքը 7 օր շարունակ, մենք հանդուրժողականություն ենք դրսևորել: Իսկ հիմա մայրաքաղաքի կարևոր նշանակության փողոց եք փակել, խոչընդոտում եք քաղաքացիների սահմանադրական իրավունքը: Հարգելի՛ քաղաքացինե՛ր, ուսանողնե՛ր, աղջիկնե՛ր, գիտակցելով ձեր տարիքը, մենք չենք փորձել գնալ այլ քայլերի, հինգ րոպե ժամանակ ենք տալիս ձեզ, հակառակ դեպքում ոստիկանությունը քայլերի է գնալու»,-ուսանողներին դիմելով՝ հայտարարել է Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։ Սակայն կարճ ժամանակ անց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը առաջարկեց հանդիպում ուսանողների 4-5 հոգանոց խմբի հետ։ Հանդիպումը կայացավ, մասնակցել էր նաեւ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։



Քննարկումից հետո պարզ դարձավ,որ կողմերի միջև համաձայնություն է ձեռք բերվել, որ ուսանողները դադարեցնում են հացադուլը եւ դասադուլը, քանի որ ինչպես Դավիթ Պետրոսյանն ասաց՝ ընդունվել է կլոր սեղան ձեւավորելու իրենց առաջարկը, նոյեմբերի 22-ից կձեւավորվի այդ կլոր սեղանը, որի շրջանակներում իշխանությունից ներկայացուցիչներ, ուսանողներ, գիտնականներ, դասախոսներ, մտահոգ անձինք կմասնակցեն այդ քննարկմանը, կներկայացնեն իրենց առաջարկները, կհիմնավորեն, որ չի կարելի վերացնել ակադեմիական տարկետումը։ Դավիթ Պետրոսյանն ասաց, որ ժամանակը ցույց կտա՝ կշարունակեն իրենց պայքարը, թե ոչ։ Դիտարկմանը, թե օրենքը ընդունվել է գրեթե միաձայն, ի՞նչ ակնկալիքներ կան իշխանություններից, Էդուարդ Շարմազանովը միջամտեց, որ օրենքը ընդունվել է, սակայն տարկետման հնարավորությունը ընձեռվում է կառավարության որոշումներով, եւ եթե ուսանողներին հաջողվի ապացուցել իրենց կարծիքի ճշմարտացիությունը, ապա հնարավոր են փոփոխություններ։



**Կորյուն Սիմոնյան**