«Վեոլիա ջուրն» ու նրա նախկին աշխատակիցները կհանդիպեն դատարանում

«Վեոլիա ջուրն» ու նրա նախկին աշխատակիցները կհանդիպեն դատարանում
«Վեոլիա ջուր» ընկերության Լոռու մարզային տեղամասի աշխատակիցները շարունակում են բոյկոտել եւ չընդունել նոր տնօրենին։ Օրերս տեղամաս է այցելել տեղամասի պետի ժամանակավոր պարտականություններ ստանձնած Մանանդյան Ավագը, որին աշխատակիցները չեն ընդունել։



Դատարանում 5 աշխատակիցների եւ նախկին տնօրեն Հարություն Անտոնյանի շահերը պաշտպանող փաստաբան Հակոբ Ճարոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ «Վեոլիա ջուր» ընկերության նման քաղաքականությունը ուղղված է Հարություն Անտոնյանի դեմ, քանի որ վերջինս լավ աշխատող է եւ կոռուպցիայի մեջ չի մտնում․ «Նոր տնօրենը հանդիպել է կոլեկտիվի հետ, նրանք էլ ասում են՝ մենք ունենք նամակ-խնդրանք, որտեղ հստակ գրված է՝ եկեք հանդիպենք, խնդիրները հականանք։ Իրենց կողմից ճիշտ քայլ կլինի, որ վերականգնեն 5 աշխատողներին, նաեւ Հարություն Անտոնյանին, ինչպես 19-ի դեպքում արեցին, սենց թե նենց դատարանում պարտվելու էին։ Էս մարդիկ ասում են՝ ինչու եք մեզ կանչել, ինչո՞ւ 5 հոգու չեք վերականգնել աշխատանքի։ Ատեստացիայի արդյունքում ազատվել էին, նրանց պահանջը նույնն է՝ անվավեր ճանաչել ատեստացիան եւ դրա հետեւանքով՝ ազատման հրամանը։ Նրանք ասում են, որ սա մի կոլեկտիվ է, որը շատ լավ աշխատում է եւ 2016 թ ընկել է առաջին տեղ, ասում են՝ Անտոնյանինն էլ վերականգնեք; Իրենք ամեն ինչ անում են՝ Անտոնյանից ազատվեն, ինչքան շուտ «Վեոլիա ջուր» ընկերությանը տնօրենը իրավիճակը գնահատի, գա էս կոլետիվի հետ հանդիպի եւ տեսնի՝ իրական պատճառը որն է, այդքան լավ»։



«Վեոլիա ջուր» ընկերության մամուլի խոսնակ Մուրադ Սարգսյանը ստեղծված խնդրի վերաբերյալ պարզաբանեց, որ իսկապես Լոռու տեղամասում խնդիր կա, աշխատանքային հարցերի շուրջ տարաձայնություններ են եղել․ «Մեր տնօրինությունը, հաշվի առնելով ստուգման արդյունքները, տնօրենին ազատել է աշխատանքից, որովհետեւ նա արդեն ստացել է 3 նկատողություն, իսկ միաժամանակ աշխատանքից ազատվել են 5 վերահսկողության ծառայության աշխատակիցներ, որոնք առւետրային ծառայության հետ կապ չունեն։ Պարզվել է, որ վերահսկողության 5 աշխատակիցները իրենց գործառույթները լավ չեն իրականացնում, խախտումներ են հայտնաբերվել։ Ինչ վերաբերվում է 19 անձանց, նրանք հրավիրել ենք ատեստացիայի, բայց 2 անգամ հրաժարվել են գալուց, մենք իրենց հայտարարել ենք նկատողություն, սակայն հասկանալով, որ այդ մարդիկ ոչ թե իրենք են հրաժարվել, այլ մթնոլորտն է վատառողջ, չենք ուզել կոնֆլիկտային իրավիճակ ստեղծել, չեղարկել ենք նկատողությունը։ Իսկ այդ 5 անձիք ու տնօրենը նախկին ցանկանում են դատարան դիմել, կարող են դիմել, մենք դատարանի որոշումը կհամարենք պարտադիր»։



Հիշեցնենք, որ օրերս «Վեոլիա ջուր» ընկերությունը Լոռու մարզային տեղամասի աշխատակիցներից 5-ին ազատել է աշխատանքից, 25 հոգու կանչել ատեստավորման, նրանցից 19-ը հրաժարվել է մասնակցել դրան՝ համարելով ապօրինի եւ ստացել խիստ նկատողություն։ Արդյունքում թե աշխատանքից ազատվածները, թե ատեստավորմանը չմասնակցելու համար նկատողություն ստացածները դիմել են դատարան։



Այնուհետեւ «Վեոլիա ջուր»-ը 19 աշխատակիցներին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հրամանը նոյեմբերի 8-ին ճանաչել էր անվավեր։