Միջադեպ կաթոլիկ եւ առաքելական եկեղեցու միջև. պարզաբանում է Շիրակի թեմի առաջնորդը

Միջադեպ կաթոլիկ եւ առաքելական եկեղեցու միջև. պարզաբանում է Շիրակի թեմի առաջնորդը
Կիրակի օրը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանը պետք է պատարագ մատուցեր Ամասիա համայնքի Հովտուն գյուղում: Պատարագը պլանավորվել էր դեռևս երկու շաբաթ առաջ, սակայն Միքայել սրբազանն անակնկալի էր եկել, երբ իմացել էր, որ նույն օրը եկեղեցում պատարագ է մատուցում կաթողիկե եկեղեցու քահանան: Այս իրողությունը վրդովեցրել է Շիրակի թեմի առաջնորդին, նրա համոզմամբ՝ կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչը դիտմամբ է դա արել: Իսկ ահա կաթոլիկ եկեղեցու քահանա Տեր Հովսեփը վստահեցնում է, որ տեղյակ չի եղել, թե Շիրակի թեմի առաջնորդը պատրաստվում է պատարագ մատուցել գյուղի եկեղեցում: Իրողությունը պարզելու համար hraparak.am-ը զրուցեց Գերաշնորհ Տ․ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հետ:



**-Սրբազա՛ն, կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչը վստահեցնում է, որ Ձեր այցի մասին տեղեկացված չի եղել:**



-Տեղեկացված չլինելն այլ բան է, տեղյակ չլինելը՝ բոլորովին այլ: Էդպիսի բան չկա, որ իրենք չիմանային, այն էլ այսօրվա տեխնոլոգիական դարաշրջանում: Դե որ այդպես է, նույն ձևով ես էլ տեղեկացված չեմ, որ ինքը այդ գյուղում քահանա է: Ինձ պատշաճ կերպով չեն տեղեկացրել այդ մասին: Ուրիշ հարց է, որ ինքն իմ կողմից տեղյակ չէր: Ամասիայի քահանան մի քանի անգամ գնացել է այնտեղ, նա տեղում չի եղել:



**-Առաջին անգամ է նման միջադեպ գրանցվում:**



-Ո՛չ, շատ անգամ են փորձել խոչընդոտել: Պարզապես նախորդ անգամները քայլեր են ձեռնարկել նախապատրաստական փուլում, այս անգամ վերջին պահին եղավ, ես ստիպված եղա բարձրաձայնել:



**-Ի՞նչ է կաթոլիկ եկեղեցու ուզածը, ստվերո՞ւմ թողնել առաքելական եկեղեցուն:**



-Իրենք երբեք քարոզչություն չեն իրականացրել առաքելական եկեղեցու դեմ, ուղղակի այն ժողովրդին, որ իրենցն են համարում փորձում են առանձնացնել, զատել առաքելականից: Նպատակը առաքելական եկեղեցուն շրջանցելն է, ամեն կերպ չնկատելը:



Նշենք, որ Շիրակի մարզում համեմատաբար կաթոլիկ եկեղեցու հետևորդների թիվը շատ է: Մարզի 60-ից ավելի համայնքներից 12-ը կաթողիկե համայնք են: Միքայել եպիսկոպոս Աջապահյանի խոսքերով՝ Հովտունը վիճելի համայնք է: Այստեղ կան եւ կաթոլիկներ եւ առաքելականներ: Թեև մեծամասնություն են կազմում կաթոլիկները, չի նշանակում, որ պետք է արհամարհել առաքելական եկեղեցու հետևորդներին:



**Արևիկ Հակոբյան**